Բանակցային սեղանը «կիսողները» շատ են, երաշխավորներ չկան
Հերթական ու արտահերթ նիստերի օրակարգերը սպառելուց հետո խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփել են աշխատանքի արդյունքները: Հիմնական քննարկումը, սակայն, ծավալվել է գլխավոր հարցի՝ Ադրբեջանի հետ քննարկվող «Խաղաղության պայմանագրի» ստորագրման շուրջ:
Խորհրդարանական մեծամասնությունը հույս ունի, որ մինչև տարեվերջ պայմանագիրը կստորագրվի, ընդդիմադիրների հույսերը, ընդհակառակը, կապված են փաստաթուղթը չստորագրելու հեռանկարի հետ:
17 օրում դեռ կարելի է շատ բան հասցնել՝ կարծում է իշխանությունը: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն իրատեսական են համարում Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրի» կնքումը մինչև տարեվերջ: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի պատասխանը ավելի քան հստակ է՝ Հայաստանը պատրաստ է:
«Եթե այն բոլոր սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանը բարձրացնում է ու որոնց շուրջ եղել է համաձայնություն, վերահաստատվեն ու տեղ գտնեն Խաղաղության համաձայնագրում, ապա դրանից հետո փաստաթղթի ստորագրումն արդեն տեխնիկայի հարց է: Բայց թե գործնականում ինչպես կդասավորվեն հանգամանքները, պետք է սպասել»:
Խանդանյանը հավելում է՝ հայկական կողմի համար կարևոր են նաև վերջին խմբագրումները, որոնք առաջարկների 6-րդ շրջափուլով փոխանցվեցին Բաքվին: Դրանց պատասխանը դեռ չի ստացվել:
«Խաղաղության պայմանագրի» մշակվող տարբերակներից ոչ մեկն ընդդիմությունը չի տեսել: Սակայն դա չի խանգարում, օրինակ, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին պնդել՝ պայմանագրի շուտափույթ ստորագրումը կնշանակի, որ հայկական կողմը նորից զիջումների է գնացել: Համոզված է, որ փաստաթղթում լինելու են լղոզված ձևակերպումներ, որոնց յուրովի մեկնաբանությունը նոր պատերազմի հիմք է դառնալու: Ավելի պարզ՝ չի հավատում, որ «Խաղաղության պայմանագիրը» տարածաշրջանին խաղաղություն կբերի:
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ մնացած 17 օրվա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի կամ գոնե հույս ունեմ: Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալուց առաջ պետք է լինի այդ համաձայնության ապահովման երաշխիքը, երաշխիքների ինստիտուտ, որովհետև եթե նայենք մինչև Փաշինյանը բանակցվող փաստաթղթերում կար այդ երաշխիքների ինստիտուտը: Այստեղ չկա: Ադրբեջանը պահանջում է տետատետ բանակցություններ նաև որպեսզի չլինի երաշխիք, որպեսզի ցանկանա խոսքը ցանկացած ձևով շրջել և որևէ մեկը չկարողանա իրեն պարտադրել ստորագրած պարտավորությունը կատարել»:
Այս մտավախությունը ունի նաև ընդդիմադիր մեկ այլ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
«Ես՝ որպես սահմանամերձ շրջանի բնակիչ, այս մոլորակի վրա ամենաշատն եմ ուզում, որ մենք հաստատենք խաղաղություն և ապրենք իրապես խաղաղության մթնոլորտում: Բայց իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այնքան մենք ավելի շատ ենք ստանում ագրեսիա թշնամու կողմից: Ես Վարդենիսում շատ հաճախ լսում եմ կրակոցներ, նույնիսկ դրանք անվանում եմ «Խաղաղության կրակոցներ» և այդ «Խաղաղության կրակոցներ»-ի տակ գիշերում է սահմանամերձ շրջանի բնակչության մեծամասնությունը: Հաշվի առնելով այս իրողությունը՝ ես ուղղակի չեմ հավատում այդ խաղաղությանը: Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում: Եվ ես չեմ հավատում, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո անգամ դա կպահպանվի, որովհետև մենք դրա փորձը ունենք»:
Հայաստանի վարչապետը բազմիցս և՛ այս տարի, և՛ նախորդ տարի կրկնել է՝ «Խաղաղության պայմանագիրը» պետք է միջազգային երաշխավոր ունենա: Սա ասելով՝ հայկական կողմը կոնկրետ երկիր նկատի չունի: Դիտարկվում են ինչպես տարբեր երկրներ, այնպես էլ՝ միջազգային կազմակերպություններ, անգամ «բանակցություններում երաշխավորի ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ ևս առաջարկվել են»՝ այս տարվա մայիսին՝ ասուլիսի ժամանակ, պարզաբանեց Փաշինյանը և բացահայտեց. «Այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և իրար հերթ չտալով՝ ուզում են այդ դերը ստանձնել»:
Մինչդեռ բանակցային սեղանն իրենց կողմը քաշելու ցանկություն ունեցողները շատ են: Վաշինգտոնը դեռ սպասում է իր առաջարկի իրագործմանը՝ արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համար, Բրյուսելում ակնկալում են տեսնել Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին, իսկ Մոսկվան պնդում է՝ պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած ձևաչափով ցանկացած հանդիպում կազմակերպել: Եթե առաջին երկու տարբերակները վերջին շրջանում Ալիևը մի քանի անգամ արդեն մերժել է, ապա Մոսկվայի առաջարկին շտապել է համաձայնել և այժմ սպասում են հայկական կողմի պատասխանին: Այս դեպքում, սակայն, Հայաստանը առաջնորդվելու է բանակցային գործընթացի տրամաբանությամբ՝ պարզաբանում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
«Բանակցությունների հարթակներ փոխելը Ադրբեջանի կողմից գուցե մարտավարություն է բանակցություններից խուսափելու համար: Սա է պատճառը, որ մենք ուզում ենք, որ բանակցությունների տրամաբանությունը շարունակական լինի: Արդեն որոշակի գործընթաց է տեղի ունեցել և այդ տրամաբանության շարունակականության ապահովումը շատ կարևոր է՝ այն սկզբունքային հարցերի շուրջ, որոնք նախորդիվ քննարկվել են: Մասնավորապես, Վաշինգտոնում և Բրյուսելում համաձայնեցվել են սկզբունքային հարցերը ակնկալվելիք համաձայնագրի շուրջ: Շատ կարևոր է, որ այս գործընթացը շարունակվի և կրկին բանակցությունները հետ չվերադառնան զրոյական կետ ու նորից սկզբունքային հարցերի շուրջ քննարկումներ սկսվեն»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը չի ընդունում մեղադրանքները, թե այդպիսի կեցվածքով Հայաստանը, ստացվում է, դուրս է մղում Ռուսաստանը տարածաշրջանից և միջնորդների շրջանից:
«Գոյություն ուներ նոյեմբերի 9-ի հայտարարություն: Հողի վրա ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ և, ըստ էության, թե՛ վստահությունը, թե՛ տրամադրվածությունը բխում են իրողություններից: Ցանկացած կողմի նկատմամբ վստահության չափաբաժինը ձևավորվում է նախորդիվ տեղի ունեցած պայմանավորվածությունների պահպանմամբ: Որևէ մեկին դուրս մղելու, որևէ մեկի նկատմամբ կոնկրետ քաղաքականություն վարելու որևէ հիմք չկա: ՀՀ-ն ելնում է իր սեփական շահերից: Հայաստանի համար գոյություն ունեն սկզբունքներ, որոնցից մենք չենք շեղվելու»:
Որքան էլ իշխանությունը պնդում է, որ գնում է Ադրբեջանի հետ խաղաղության, խորհրդարանական ընդդիմությունը միևնույնն է, պնդում է՝ Արցախի հարցը դեռ փակված չէ, և Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխան տա իր վայրագությունների համար: