ԱՆ-ն առանց պատվաստման ժամանցի վայրեր, սննդի օբյեկտներ այցելելն արգելելու նախագիծ է մշակել
Կառավարությունը, ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և առողջապահության նախարարության, նոր նախագծեր էմշակում, որով նոր սահմանափակումներ կմտցվեն՝ հույսով, որ այդպիսով հանրությունը «հոժարակամ» կպատվաստվի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ իրենց նախարարությունը երկու նախագիծ է դրել շրջանառության մեջ, որոնցով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ աշխատանքային օրենսգրքում, և դրանք արդեն տեղադրված են e-draft.am կայքում։
Նախագծերով նախատեսվում է փոփոխություն, համաձայն որի, եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդունքը հավաստող փաստաթուղթ, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին աշխատանքի անցնել։
«Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, և 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը։ Իսկ եթե դա տևում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա նույնպես գործատուն ստանում է իրավունք՝ լուծել պայմանագիրը»,-ասաց Ռուբեն Սարգսյանը՝ նշելով, որ այս նախագիծն ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն էլ ասաց, թե չի բացառվում, որ 14 օրը մեկ թեստի ներկայացման պահանջի ժամկետը ևս փոխվի, օրինակ՝ 14 օրը դառնա 10 օր կամ ավելի պակաս։
Նա նշեց, որ այլ սահմանափակումներ ևս կարող են կիրառվել, օրինակ՝ կարող է արգելվել ժամանցի վայրեր այցելել այն անձանց, որոնք պատվաստված չեն լինի, ինչն արդեն կիրառվում է այլ երկրներում։ Բայց դեռ քննարկման փուլում է։
Hraparak.am-ը նկատեց, որ մեր ձեռքի տակ արդեն կա առողջապահության նախարարության մշակած մի նախագիծ, որով հենց նմանատիպ սահմանափակումներ են նախատեսվում, ինչը չհերքեց Ռոմելլա Աբովյանը՝ նշելով, որ նախագիծը երեկ երեկոյան է մշակվել և պաշտոնապես դեռևս որևէ գերատեսչություն չի ուղարկվել՝ կարծիք ստանալու։