«Ճիշտ պլանավորման և պրոֆեսիոնալ կադրերի խնդիր ունենք». Ինչու են կապիտալ ծախսերը մոտ կիսով չափ թերակատարվել
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Կարեն Սարգսյանը
Պարոն Սարգսյան, այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջեի կապիտալ ծախսերը կազմել են 37,2 միլիարդ դրամ և կատարվել են 55 %-ով, ինչը շատ ցածր ցուցանիշ է: Ինչո՞վ է պայմանավորված այս թերակատարմումը:
Նախանցած տարվանից նկատվում է կապիտալ ծախսերի թերակատարում, որը մի քանի պատճառ ունի: Նախ, այն ծրագրերը, որոնք կապված են միջազգային վարկային միջոցների ներգրավման հետ, այդ միջոցների հատկացումը երբեմն ուշանում է, դրա համար պլանավորված կապիտալ ծախսերն են թերակատարվում: Այսինքն ոչ թե կոնկրետ գումարը կա, ծախսը չի արվում, այլ վարկային ծրագիր է, և ծախսը պետք է իրականացվի վարկային միջոցների հաշվին: Ես կոնկրետ ծրագրերը մոնիտորինգ չեմ արել, բայց օրինակ, «Հյուսիս հարավի» գծով, քանի որ այն վարկային ծրագրով է, միգուցե պլանավորված է այս տարի ավելի շատ աշխատանքներ անել, բայց այդ միջոցները դեռևս չկան, որ կարողանան տարբեր տեղերում սկսել: Երկրորդ պատճառն այն է, որ հնարավոր է՝ տարվա կտրվածքով, եթե առաջին եռամսյակում թերակատարում է նկատվում, մյուս եռամսյակում տեղը կլրացվի: Այդ գործընթացը մրցութային կարգով է լինում, իսկ այդ մրցույթների միջին տևողությունը, որպես կանոն, մոտ 90 օր է: Այսինքն մինչև պայմանագիր կնքեն, աշխատանքը սկսել, կատարողականը ներկայացնել, որոշակի ժամանակ է անցնում, հետևաբար հնարավոր է՝ առաջին եռամսյակում կապիտալ ծախսերն ավելի քիչ երևան, քան տարվա կտրվածքով: Եթե մենք ունենայինք տարվա կտրվածքով պատկերը, ավելի ակնառու կերևային թերակատարման պատճառները: Նաև պատճառ կարող է լինել բյուջեի պլանավորման գերագնահատումը, այսինքն ավելի շատ պլանավորել են, քան ֆիզիկապես հնարավոր է իրականացնել: Ի վերջո, հարցը միայն գումարի հատկացումը չէ, այլ նաև կազմակերպելը, հետևողական վերահսկելը: Որոշակի վարչական ռեսուրսներ պետք է ծախսեն այդ կապիտալ ծախսերի իրականացման համար, որը փաստացի հնարավոր է՝ առկա չէ:
Իհարկե, աշխարհաքաղաքական այս զարգացումները ևս որոշակի գուցե ազդեցություն են թողել կապիտալ ծախսերի վրա: Քանի որ նաև տնտեսական աճի ցուցանիշը որոշ ճյուղերում այնդքան բարձր չի եղել, օրինակ, արդյունաբերությունում, սակայն ծառայությունների ոլորտում բավականին բարձր տնտեսական աճ է գրանցվել, և մենք տեսնում ենք, որ ապրիլի վերջի դրությամբ բավական բարձր տնտեսական աճ էր գրանցվել: Հետևաբար, սա միգուցե կառավարությանը լավատեսություն է ներշնչել, և կապիտալ ծախսերի կատարման հարցում շտապողականություն չեն ցուցաբերել:
Այս ամենն ավելի արդյունավետ չէր կարելի՞ կազմակերպել, այնպիսի հաշվարկներ անել, որ նման թերակատարում տեղի չունենար: Սա ավելի շատ պայմանավորված ոչ կոմպետենտ աշխատանքո՞վ:
Իհարկե, կարելի էր ավելի արդյունավետ կազմակերպել և ավելի իրատեսական: Հնարավոր էր նույնիսկ ըստ եռամսյակների այնպես կազմակերպել, որ նախօրոք դու իմանայիր, որ իմ նշած պատճառներով հնարավոր է առաջին եռամսյակում կապիտալ ծախսերի մի մասը չիրականանա, և այդ ծախսերը ավելի շատ պլանավորվեին 2-րդ, 3-րդ, 4-րդ կիսամյակներին: Այսինքն բյուջետային ճիշտ պլանավորման խնդիր ունենք նաև: Նախորդ տարիների փորձից ելնելով պետք էր ավելի ճշգրիտ ու իրատեսական պլանավորում իրականացնել, ոչ թե բաշխել գումարը, հետո չիրականացնել: Դու պետք է իմանայիր, որ հնարավոր է՝ այդ գումարներն ուշանան: Այսինքն եթե հունվարին մրցույթ է հայտարարվում, իսկ միցութային գործընթացիմ միջին տևողությունը 90 օր է, ապա արդեն առաջին եռանսյակում չենք հասցնում կապիտալ ծախսն իրականացնել: Հետևաբար, պետք էր առաջին եռամսյակի համար ավելի քիչ կապիտալ ծախս նախատեսել՝ հաշվի առնելով այդ գործոնը: Կամ գուցե պետք էր պահուստային միջոցներից գումար հատկացնել, հետո միջազգային վարկային միջոցներից լրացնել այդ բացը:
Վարչապետը հանձնարարել է, որ յուրաքանչյուր գերատեսչություն այսուհետ ներկայացնի, թե ինչու է թերակատարում տեղի ունեցել և ինչպես ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը:Կարծում եք՝ նախարարությունների ավելորդ լավատեսության արդյունքում է այս վիճակը ստեղծվե՞լ:
Թե ավելորդ լավատեսության, թե ոչ ճիշտ կառավարման արդյունքում է այս վիճակը ստեղծվել: Ես արդեն նշեցի, որ հարցը միայն գումարը ստանալն ու ծախսելը չէ, այդ գումարը ծախսելը պետք է ունենա հստակ ուղղվածություն, հստակ ընթացակարգեր, որ կազմակերպվի օրենսդրության շրջանակներում: Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ, վարչարարական ապարատ է պետք, որ այս աշխատանքները պատշաճ իրականացնի: Այսինքն այստեղ նաև կադրային խնդիր կա: Իրոք առաջին անգամ չէ, որ այս հարցի մասին նշվում է: