Ռևիզիոնիստական քաղաքականությունը ձախողվելու է. Հունաստանի ԱԳ նախարարը ուղերձը քարտեզները վերաձևել ցանկացողներին
Մենք Հունաստանում բազմիցս ընդգծել ենք, որ աջակցում ենք բոլոր պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, որը վերաբերում է նաև բարեկամ Հայաստանին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։
«Մենք հավատում ենք սահմանների անձեռնմխելիությանը, և ես նկատի ունեմ այն միջադեպերը, որոնք տեղի ունեցան ընդամենը մի քանի օր առաջ՝ ադրբեջանական զինուժի կողմից հայկական տարածքի, այդ թվում՝ բնակեցված տարածքների գնդակոծությունից հետո»,- ասել է նա։
Հունաստանի ԱԳ նախարարը ցիտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը նախօրեին ասել է, որ խստորեն դատապարտում է բռնությունը և կոչ է անում խաղաղություն հաստատել և վերսկսել բանակցությունները։
«Ես այստեղ եմ՝ համերաշխություն հայտնելու Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին։ Երկու երկրների պատմական հարաբերությունները գալիս են դարերի խորքից։ Հունաստանի հայկական համայնքը ամուր կապող օղակ է»,- նշել է նա։
Քարտեզները վերաձևել ցանկացող 2 երկրներին ուղղված ուղերձում Նիկոս Դենդիասը ասել է. «Ռևիզիոնիստական քաղաքականությունը ձախողվելու է: Մեկ այլ ռեվիզիոնիստական տերություն՝ Թուրքիան, փորձում է օգտվել վերջին ցնցումներից՝ խաթարելու խաղաղությունն ու կայունությունը, լինի դա Կովկասում, թե Էգեյան տարածաշրջանում», — ասել է նա:
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության գնալ միջազգային իրավունքի հիման վրա, բայց նաև պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը։ Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ պաշտպանելու մեր երկիրը և մեր իրավունքները»,- ասել է արտգործնախարարը։
Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների մասին՝ Դենդիասը նշել է․ «Լեռնային Ղարաբաղի հարցում Հունաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղ, փոխընդունելի լուծման հասնելուն»։
«Այս առումով ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախությունը, որն առաջարկում է նոր մոտեցում այս տարածաշրջանի ապագայի համար։ Բայց լուծումներ ու խաղաղություն չի կարելի կառուցել, երբ կա ուժի սպառնալիք։ Դա վերաբերում է Կովկասին, դա վերաբերում է աշխարհին»,- հայտարարել է ԱԳ նախարարը։
Նա նաև շեշտել է, որ հումանիտար հարցերը պետք է անհապաղ լուծվեն, և պետք է հարգվի միջազգային մարդասիրական իրավունքը ։