Վրաստանը դեմ է Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծմանը. Հարավային Կովկասի կենտրոնը կփոխվի. փորձագետ
Վրաստանի համար Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծումը բավականին վտանգավոր է։ Այս պահի դրությամբ հիմնական տրանզիտային գոտին արևմուտք-արևելք միջանցքում դա Վրաստանն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ Հրանտ Միքայելյանը։
Նրա արձանագրմամբ՝ Վրաստանով են անցնում էներգետիկ, ճանապարհային և այլ ենթակառուցվածքներ, որոնք Թուրքիան կապում են Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանի տարածքում լինի որևէ միջանցք, որը տարբեր ենթակառուցվածքներ է ընդգրկում, այլ ոչ թե միայն ավտոճանապարհ, այլև գազամուղ, նավթամուղ, ուրեմն դա կնշանակի, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են շեղել իրենց ամբողջ հոսքը դեպի Հայաստան։
«Այդ դեպքում Վրաստանը լուրջ եկամուտների կորուստ կունենա։ Այսօրվա դրությամբ Վրաստանի քաղաքական կարգավիճակը ելնում է նրանից, որ Վրաստանն անփոխարինելի է Հարավային Կովկասում: Վրաստանը միշտ միջնորդի դերում է եղել, և այս կարգավիճակը ևս կկորցնի։ Հարավային Կովկասի կենտրոնն էլ կտեղափոխվի Բաքու»,-ասաց Հրանտ Միքայելյանը՝ հավելելով, որ Վրաստանում դա շատ լավ գիտակցում են։
Փորձագետի խոսքով Վրաստանում նաև հասկանում են, որ այս գործընթացն իրենցից կախված չէ։ Եթե նույնիսկ դա տեղի ունենա, Վրաստանը փորձում է այնպես անել, որ դա իր միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունենա։ Հրանտ Միքայելյանը նշում է՝ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնաց Վրաստան, Բաթումում թուրքերի հետ ինչ-որ հանդիպում է տեղի ունեցել։
«Հայաստանի իշխանությունների կողմից Էրդողանի հետ հանդիպելու խնդրանք է հնչել։ Այսպիսով Վրաստանը որպես միջնորդ ստանձնել է իր դերը։ Վրաստանը մի կողմից դեմ է, որ միջանցքը բացվի, բայց եթե անգամ դա տեղի ունենա, ուզում է դրա ակտիվ մասնակիցը լինել»,-նշեց փորձագետը։