Ճանապարհների ապաշրջափակման հարցում Հայաստանի արտգործնախարարը լավատես է
Բաքվի հետագա ագրեսիան կանխարգելելու համար արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևոր է համարում սահմանային դիտարկան մեխանիզմների գործարկումը։ Այս մասին Միրզոյանը հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել է նաև Հայաստանի տարաքծից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրս բերման անհրաժեշտության ու գերիների վերադարձի մասին։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, Արարատ Միրզոյանն ասել է, որ որոշակի լավատեսություն ունի այս հարցում։
ԵՄ դիտորդների ներկայությունը թերևս կկանխի ադրբեջանական հետագա ագրեսիան, Նորվեգիայի իր պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։
«Մեր ակնկալիքներն են , որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա և այդ փաստերը կվկայեն, որ Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և կա ադրբեջանական զորքերի ներթափանցում, ներխուժում ՀՀ-յան միջազգայնորեն ճանաչված տարածք՝ համապատասխանում են իրականաությանը։ Բայց նաև այս առաքելությանը վերագրենք հետագա նոր ագրեսիայի, հարձակումների կանխման կարևոր առաքելություն։ Հույս ունեմ, որ ԵՄ-ից եկող այս առաքելությունը դերակատարում կունենան այս հարցում»:
ՀՀ արտգործնախարարը նաև ասել է, որ քննարկվում է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածում ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը։ Նա ասել է, որ շատ մոտ ապագայում այս հարցում հստակություն կլինի:
ՀԱՊԿ դիտորդների մասով էլ արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է կազմակերպությանը, և նրանց նախնական դիտորդական խումբը եկել ու զեկույց է պատրաստել, և այն ներկայացվել է ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններին
«Քարտուղարությունն այժմ զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։ Քննարկումներ կան, որոշում չկա։ Պետք է խորհրդի նիստ տեղի ունենա։ Մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները»։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն էլ վերահաստատել, որ Նորվեգիան պատրաստակամ է, աջակցելու Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում։
«Նորվեգիան ԵՄ անդամ չէ, սակայն շատ ակտիվ ենք ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում»։
Լրագրողների հարցերին ի պատասխան Արարատ Միրզոյանը ասել է նաև, որ հայ-ադրբեջանական բանակցություններում Բաքվի ներկայացուցիչները չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, որոնք կիրառվել են Լաչինի միջանցքի դեպքում։
Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու կարգավիճակի հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել:
«Բոլոր ճանապարհները պետք է գործեն, այդ թվում՝ գործող և ենթադրաբար նոր կառուցվելիքները։ Կգործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքներով անցնում են: Այս առումով իմ սուբեկտիվ ընկալմամբ առաջընթաց կա և ես լավատես եմ, որ բանակցությունները առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել»:
Հայաստանի արտգործնախարարը նաև վերահաստատել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներում հայկական կողմի մտադրությունը հստակ է՝ կայուն խաղաղության հաստատում։ Սակայն, ըստ Արարատ Միրզոյանի՝ Բաքուն ակնհայտ առավելապաշտական կեցվածք և ուժի սպառնալիքով հարցեր լուծելու մտադրութուն է դրսևորում։ Դա, ըստ արտգործնախարարի՝ չի նպաստում խաղաղ գործընթացին։
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին ի պատասխան՝ Միրզոյանը վստահեցրել է, որ շահագրգռված է երկխոսության հաջող ավարտով, սակայն հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն ու լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ։