Սա Արցախի լինել-չլինելու հարցն է․ պայքարելու ենք, որ նախկինների պրոտեժեները չգան իշխանության
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին օրերի ընթացքում իրականացրել է կադրային հերթական փոփոխությունները, որոնց մասին Արցախի ղեկավարը ավելի վաղ ազդարարել էր։ Նա մասնավորապես նշել էր, որ նշանակվելու են կադրեր, որոնք պետք է ընտրվեն մասնագիտական պատրաստվածության, այլ ոչ թե քաղաքական կամ կուսակցական պատկանելության սկզբունքով։ Ի դեպ՝ այս փոփոխությունները նաև ուշագրավ են երկրում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացի համատեքստում։ Հնչում են նաև տեսակետներ, թե կադրային փոփոխությունների մարտավարությամբ Արայիկ Հարությունյանը փորձում է ամրացնել իր դիրքերը՝ թե Սահմանադրության փոփոխության արդեն մեկնարկած գործընթացին ընդառաջ, և թե քաղաքական իշխանության համար գալիք պայքարում
Ընգծենք նաև, որ արդեն տևական ժամանակ է արտախորհրդարանական մի շարք ուժեր պահանջներ էին ներկայացրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և կադրային փոփոխություններ իրականացնելը այդ պահանջների թվում էր։
«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե սահմանադրական փոփոխությունները որևէ կապ չունեն կադրային փոփոխությունների հետ․«Սահմանադրական փոփոխությունների հետ կապված կա հստակ ընթացակարգ, այն ժամանակատար է, կարող է ամիսներ տևել։Հազիվ տարվա վերջ հասցնենք սահմանադրական փոփոխություն անել։ Եթե տեղյակ եք՝ մենք դեռ ամռանը Արայիկ Հարությունյանին պահանջների փաթեթ էինք ներկայացրել և ցավոք սրտի նա կրկին խաբեց ու այս փոփոխությունները կազմում են այդ պահանջների հինգ տոկոսը։ Նա ստիպված է գնում այս կադրային փոփոխություններին, որ ասի, թե ինչ-որ բան անում է»։
Պետրոսյանի դիտարկմամբ՝ այս պահին պետք է ինչքան հնարավոր է շատ փոփոխություններ արվեն, դաշտում պետք է ներգրավվեն ընդդիմադիր գործիչներ, որպեսզի կոռուպցիոն դրսևորումները կանգ առնեն․«Մինչև որ սահմանադրական փոփոխություններ կարվեն, նոր ընտրություններ կլինեն ու հուսով եմ նաև վերջ կտրվի նաև այս իշխանությունների պաշտոնավարմանը»։
Տիգրան Պետրոսյանը գտնում է, որ առայժմ պետք է կենտրոնանալ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու վրա, որին կհաջորդեն խորհրդարանական ընտրությունները և նոր հետագայում՝ նախագահական․«Այդ պատճառով ես համարում եմ, որ ինչքան հնարավոր է շատ կադրային փոփոխություններ պետք է արվեն, գործադիր իշխանության մեջ պետք է ներգրավեն ընդդիմադիր մարդիկ, ովքեր կեղտոտված չեն, կոռուպցիայի մեջ թաթախված չեն՝ մինչև որ հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել ու ազատվել այս իշխանություններից»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշում է, որ Արայիկ Հարությունյանը կադրային փոփոխություններ ստիպված է կատարում, բայց նաև չի ցանկանում ընդդիմադիրներին ներգրավվել․«Երբ ամռանը այստեղ ցույցեր էին անում ու պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նա աթոռը կորցնում էր, շատ վախեցած էր, այդ ֆոնին նա մեր պահանջներին համաձայնեց։ Իսկ այդ պահանջների մեջ փաթեթ կար՝ կիսել գործադիր իշխանությունը, այսինքն այնտեղ ստեղծել հակաբևեռ՝ կոռուպցիայից ազատվելու համար։Նա ամբողջությամբ համաձայնեց, ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանք կտարվի։ Բայց ամիսներ հետո պատճառներ բերեց, թե պետք է անցնի 44 օրյա պատերազմի տարելիցը, ձգձգեց ամիսներով, որպեսզի ժողովրդի մեջ բորբոքված վիճակը հանդարտվի, վերջում փաստորեն մեկը կոնկրետ ինձ խաբեց։ Իսկ այս պահին արվող փոփոխությունները մեր պահանջների 5-10 տոկոսն էլ չեն կազմում։ Բայց ինչքան շատ փոփոխություններ արվեն՝ այնքան ավելի մեծ օգուտ մեր պետությանը»,-նշեց նա։
Տիգրան Պետրոսյանը նաև վստահ չէ, որ Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխություններից հետո չի առաջադրվի․«Նրա հետ 3-4 ամիս բանակցություններ եմ տարել։ Ես ամբողջությամբ անկեղծ եմ եղել ու կարծում եմ, որ իմ պահանջները միտված են եղել երկրի բարելավմանը։ Մտածում էի՝ ինքն էլ գիտակցեց իր սխալները, որոնք արել էր պատերազմից առաջ, ընթացքում և հետո։ Քանի որ ինքս անկեղծ եմ, համարում էի, որ ինքն էլ էր անկեղծ։ Բայց պարզվեց, որ շատ էժանագին խաբեությամբ ժամանակ է ձգում։ Ուստի այս պահին չեմ կարող ասել՝ արդյոք նրա խոսքերին կարելի է հավատալ։ Բայց մի հստակ բան ասեմ՝ շատ մարդիկ կան, որ պատրաստ են ամեն գնով չթողնել, որպեսզի այս համակարգի մարդիկ վերընտրվեն։ Կլինի դա Արայիկ Հարությունյանը կամ այլ պաշտոնյա։ Եթե այս համակարգից որևէ մեկը պետք է ընտրվի, որևէ բան չի փոխվելու։ Ընդդիմանում ենք համակարգի դեմ, ոչ թե անձի»։
Եզրափակելով մեր զրուցակիցն ասաց․«Այստեղ մարդիկ իրենց ընդդիմություն են հռչակում, որոնք Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի ժամանակ շատ լավ էին իրենց զգում, ծպտուն չէին հանում, համագործակցում էին, իսկ Արայիկ Հարությունյանի օրոք ընդդիմություն են դառել։ Դա ծիծաղելի է։Իսկական ընդդիմությունն այն է, որը դիմադրում է համակարգին, ոչ անձին։ Հավատացնում եմ՝ նման մարդիկ կան։ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ համակարգի մարդիկ ու նրանց պրոտեժեները չգան իշխանության։ Սա Արցախի լինել-չլինելու հարցն է»։
Լուսանկարը՝ Photolure-ի
1in.am