ԵՄ դիտորդական առաքելությունը փորձում է հասնել Լաչինի միջանցք
Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման հարցը ԵԽԽՎ-ում կքննարկվի հրատապ կարգով։ Քննարկումը նախատեսված է վաղը՝ հունիսի 22-ին։ Հարցը ԵԽԽՎ օրակարգում ընդգրկվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Սա եվրոպական կառույցների՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող միակ նախաձեռնությունը չէ։ Եվրոպական Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի երևանյան այցի շրջանակում հայտնի դարձավ նոր նախաձեռնության մասին։ ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկության նոր ուղղություն է ծրագրել, ինչի մասին տեղեկացրել է թվիթերյան հաղորդագրությամբ։
ԵՄ-ն Լաչինի միջանցքի ուղղությամբ պարեկություն է ծրագրում․ այս տեղեկությունը հայտնի է դարձել ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքէջում տեղադրված գրառումից։ Կառույցը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն և SEDE-ի պատվիրակությունը Սիսիանի օդանավակայանում կմիանան ԵՄ մոնիտորինգային թիմին՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ ծրագրվող պարեկության համար:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշում է՝ ԵՄ դիտորդներն իրենք պետք է բացատրեն, թե ինչ է սա նշանակում, որովհետև Լաչինի միջանցքի պարեկությունը, ըստ գործունեության հայտարարված ուղղությունների, առաքելության իրավասության շրջանակներում չէ։ Նրանց տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է և Հայաստանի տարածքից։ Գրառումը կարիք ունի բացատրության․ սա պարզապես ձևակերպում էր, որի նրբություններին դիտորդներն այդքան էլ ուշադրություն չեն դարձրե՞լ, թե՞ ինչ–որ նոր հնարավորություն կամ հեռանկարներ։ Քանի դեռ չկա հավելյալ պարզաբանում համապատասխան կառույցի կողմից, վերլուծաբանները առաջնորդվում են ենթադրություններով․
«Եթե անմիջականորեն հենց միջանցքի պարեկության մասին է խոսքը, ապա դա կարող է տեղի ունենալ միայն Բաքվի հետ համաձայնեցված լինելու պարագայում։ Այդ դեպքում արդյո՞ք դա նշանակում է, որ եվրոպական դիտորդները հատելու են Լաչինի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետը, որովհետև առանց դրա նրանք չեն կարող հայտնվել Լաչինի միջանցքում։ Սա նշանակում է, որ փաստացի ստեղծվում է նախադեպ, երբ Բաքվի համաձայնությամբ եվրոպական քաղաքացիական նախաձեռնությունը կարող է հատել այդ անցակետը և հայտնվել Արցախի ճանապարհին, ընդ որում՝ շրջապատված Արցախի ճանապարհին։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի համաձայնության դեպքում ռուս խաղաղապահները կարող են խոչընդոտել եվրոպացիների դիտորդների մուտքը կամ անցումն այդ անցակետով։ Բայց սա ուղղակի ենթադրություն է, որը բխում է դիտորդական առաքելության գրառումից»։
Զարգացումների նման հնարավորությունը հավանական է, քանի որ մոտ երկու շաբաթ առաջ Երևանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը խոսում էր ԵՄ առաքելության՝ Ադրբեջանի հետ համագործակցելու հեռանկարի մասին։
«Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը տեղի է ունենում ոչ միայն անձնակազմի միջոցով, այլ նաև 3 կոնկրետ ուղղություններով։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմում նմանատիպ առաքելության հիմնմանը, ապա պետք է ասեմ, որ այստեղ ամենևին էլ լավատեսական ազդակներ չենք ստացել ադրբեջանական կողմից։ Համարում ենք, որ խաղաղության և կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է և Ադրբեջանը նույնպես պետք է մասնակից դառնա համընդհանուր տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության կայունացմանը։ Սա առաջարկ է, որ մենք ներկայացնում ենք կողմերին և սպասում նրանց պատասխանին»։
«Լաչինի միջանցքի ուղղությամբ» ձևակերպումը կարող է նաև նշանակել դիտարկում Հայաստանի տարածքից։ Սա արդեն քաղաքացիական դիտորդների սովորական պարեկությունն է, որը նրանք արել և անում են Հայաստանի տարբեր տարածքներում։ Եթե սկզբում եվրոպացի դիտորդների ներկայությունը հայկական կողմում ընկալվում էր որպես ապահովության լրացուցիչ երաշխիք, ապա սահմանային սադրանքների աճին զուգահեռ ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին առնչվող նոր հարցեր են առաջանում։
«Առայժմ մենք տեսնում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը բավական լուռ է աշխատում։ Առայսօր չենք տեսել հասցեական դատապարտում ադրբեջանական սադրանքների։ Մեծ հաշվով այստեղ ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը շոշափելի անորոշությամբ է պատված։ Ասում են, որ դեռ լիարժեքորեն չի ծավալվել այդ առաքելությունը, հարց է առաջանում, թե ինչո՞ւ լիարժեք չի ծավալվել, ինչո՞ւ է դանդաղում ընդամենը 200 դիտրդի այդ լիարժեք ծավալումը։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք պատասխանները երևի թե թվացյալ տեխնիկական լինելուց զատ, իրականում քաղաքական դաշտում են»։
Լաչինի ուղղությունից բացի, ավելի վաղ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել էր, որ նախատեսում են առաջիկա ամիսներին հիմնել ևս երեք լրացուցիչ դաշտային գրասենյակ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։
Քաղաքական, ավելի ճիշտ՝ պաշտոնական դաշտում Երևանը բազմիցս հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելության զեկույցները Հայաստանին հասանելի չեն։ Դրա մասին խոսել են թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը, թե նրա տեղակալ Պարույր Հովհաննիսյանը․
«Զեկույցը մեզ հասանելի չէ այնքանով, որքանով, որ զեկույցը ի սկզբանե հրապարակային չէ, սա ԵՄ մի ինստիտուտի՝ տվյալ դեպքում ԵՄ դիտորդական առաքելության հաշվետվությունն է իրենց վերադաս մարմինների ղեկավար մարմիններին»։
«Դիտորդները չեն կարող որևէ արձագանք տալ։ Իրենց դերակատարումն է պարբերաբար պատրաստել զեկույցներ Բրյուսելի և անդամ–պետությունների համար, պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածները։ Իրենց ներկայությունը անգամ արդեն իսկ ներդրում է իրավիճակին՝ իրավիճակը բարելավելու առումով։ Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ տեղում և այդ առումով ներկայացչությունը ամբողջությամբ կատարում է իր վրա դրված մանդատը։ Իհարկե, ոչ մեկը որևէ կասկած չուներ, որ որոշակի սադրանքներ կլինեն և դրանք մենք տեսնում ենք, սակայն, այս պահին մենք կարող ենք դրական գնահատել առաքելության գործունեությունը»։
Հակոբ Բադալյանը համոզված է, որ պաշտոնական Երևանը կարող է և պետք է որոշակի պարզաբանումների ակնկալիք ունենա ԵՄ դիտորդական առաքելությունից այնպես, ինչպես փորձում է պարզաբանումներ ստանալ ՀԱՊԿ–ից։
«Բնականաբար, Հայաստանը իրավասու է արդյունավետության հարցում որոշակի հաշվետվություն ակնկալել ինչպես ՀԱՊԿ–ից, այնպես էլ ԵՄ դիտորդական առաքելությունից։ Իհարկե, Հայաստանը ինքն է որպես այլընտրանքային միջոց ակնկալել այդ եվրոպական մասնակցությունը, թեպետ սա չի նշանակում, որ մենք պետք է սա ընդունենք որպես լավություն և ավելորդ հարցեր չտանք, որովհետև եվրոպացիները եկել են, որովհետև դա բխել է նաև իրենց շահերից և պատկերացումներից։ Հայաստանի խնդիրն է պատասխանատվության հարցը ամբորջապես, լիարժեք և հնարավորինս հասցեական և առարկայական բարձրացնել բոլոր այն դերակատարների առաջ, որոնք այստեղ ունեն հավակնություններ և որոնք խոսում են Հայաստան–Ադրբեջան հակամարտության կարգավորմանը հանձնառու լինելու, խաղաղությանը, կայունությանը նպաստելու պատրաստակամության մասին։ Դա է նաև անվտանգության գրավական, որպեսզի մեկը մյուսին պատասխանատվության տակ թողնելու հաշվին չխուսանավի սեփական պատասխանատվությունից»։
Ասում է՝ այս ամենի կողքին պետք չէ մոռանալ՝ չափազանց առանցքային է, որ Հայաստանը լիարժեք և աներկբա օգտագործի սեփական պատասխանատվության ներուժը սեփական անվտանգության խնդիրների համար, քանի որ տարբեր առաքելությունները հավանական օգուտների հետ կարող են առաջացնել նաև չնախատեսված բարդություններ։ Այդպիսի զարգացումներ կարող են լինել նաև Լաչինի միջանցքի ուղղությամբ, որի պատասխանատուն, ըստ 2020 թվականի նյոյեմբերի 9–ի փաստաթղթի, Ռուսաստանի Դաշնությունն է։