Մինչև տարեվերջ Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կստորագրեն ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին վերջին համաձայնագիրը։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է Իրանի տնտեսական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։

Ի՞նչ կշահի Հայաստանը Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրից։ Տնտեսական օգուտներից բացի՝ ըստ մասնագետների, Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կուժեղացնի հյուսիս-հարավ ռազմավարական գործընկերությունը՝  ամրապնդելով Ռուսաստան-Հայաստան-Իրան գոտին, ինչը կբարձրացնի տնտեսական անվտանգությունը։ 

Թեև Հայաստանը Իրանի հետ ունի բավական խորը կապեր, բայց տնտեսական առումով իրանական կողմն այնքան էլ շահագրգռված չի եղել Հայաստանին տրամադրել ազատ առևտրի գոտու հնարավորություն՝ պայմանավորված մեր շուկայի փոքր լինելու հանգամանքով՝ նկատում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«ԵԱՏՄ-ի դեպքում Հայաստանն արդեն գտնվում է 150 մլն-ոց շուկայի կազմում և իրանական կողմի համար դա բավականին գրավիչ և տնտեսապես շահութաբեր գործարք է»։

Գործարքն անցել է դժվար փուլերով։ Բանակցություններն ընթացել են Հայաստանում, Ռուսաստանում և Իրանում։ Կողմերից յուրաքանչյուրը փորձում էր ստանալ այս կամ այն ապրանքի մասով մաքսային արտոնություններ՝ միաժամանակ պաշտպանելով իր ներքին շուկան։ 2018-ին ստորագրվել էր ժամանակավոր համաձայնագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար։ Այդ ընթացքում էլ կողմերը համաձայնության են եկել երկար ժամանակի համար նախատեսված ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։

Հենց այդ համաձայնությունը փաստող պայմանագիրն էլ կստորագրվի դեկտեմբերի 25-ին։ Իրանի տնտեսական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին հայտնել է, որ փաստաթուղթը կստորագրվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Իրանի արտահանման ներուժին նվիրված ցուցահանդեսից հետո կայացած մամուլի ասուլիսում Սաֆարին նաև հայտարարել է, որ աշխատանքները կսկսվեն Հայաստանից։

Տնտեսագետ Աշոտ Թավադյանը նկատում է՝ ցանկացած նման համաձայնության մեջ, կան ռիսկեր և հնարավորություններ։ Պետք է հասկանալ՝ օգուտնե՞րն են ավելի շատ, թե՞ ռիսկերը։

«Այս պարագայում Հայաստանն իհարկե կշահի, որովհետև Իրանը Ռուսաստան պետք է դուրս գա կամ Կասպից ծովով, կամ ցամաքային ճանապարհով ՀՀ-ի միջոցով։ Եվ այս պարագայում, քանի որ ՀՀ-ի միջով առևտրաշրջանառությունը մեծանալու է, սա դրական էֆեկտ կարող է հանդիսանալ Հայաստանի համար։ Այն կարող է նաև որոշակի խթան լինել հետագայում, ասենք, Լարսի խնդիրը լուծելու համար, որովհետև այստեղ շահագրգիռ կողմերի քանակությունը մեծանալու է և դրա մեջ նաև մտնելու է Իրանի Իսլամական Հանրապետությունը»։   

Այս պահին Իրանի հետ հիմնական առևտրաշրջանառությունը գազ՝ հոսանքի դիմաց ձևաչափն է՝ նկատում է Աշոտ Թավադյանը։ Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ այլ ապրանքներ մեր երկրների միջև չեն հոսում, քանի որ Իրանի տնտեսական քաղաքականության արդյունքում դժվար է հայկական արտադրանքի մուտքն Իրան։ Վերջերս քայլեր կատարվել են, որոնք հնարավորություն կտան հայկական ապրանքների լայն ներկայացվածություն այդ շուկայում։ Իրան-ԵԱՏՄ ԱԱԳ համաձայնագիրն էլ այդ շարքի կարևոր քայլերից է։ Այս համաձայնագիրը վերահսկում է սակագնային, ոչ սակագնային այն խոչընդոտները, որոնք սահմանված չեն կողմերի միջև։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի շուկան ինչքան դիվերսիֆիկացված լինի, այնքան լավ, որովհետև այս պահին մեր ընդհանուր արտահանման 55 տոկոսը գնում է ԵԱՏՄ։ Մեր արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 3.5 անգամ աճել է»։ 

Ու թեպետ աճը հիմնականում քանակական է, բայց այն ստիպելու է նաև կենտրոնանալ որակի վրա՝ ասում է Թավադյանը։

Տնտեսագետները նկատում են, որ հայկական կողմի համար հետաքրքիր էր արտոնություններ ստանալ այն ապրանքների համար, որոնք հիմա արտահանվում են ԻԻՀ։ Դրանցից են, օրինակ, տավարի միսը, հանքային ջուրը, դեղամիջոցները, տրիկոտաժը և այլն։ Տնտեսագետների խոսքով՝ հայկական կողմն ու ԵԱՏՄ-ն պայմանավորվածություն ունեն մի շարք ապրանքատեսակների մասով  մաքսատուրքերը սառեցնելու մասին։ Իրանական կողմն էլ իր հերթին է ստանալու մաքսային արտոնություններ մի շարք ապրանքատեսակների գծով, օրինակ՝ բանջարեղենի, լոլիկի, կաղամբի, վարունգի և այլն։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է, որ այդ ապրանքների մուտքը ԵԱՏՄ կարող է մրցակցային խնդիրներ առաջացնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրողների համար, այդ թվում՝ Հայաստանի։

«Մենք, սահմանակից լինելով, Իրանի հետ պետք է հնարավորինս պաշտպանենք մեր ներքին արտադրողներին և այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է այսօրվանից սկսենք մեր գյուղմթերքներ արտադրողների նկատմամբ որոշակի միջոցառումներ՝ աջակցենք, որ նրանք դառնան մրցունակ։ Կարողանանք այս իրավիճակից տնտեսական էֆեկտներ ունենալ»։

Պարսյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի համար շահավետ է նաև այն հանգամանքով, որ մենք հնարավորություն ունենք մեր տեղական ապրանքներն արտահանելու ԵՄ երկրներ և ԱՄՆ ցածր մաքսատուրքերով, իսկ նման արտոնություն չունի ԵԱՏՄ անդամ որևէ երկիր, հետևաբար իրանական ընկերությունները կարող են Հայաստանում վերամշակող ընկերություններ հիմնել և իրենց բանջարեղենը վերամշակելոց հետո արտահանել այդ երկրներ։

«Այսինքն, մենք հնարավորություն ունենք դառնալ իրական կամուրջ ԵԱՏՄ-ի, Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև։ Այս իրավիճակում մենք պետք է ունենանք հստակ քաղաքականություն և այս երկար սպասված համաձայնագրից օգտվելը պետք է դառնա մեր կառավարության առաջնահերթ օրակարգերից մեկը»։

2018 թ.-ի մայիսին ԵԱՏՄ Աստանայի տնտեսական գագաթաժողովի ընթացքում կնքվել էր ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման նախնական համաձայնագիրը՝ գործողության եռամյա ժամկետով, որի ընթացքում էլ կողմերը լիարժեք պայմանագրի կնքման հարցի շուրջ պետք է գային համաձայնության։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն