«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են ՀՀ նախագահի կողմից: Այժմ անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի ՀՀ վարչապետը: Այդ մասին նախագիծն Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

«Նախագծերով առաջարկվող փոփոխությունների համատեքստում ծառայության տնօրենի և նրա տեղակալների պաշտոնները չեն համարվելու զինվորական ծառայության պաշտոններ և չեն մտնելու ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոնների մեջ:

Ծառայության տնօրենին պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը, տնօրենի տեղակալներին պաշտոնին նշանակելու է և ազատելու է վարչապետը` ծառայության տնօրենի առաջարկությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ԱԱԾ մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք, ԱԱԾ առաքելության, գործառույթների և նպատակների պատշաճ իրականացումն ապահովելու համար հստակեցվել է նաև, որ ԱԱԾ տնօրենի և տեղակալների` զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորություն է տրվելու»,- ասաց Արմենուհի Հարությունյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ տնօրեն նշանակելիս զինվորական կոչումը և սպայի կարգավիճակի պահանջը հանելը խնդիր չի՞ առաջացնի, քանի որ ԱԱԾ-ն զուտ հանրային ծառայություն մատուցող կառույց չէ: Արթուր Խաչատրյանը միջազգային փորձը մեջբերեց՝ նշելով, որ նման պաշտոնյաներն ավելի շատ քաղաքական պատասխանատվություն են կրում:

«Կարծում եմ` որևէ խնդիր չի առաջանա, որ նրանք ուսադիր չեն կրում»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ կարգավորումը բխում է միջազգային ակտերից, և այս նախագծով համապատասխանեցվում է օրենքի պահանջին:

Ամփոփիչ ելույթի ժամանակ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրեց՝ պետական կառավարման համակարգի մասին օրենքն ուժի մեջ է մտել 2019-ին, համաձայն որի՝ վարչապետին ենթակա մարմիններն են ԱԱԾ-ն, Պետական վերահսկողական ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը: Այդ ծառայությունների պետերին և տեղակալներին արդեն իսկ նշանակում է վարչապետը՝ բացի ԱԱԾ-ից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն