Թեթևացնել հայրենադարձների հոգսը. Հայաստանում գործելու է ինտեգրման կենտրոն
Սպասարկում՝ մեկ պատուհանից, ավելի շատ ծառայությունների հասանելիություն. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բարձրացնում է հայրենադարձների հետ աշխատանքի արդյունավետությունը: Այդ նպատակով հանձնակատարի գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանում բացելու Հայրենադարձների ինտեգրման կենտրոն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայրենադարձների ինտեգրման կենտրոն»-ի ստեղծման ծրագրի համակարգող Մարգարիտա Բաղդասարյանը նշեց, որ ոչ միայն մեկ աղբյուրից է աշխատանք տարվելու հայրենադարձների հետ, այլև ծառայությունների շրջանակն է ընդլայնվելու:
«Ուսումնասիրել ենք միջազգային, հատկապես Իսրայելի փորձը: Իրենք շատ հաջողված նման ծրագիր ունեն: Իրենց փորձի հիման վրա մենք ստեղծեցինք մեր ծրագիրը: Բոլոր այն հարցերը, որոնք կապված են լինելու հայրենադարձության հետ, ինտեգրման կենտրոնը պետք է լուծում տա, գործնական աջակցություն ցուցաբերի՝ փաստաթղթավորում, կացության կարգավիճակ, քաղաքացիության ստացում, անձնական բեռի տեղափոխում, կրթություն և այլն»,-ասաց Մարգարիտա Բաղդասարյանը:
Ըստ էության՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այսօր էլ կատարում է նման գործառույթ: Ինչո՞վ է տարբերվելու Հայրենադարձների ինտեգրման կենտրոնը: Մարգարիտա Բաղդասարյանի խոսքով, նախ կենտրոնի միջոցով հնարավոր է լինելու ընդլայնել աշխատանքի ծավալը, նոր ծառայություններ են ավելանալու, անվճար դասընթացներ, ֆորումներ են կազմակերպվելու, որ կարողանան հայրենադարձներն աշխատանք գտնել: Այսինքն՝ կենտրոնի աշխատակիցը Հայաստան տեղափոխվող անձի հետ աշխատելու է, նրա գործը վարելու է, խնդիրները կարգավորելու է մինչև նրա գալը:
Կենտրոնը կատարելու է նաև հայրենադարձների տվյալների թվայնացում: Գույքագրվելու են բոլոր խնդիրները, դրանցից ելնելով ներկայացվելու են առաջարկություններ տարբեր գործընթացները դյուրացնելու, հայրենադարձներին հասանելի դարձնելու համար:
Մոտակա ժամանակահատվածում կհստակեցվեն կենտրոնի և մյուս գերատեսչությունների հետ աշխատանքը: Կենտրոնը գործելու է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, տարածքի հարցն արդեն հստակեցված է: Առաջիկայում նախատեսված են վերանորոգման, կահավորման աշխատանքներ: Նախնական տվյալներով մի քանի ամսից այն լիարժեք կսկսի գործել:
Մարգարիտա Բաղդասարյանը նկատեց, որ շատ են Հայաստան տեղափոխվելու հարցերով հետաքրքրվողները: Վերջին տարիներին նրանք հիմնականում Լիբանանից են, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից: Տարեկան 3 հազար դիմում է լինում:
Armenpress.am