Ինչպես ՀՀ մի շարք բնակավայրերում, Կապանում նույնպես ժամանակավոր բնակություն են հաստատել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ։ Սյունիքի մեր թղթակից Արմեն Դավթյանը տեղեկացնում է, որ այժմ նրանց տեղավորել են հյուրատներում և հյուրանոցներում, բայց Կապանի համայնքապետարանն արդեն հաշվառել է համայնքում ազատ բնակֆոնդը, որոնց սեփականատերերը համաձայնել են իրենց տները տրամադրել արցախցիներին։

«Երբ որ սկսվեց պատերազմը կեսօրից հետո, երեխեքս շկոլում էին։ Ահավոր էր, գոռում էի՝ ասում էի մամա՝ երեխաներս։ Երեխեքս էս պադվալից էն պադվալը, կիսուրս կրակոցների տակ բոլոր պադվալները մտավ, որ երեխեքին ճարի տուն բերի»։

Ասկերանից տեղահանված Անուշ Գաբրիելյանը Կապանի հյուրանոցներից մեկում հիշում է իր և իր ընտանիքի ապրած սարսափելի օրերը։ Սեպտեմբերի 19-ին Ասկերանի վարչական ղեկավարը կանչում է նրանց, տեղեկացնում, որ պատերազմ է, հրահանգում է մնալ ապաստարաններում։ Մեկ օր հետո Անուշենց ընտանիքը շարժվում է դեպի օդանավակայան։ Ասում է՝ տեղեկություններ էին տարածվել, որ այդտեղ ապահով է, և ռուսները կպահեն իրենց։ 5 օր մնացել են օդանավակայանում․

«Ռուսները քիչ ու միչ թեթևակի երեխաներին ճաշ էին տալիս։ Տենց չեն մեզ նայել։ Մետլախների վրա էինք քնում։ Մի ադյալ էինք փռում, պառկում։ Նայում էի շուրջդ լացդ գալիս էր՝ բոլորը հողերի վրա։ Ասում էին ապահով պահում ենք ձեզ։ Ինչ պայմաններ էին։ Մենք հարցրինք՝  կարան՞ք գնանք Ասկերան՝ ասին մենք գարանտիա չենք տալիս»։

Ավտոբուսով հասնում են Հակարիի կամուրջ․ թվում էր՝ սարսափը մնացել է հետևում, բայց այստեղ էլ Անուշը հերթական սթրեսն է ապրում։ Ամուսնուն և բոլոր տղամարդկանց ավտոբուսից իջեցնում են․

«Տղամարդկանց ուրիշ սարքով էին անցկացնում, որ տեսնեն մոտները ինչ կա, զե՞նք կա դանա՞կ կա։ Հետո բարձրացան ավտոբուս՝ կանանց էին հարցնում՝ քանի երեխա ունեն, ինչ են ուզում։ Երբ որ հասանք հայկական զորքերի մոտ, մեզ ուրախությամբ դիմավորեցին, երեխաներին քաղցր տվեցին, երեխաները անչափ ուրախացան»։

Կոռնիձորում հաշվառվելուց հետո, նրանց տանում են Գորիսի պետական թատրոնի շենք, որտեղ Անուշ Գաբրիելյանի ընտանիքին կեցության տեղ են առաջարկում․ ցանկացել են Գորիսում մնալ, բայց տեղ չի եղել, ու առաջարկել են մեկնել Կապան։ Կապանում ժամանակավոր բնակվելու ցանկություն է հայտնել նաև Ասկերանից տեղահանված Նարինե Դանիելյանի ընտանիքը։ Պատմում է՝ երկհարկանի մեծ տուն են ունցել, բայց առաջին հարկում էին մնում։ Ասում է՝ ամեն օրը վախով էին լուսացնում․ ամեն ձայնից վեր էին թռչում։ Երբ հայտարարեցին տարհանում է՝ մի քանի հագուստ վերցնելով ավտոբուսով հասել են Հակարի։

Նարինե Դանիելյան․ «Շատ վախեցած էինք։ Ճիշտ է, ավոտբուսի մեջ իրենց ավելորդություն թույլ չտվեցին։ Բայց դրսում նողկալի ծիծաղում էին։ Ասում էին մենք մեր ուզածը արեցինք՝ հանեցինք Ղարաբաղից ձեզ; Շատ ուրախ էին, նկարում էին բոլորիս, մենք լացում էինք, իրանք ուրախանում»։

Սեպտեմբերի 25-ի լուսադեմին Կապանի բոլոր հյուրանոցների տնօրեններին տագնապով կանչում են համայնքապետարան, հանձնարարում՝ գույքագրել հնարավոր ազատ սենյակները՝ Արցախից տեղահանվածներին տրամադրելու համար։

Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյան․ «Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, կառավարության համապատասխան որոշմամբ, Կապանի Սյունիք բնակավայրում բացվել է ընդունման հավաքակայան՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և տեղաբաշխելու՝ ըստ բանակության վայրերի։ Ստեղծված է աշխատանքային խումբ, ընդգրկված է համայնքապետարանի ողջ կազմը, աշխատում ենք 24 ժամյա ռեժիմով»։

Հյուրանոցներից բացի Կապան համայնքում հաշվառվել և շարունակում են հաշվառել ազատ բնակֆոնդը, ասում է Գոռ Թադևոսյանը․ «Կհաշվառվեն, որից հետո կտեղաբաշխեն այն բնակավայրերում, որոնք նախապես հաշվառվել են։ Այսիքն՝ քարտեզագրել ենք համայնքում առկա ազատ բնակֆոնդը, որի սեփականատերերը իրենց համաձայնությունը տվել են, որպեսզի այդտեղ ապրեն արցախցիները՝ տարբեր պայմաններով։ Հաշվառվել են նաև այն շենք–շինությունները, որտեղ հնարավոր է մարդկանց պահել ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն