Բողոքի ակցիան պետք է լինի Հակարիի կամրջի մոտ․ փորձագետ
Արցախի նախագահն ու ԱԺ նախագահը միացել են Արցախի Վերածննդի հրապարակում սկսված նստացույցին։ «Սա իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտավորություններին ուղղված ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել», — իր քայլն այսպես է հիմնավորել Արայիկ Հարությունյանը:
Ծայրահեղ քայլի նպատակն, ըստ Արցախի նախագահի, միջազգային հանրության ուշադրությունը Արցախում ստեղծված իրավիճակի վրա հրավիրելն է և գործուն քայլերի դրդելը։ Միջազգային դերակատարներն Արցախի իշխանությունների ծայրահեղ քայլին դեռ չեն արձագանքել, գնահատականները միանշանակ չեն փորձագիտական շրջանակներում։
Կոչ միջազգային հանրությանը, Հայաստանի ու Սփյուռքի հայությանը․ արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի կարծիքով՝ Արցախի նախագահի նստացույցն ու այդ քայլին գնալու հիմնավորումները մի քանի հասցեատեր ունեն։ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կարևոր դերակատարում ստանձնած կողմ է, և Արցախում ակնկալում են, որ պետք է իրականացնի անվտանգության երաշխավորի իր գործառույթը։ Համայն հայությունից ակնկալում են բողոքի խաղաղ ակցիաներ տարբեր երկրներում գործող ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց՝ 120 հազար բնակչության անվտանգության երաշխիքների պահանջով։
«Այնպես չէ, որ մենք 100% կարող ենք վստահ ասել, որ այդ գործողությունները, խաղաղ ակցիաները, ցույցերը մեզ տալու են այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք, բայց, այնուամենայնիվ, պետք է իրացնենք այդ հնարավորությունը, և եթե կա գոնե մի քիչ հավանականություն, որ դրա միջոցով կարող ենք մի բան փոխել, ուրեմն պետք է գնանք դրան»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նստացույց են սկսել։ Ուղերձով հիմնավորելով իր քայլը՝ Արցախի նախագահը հայտարարել է՝ շրջափակման ողջ ընթացքում ի իշխանությունները հույս են ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կկանխեն հումանիտար աղետի հետագա խորացումը, սակայն լսել են միայն բարի խոսքեր, բայց ականատես չեն եղել ոչ եռակողմ հայտարարության, ոչ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի, ոչ ՄԻԵԴ-ի որոշումների, ոչ էլ միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների եւ այլ դերակատարների կոչերի գործնական կատարման։
Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միազգային իրավակարգի հոգեվարքը՝ ասել է Արցախի նախագահը, հստակեցնելով, որ ողջունում է զանգվածային ակցիաների կազմակերպումը և ծայրահեղ միջոցի է դիմում։
«Վստահ եմ, որ տարբեր երկրներում նստացույցերի, բողոքի ու իրազեկման այլ զանգվածային արշավների միջոցով հնարավոր է շոշափելի արդյունք ապահովել այս պայքարում։ Միջազգային հանրությունը պետք է զգա հայ ժողովրդի վճռական կամքն ու սատարումը Արցախին, քանի որ Արցախի հայկական ու արժանապատիվ ապագայի բանալին հենց հայ ժողովրդի ձեռքում է։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և Արցախում, և դրանից դուրս։ Պահը օրհասական է»։
Թե ինչ քայլեր են նախատեսվում հաջորդիվ, Ժիրայր Ազիզյանը չի մանրամասնում, կարծում է, որ այդ որոշումը պետք է կոնսենսուսային լինի։
«Կարծում եմ, որ իրականում այդքան էլ նպատակահարմար չէ հանրայնացնել։ Ես ունեմ իմ պատկերացումները, որոնք կարող են իրականության հետ կապ չունենալ, կարող է Արցախի իշխանությունները տարբեր մոտեցումներ ունենան, Արցախի ժողովուրդը տարբեր մոտեցումներ ունենա, սակայն, կարծում եմ, պետք է այս առումով հավաքական, կոնսենսուսային մի որոշում ընդունվի»։
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը համոզված է, որ Արցախում սկսված նստացույցը գործնական արդյունքների չի հանգեցնի․ միջազգային ատյաններն արդեն վճիռներ կայացրել են, կոչերը հնչել են։ Կարծում է՝ բողոքի ակցիան ավելի արդյունավետ կլիներ ոչ թե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, այլ Հակարիի կամրջի մոտ։
«Գործելու միակ տարբերակն այսօր Հակարիի կամրջի մոտ գնալն է՝ խաղաղ ակցիայով, հնարավորինս բազմամարդ, տեղում ադրբեջանցիներին արցախցիների պահանջները ներկայացնելը։ Սա պետք է լինի շատ լայն լուսաբանումով, առաջին հերթին միջազգային ԶԼՄ-ների ներկայությամբ , որպեսզի այն միջազգային հանրությունը, որին արցախցիները, մենք այդքան ապավինում ենք, հասկանա, թե ինչ է այդտեղ կատարվում։ Այդ դեպքում Ալիևը կանգնելու է երկընտրանքի առջև՝ կամ կրակում է խաղաղ բնակչության վրա ողջ միջազգային հանրության լայվում, կամ բացում է միջանցքը»։
Մինչ Արցախում ակցիաները թափ են հավաքում, սոցցանցերում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում, թե իբր Ակնայից (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։
Արցախի ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա տրանսպորտային որևէ միջոց չի անցել, առավել ևս՝ հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։ Նախարարությունը կոչ է անում բնակիչներին տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտող ու զրպարտիչ գործողություններից։
Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի կարծիքով՝ նման տեղեկությունների տարածումը Արցախում խուճապ առաջացնելու և իրավիճակն էլ ավելի ապակայունացնելուն ուղղված քայլ է։