««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանը և Անուշ Քլոյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հիմնական զեկուցող Արփինե Դավոյանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի մասը փոփոխվում է, և ուժի մեջ մտնելու ժամկետը դարձել  է 2024 թվականի հունվարի 1-ը, ինչի արդյունքում վերոնշյալ գործառույթների իրականացումը վերապահվում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Արփինե Դավոյանի խոսքով՝ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»:

«Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերի վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ընդգծել է համահեղինակը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` որպես անկախ ու ապակուսակցական մարմին, շարունակի իրականացնել իրեն վերապահված վերահսկողությունը:

«Ինչո՞ւ գործառույթը չի վստահվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»,- հետաքրքրվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը տեղեկացրել է, որ նախաձեռնության վերաբերյալ դրական դիրքորոշում է ներկայացրել ԿԿՀ-ն: Պատգամավորը նշել է, որ վերջնական եզրակացությունը կայացվել է ընդհանուր քննարկման արդյունքում:

Գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, կարևորելով ժամկետի երկարաձգմանն առնչվող փոփոխությունը, նշել է, որ այն միտված է ապահովելու գործող կանոնակարգերի պահպանումը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Խորհրդարանը հարցն առաջին ընթերցմամբ քննարկել է դեկտեմբերի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն