Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցավ հեռահար հանդիպում։ Սա երկու նախագահների միջև առաջին հանդիպումը չէր։ Բայդենի՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր երկու նախագահների առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2021թ. հունվարի 26-ին։ Մեկ այլ հեռախոսազրույց տեղի է ունեցել մի քանի ամիս անց՝ ապրիլի 13-ին, իսկ հունիսի 16-ին Ժնևում Բայդենն ու Պուտինը անձամբ էին հանդիպել ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի շրջանակներում։

Հենց այս գագաթնաժողովից հետո, Բայդենը նշել էր, որ «ոչինչ չի կարող փոխարինել ղեկավարների միջև դեմ առ դեմ հանդիպումներին»։ Իսկ նախագահների միջև վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին։

Մինչև Նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի միջև հեռահար հանդիպումը Սպիտակ տունը կազմակերպել էր հարցուպատասխան, որի ժամանակ վարչակազմի մի ավագ պաշտոնյա շեշտել էր, որ մինչ Բայդեն-Պուտին հանդիպումը, Ջո Բայդենը կխոսի Եվրոպայի իր դաշնակիցների հետ՝ համակարգելու համար այն հաղորդագրությունը, որ նա պետք է հղեր նախագահ Պուտինին՝ ապահովելու, որ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Բայդենը կմասնակցի «դաշնակցային միասնությամբ և ամուր տրանսատլանտյան համերաշխությամբ»։ Այս հանդիպմանը նախորդել էին եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ օրեր և շաբաթներ տևած ինտենսիվ դիվանագիտական աշխատանքը, ինչպես նաև ռուսների և ուկրաինացիների հետ տարբեր մակարդակներով քննարկումները։ Ավագ պաշտոնյայի պնդմամբ՝ պետքարտուղար Բլինկենն էլ պետք է քննարկում ունենար Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ մինչ Բայդեն Պուտին հանդիպումը։ Իսկ վերջինիս կհաջորդի Բայդեն-Զելենսկի խոսակցությունը։ Վարչակազմի ավագ պաշտոնյան նաև ներկայացրեց, որ Բայդեն-Պուտին հանդիպման կենտրոնական հարցերից մեկն է բարձրաձայնել Ուկրաինայում իրավիճակի էսկալացիայի հետ կապված իրենց մտահոգությունները։ «Նա [Բայդենը] կհասկացնի, որ մեծ գին պետք կլինի վճարել, եթե Ռուսաստանը որոշի գործել, բայց նաև կհասկացնի, որ դիվանագիտության միջոցով կա արդյունավետ ճանապարհ առաջընթացի համար»։



Ինչպես և հաղորդվել էր, դեկտեմբերի 6-ին Բայդենը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպայի իր գործընկերների հետ, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Ըստ Սպիտակ տան հաղորդման, «ղեկավարները քննարկել են իրենց մտահոգությունը Ուկրաինայի սահմանների շուրջ ռուսական զորքերի կուտակմանն ու Ռուսաստանի աճող խիստ հռետորաբանության հետ կապված։…Ղեկավարներն ընդգծել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ [ու] համաձայնել, որ իրենց թիմերը կլինեն կապի մեջ, ներառյալ ՆԱՏՕ գործընկերների և ԵՄ գործընկերների հետ համակարգված և համընդգրկուն դիրքորոշման համար»։ 

Նույն օրը նաև տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ, որի ընթացքում Բլինկենը «վերահաստատեց ԱՄՆ վճռական աջակցությունը Ուկրինայի ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ընդդեմ ռուսական ագրեսիայի»։ Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ էլ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հանդիպումը Ուկրաինայի ՊՆ նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ, որի ընթացքում ԱՄՆ պաշտպանության քարտուղարը ևս հաստատել էր «ԱՄՆ վճռական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»։

Այս հանդիպումից հետո, դեկտեմբերի 2-ին ԱՄՆ պաշտպանության քարտուղար Օսթինը Հարավային Կորեա իր այցի ընթացքում հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են միասին աշխատել «հարցերն ու մտահոգությունները լուծելու և   տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»։ Հարցին, թե արդյոք Ռուսաստանի վրա ազդեցությունը խիստ տնտեսական կլինի, Օսթինը հրաժարվեց ուղղակիորեն պատասխանել՝ ասելով միայն, որ կկիրառվեն «լավագույն մեթոդները»: «Ինչ էլ որ մենք անենք, անելու ենք որպես միջազգային հանրության մաս: Այնուամենայնիվ, լավագույն դեպքում մենք չենք տեսնի Խորհրդային Միության ներխուժումը Ուկրաինա»,-ասաց Օսթինը` պատահաբար Ռուսաստանը անվանելով նախկին Խորհրդային Միություն:

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Բայդենի և Պուտինի միջև հեռահար հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկեցին օրակարգային մի շարք հարցեր։ Սպիտակ տան հաղորդմամբ «Բայդենը բարձրաձայնեց ԱՄՆ-ի և Եվրոպայի գործընկերների լուրջ մտահոգությունը կապված Ուկրաինայի շուրջ ռուսական զորքերի էսկալացիայի հետ և հստակեցրեց, որ ռազմական էսկալացիայի պարագայում [ԱՄՆ] դաշնակիցները կարձագանքեն կոշտ տնտեսական պատժամիջոցներով և այլ միջոցներով»։ Քննարկման առարկա դարձան նաև «ռազմավարական կայունությունը, առանձին երկխոսությունը «ransomware»-ի մասին, ինչպես նաև համատեղ աշխատանքը այնպիսի տարածաշրջանային հարցերի շուրջ ինչպիսի է Իրանը»։ 

Պուտինի հետ զրույցից հետո նախագահ Բայդենը ներկայացրեց հեռահար հանդիպման մանրամասները Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Մերկելին, Իտալիայի վարչապետ Դրագին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնին։ 

Ըստ էության, ԱՄՆ նախագահ Բայդենն ու ՌԴ նախագահ Պուտինը մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո մնացին իրենց նույն դիրքորոշմանը։ Մինչ նախագահների մակարդակով հանդիպումը տեղի էին ունեցել հանդիպումներ և քննարկումներ այլ պաշտոնյաների միջև, մասնավորապես՝ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում հանդիպել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում: Պետքարտուղարը վերահաստատել էր Ռուսաստանին ուղղված ԱՄՆ կոչը՝ ետ քաշել իր ուժերը և վերադառնալ խաղաղ ժամանակաշրջանի դիրքերին ու հավատարիմ մնալ Մինսկի պայմանավորվածություններին և  հրադադարին Դոնբասում։

Պետքարտուղարը հստակեցրեց, որ եթե Մոսկվան ընտրի ռազմական էսկալացիայի ուղին, ապա Միացյալ Նահանգները և իրենց դաշնակիցները պատրաստ են ստիպել մեծ գին վճարել։ Մեկ այլ բարձրաստիճան հանդիպում տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ՝ քննարկելով մի շարք հարցեր երկկողմ օրակարգում, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային անհանգստություն աջացնող հարցեր «անկեղծ և կառուցողական միջավայրում»։

Այսպիսով, չնայած նախագահների և այլ պաշտոնյաների մակարդակով տեղի ունեցած հանդիպումներին, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ առաջընթաց այդպես էլ չգրանցվեց։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն