Հայաստանի պատմության թանգարանում դրամագետ Արմինե Զոհրաբյանն ուսումնասիրում է «հին փողերի» տեսակները։ Նշում է, որ դրանցից շատերը կարևոր նմուշներ են միջազգային աճուրդներում: Նույն աճուրդներում օտարերկրյա մրցակիցների հետ պայքարում է փարիզաբնակ փաստաբան Ռոյ Առաքելյանը: Նա չի բացառում, որ իր ձեռք բերած հայկական դրամները մի օր կարող են վերադառնալ հայրենիք:

«Հայկական դրամների նկատմամբ հետաքրքրությունը միշտ էլ չափազանց մեծ է եղել: Բոլոր դրամական խմբերի մեջ դրանք միանգամից առանձնանում են իրենց ինքնատիպությամբ և պատկերագրությամբ»։ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող, դրամագետ Արմինե Զոհրաբյանն ասում է՝ որևէ այլ աղբյուր պատմության մասին այնքան ճշգրիտ տեղեկություն չի հաղորդում, որքան դրամը։ Շփոթել հայոց արքաների հատած դրամները օտար նմուշների հետ հնարավոր չէ։

«Հայկական արտաշեսյան դրամները ճանաչելի են շնորհիվ հայկական թագի։ Դա միանգամից նրանց առանձնացնում է անտիկ մյուս դրամներից։ Իսկ միջնադարյան դրամների մեջ կիլիկյան դրամներնառաջին հերթին առանձնանում են նրանով, որ հայատառ են, և 2-րդ, որ դրամաթողարկման որոշակի ստանդարտին հետևող թագավորության հատածն են։ Հակառակ կողմում միշտ պատկերվել է առյուծ, որն ինքնատիպ զինանշանի նշանակություն է ունեցել։ Գրություններն էլ սովորական չեն, մեզ համար ինքնության առումով շատ արժեքավոր գրություններ են, որովհետև նշվում է «Թագավոր հայոց»։ Հաշվի առնենք, որ Կիլիկիան մեր հայկական լեռնաշխարհի մաս չի կազմել՝ օտարության մեջ ստեղծված պետություն է, բայց թագավորը կոչվել է «Թագավոր հայոց»»։

Հին վճարամիջոցը դրամագետի ձեռքում սկսում է «խոսել», երբ բացի գրություններից ու պատկերներից, հայտնի է դառնում, թե որ տեղանքից է այն հայտնաբերվել և ինչ առարկաների հետ:



Այն կարող է հուշել՝ կոնկրետ վայրում հայտնվել է առևտրի՞, թե՞ այլ պատճառներից ելնելով:

«Եթե խոսենք Սասանյան ժամանակաշրջանի մասին, ապա այստեղ գրեթե չեն գտնվում այն թագավորների դրամները, որոնց օրոք Հայաստանը ոտքի է ելել Պարսկաստանի դեմ։ Ինչո՞ւ, որովհետև շատ հաճախ օտար երկրների, օտար հարևանների դրամները այստեղ հայտնվել են նրանց ռազմատենչ քաղաքականության արդյունքում»։

Հայաստանի պատմության թանգարանիայս տարվա ցուցադրություններից  մեկը նվիրված էր Արտաշատ մայրաքաղաքին ։ Գտածոների թվում էին հնավայրում հայտնաբերված շուրջ 150 նմուշ մետաղադրամներ, որոնք թանգարանը հավաքել է 50 տարվա ընթացքում։ Կառույցի գիտաշխատողի գնահատմամբ՝ թիվը մեծ չէ, բայց տարածաշրջանում շատ քիչ հուշարձաններ կան, որտեղից գտնված դրամները լինեն այդքան բազմազան։



«Նույնը վերաբերում է Դվին մայրաքաղաքին։ Էլի, յուրաքանչյուր տարի կարող է 1 տասնյակի չափ Դվինից դրամ գալ , երբեմն 2 տասնյակի, բայց այս ամբողջ տարիների ընթացքում արդեն մի քանի 100 հատ դրամ Դվինից հավաքվել է, և մենք կարող ենք խոսել այդ քաղաքի տնտեսության, դրամական շրջանառության մասին»։

-Մեզ համար նախաքրիստոնեական ժամանակաշրջանի արժեքավոր նմուշ է Անահիտ դիցուհու արձանը, որը գտնվում է Բրիտանական թանգարանում։Մենք դրամի մասով օտարերկրյա թանգարաններում գտնվող ինչ–որ բացառիկ նմուշ ունե՞նք, որը կցանկանայինք այստեղ լիներ,- հեղինակ/ հարցնում եմ զրուցակցիս:

«Մեր թանգարանի հավաքածուն շատ հարուստ է։ Ինչ վերաբերում է այլ թանգարաններին, չմոռանանք, որ մենք պետություն ունենք 1918թ.-ից։ Հնագիտության, և հատկապես դրամների նկատմամբ հետաքրքրությունը ծագել է դեռևս Վերածննդի շրջանում։ 18-19–րդ դարերում այստեղ եկան շատ եվրոպացիներ, որոնք բավականին շատ հանում էին և տանում էին։

«Այսօր շատ մեծ թվով աճուրդներ կան, որտեղ դրամներ են վաճառում, այդ թվում՝ հայկական դրամներ։ Բայց դրամների մի խումբ կա՝ արտաշեսյան դրամների, որոնք չափազանց հետաքրքիր են,և կարող են առաջ տանել ուսումնասիրությունն այդ ոլորտում։ Ցավոք, դրանց զգալի մասը դրսի աճուրդներում է հայտնվում»։



Դրսի աճուրդներում հայկական դրամների հայտնվելուն ամենայն ուշադրությամբ հետևում է փարիզաբնակ փաստաբան Ռոյ Առաքելյանը: Բացի իրավաբանությունից, նա հետաքրքրվում է պատմական գիտություններով, անկախ հետազոտող է և հավաքորդ:

Աճուրդներից ձեռք է բերում հայոց տիրակալների հատած դրամներ, հին Ավետարաններ, ուրարտական գոտիներ, հմայիլներ: Հավաքածուի իրերի ընդհանուր թիվը 300-ն է:

«Արտաշեսյան դրամները ունիմ ես, անոր վրա կժողվեմ։Անշուշտ, Տիգրան Մեծի դրամները ունիմ։ Արտաշես առաջինեն մինչև Էրատո դրամները ունիմ, վերիվար ժողված եմ։ Այստեղ շատ աղվոր թանգարան մը ունիք, բայց Փարիզի մեջ թանգարան, դժբախտաբար, չունինք։ Թանգարան մը կար հայկական, բայց 20 տարի եղավ, փակեցին։ Խորհեցեք՝ Ֆրանսիայի մեջ 500 հազար հայ կա, և մեկ հատ մը շնորհքով թանգարան մը չունինք։ Քիչ մարդ գիտե Ֆրանսիային մեջ մեր հին պատմությունը, անիգա կուզեմ թանգարանի մեջ ցույց տալ և պատմել»։

Կոլեկցիոները պատմում է, որ միջազգային աճուրդներում հայկական ծագմամբ պատմական իրերի համար պայքար մեծամասամբ ընթանում է օտարերկրացիների հետ։



Ինչ-որ պահի կարո՞ղ եք որոշել Ձեր հավաքածուն նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ հարցնում եմ զրուցակցիս:

«Անպայման, ըսածիս պես Ֆրանսիայի մեջ թանգարան մը չկրնամ ընել, անպայման ամբողջ անոնք Հայաստան ետ պիտի դառնան»։

Փարիզաբնակ փաստաբանն անկեղծանում է՝ սակարկությունների ընթացքում իրեն հետ չի պահում հին հայկական դրամների գնի բազմապատկվելը: Աճուրդների ժամանակ ցանկալի լոտը չկորցնելու համար սակարկություններին ներգրավում է նաև հայ ընկերոջը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն