Կկանոնակարգվի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնց արտանետումները քայքայում են օզոնային շերտը. նախագիծ
Կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկում «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում: Նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Նախագծով առաջարկվում են օզոնային շերտը քայքայող նյութերի օգտագործման բնագավառում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի և հաշվառման մատյանի ձևի հաստատման լիազորությունները:
«Տնտեսվարողների համար սահմանվում է պարտականություն էլեկտրոնային եղանակով լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հոսակորուստների հայտնաբերումից հետո դրանց վերացման պարտականությունները»,- ասաց նա:
Ըստ նախարարի տեղակալի՝ փաթեթի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական և Եվրոպական միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցումը, որը Հայաստանը ստանձնել է ՀՀ և ԵՄ ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի, դրանց անդամ պետությունների միջև 2017-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:
Հիմնական զեկուցող Արեն Մկրտչյանը հավելեց, որ օզոնային շերտի քայքայումը գլոբալ տաքացման հիմնախնդրի առանցքային գործոններից մեկն է, իսկ գլոբալ տաքացումը բերում է գյուղատնտեսական հողերի անապատացման, աղակալման, ֆիզիկամեխանիկական կազմի փոփոխությունների, ինչը գլոբալ տաքացման ու կլիմայական փոփոխությունների տեմպերի պարագայում կարող է ազգային անվտանգության խնդիր ստեղծել:
«Այս կարգավորմամբ փորձում ենք կանոնակարգել գործունեությունն այն ձեռնարկությունների, որոնց գործունեության արդյունքում առաջացած արտանետումները բերում են օզոնային շերտի քայքայումների»,- ասաց պատգամավորը: