Խաղաղության բանակցություններ կամ հավասարում բազմաթիվ անհայտներով
2023-ի քաղաքական բառապաշարում ամենաշատ գործածված ձևակերպումներից մեկը «Խաղաղության պայմանագիր»-ն է: Արդեն երկրորդ տարին է ավարտվում այն ակնկալիքով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթը կստորագրվի: Սպասումները դեռ իրականություն չեն դարձել: Ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, այլև շարքային քաղաքացիները հետևել են խաղաղության օրակարգի «էվոլյուցիային», որը սահուն 2023-ից տեղափոխվում է 2024 թվական։
Խաղաղության բանակցություններ կամ հավասարում բազմաթիվ անհայտներով: Քանի՞ էջից բաղկացած կլինի պայմանագիրը, ի՞նչ կետեր ու բովանդակություն կունենա, ե՞րբ պատրաստ կլինի ստորագրման և, ի վերջո, կբերի՞ տարածաշրջանին սպասված խաղաղությունը, թե՞ ոչ. սրանք հարցեր են, որոնք 2023-ին պատասխաններ չեն ստացել:
Տարվա բանակցությունները թվերով այսպես են արտահայտվում՝
- Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ 6 հանդիպում, Միրզոյան-Բայրամով 2 հանդիպում` քառօրյա բանակցություններով
- Երևանի և Բաքվի միջև առաջարկների փոխանակման 7 շրջափուլ
- Բանակցվող փաստաթղթի բովանդակության՝ շուրջ 70 տոկոս համաձայնեցում
- Առանցքային հանդիպումների առնվազն 2 մերժում՝ Ադրբեջանի կողմից
- Երկու հանդիպում Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Այս տարվա ընթացքում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանդիպեցին վեց անգամ։ Վերջին հանդիպումը ոչ պաշտոնական շփումներն էին Սանկտ Պետերբուրգում՝ տարվա ավարտից հինգ օր առաջ։ Իսկ տարվա սկզբում՝ փետրվարին նրանց միջև բանակցությունները տեղի ունեցան Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Մայիսին Փաշինյանը և Ալիևը Բրյուսելում և Մոսկվայում հանդիպեցին համապատասխանաբար Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հունիսին Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միացան Մոլդովայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին։ Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպեցին 2023–ի հուլիսի 15-ին Բրյուսելում։
Հանդիպումների այս շարքից առաջինում Հայաստանի վարչապետը դեռ խոսում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին:
Հայտարարությունների առումով շրջադարձային էր մայիսի 14-ի Բրյուսելի հանդիպումը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը տևեց 4 ժամ: Դրանից հետո Շառլ Միշելը հայտարարել էր.
Կողմերը համաձայնել են հանդիպել հոկտեմբերի վերջին Բրյուսելում և բանակցություններ վարել 3 սկզբունքների հիմքով՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հստակ թվային արտացոլմամբ, սահմանազատում 1991 թվականի Ալմաթիի Հռչակագրի հիմքով և տրանսպորտային ապաշրջափակում երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պայմաններով:
Այդ հանդիպումից 10 օր առաջ ԱՄՆ Արլինգտոն քաղաքում ավարտվել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի քառօրյա բանակցությունները, որոնց ավարտին ամերիկյան կողմը հայտարարել էր՝ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»։
«Փոխըմբռնման առաջընթացն» այսքանով ավարտվեց:
Սեպտեմբերին Արցախի դեմ կիրառված ռազմական ագրեսիայից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը հրաժարվեց արևմտյան հարթակներում ծրագրված հանդիպումներից: Բաքուն տապալեց հոկտեմբերի վերջին նախատեսված Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը։ Հոկտեմբերի սկզբին էլ Ադրբեջանի նախագահը չէր մեկնել Գրանադա՝ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ համաժողովին: Դրա շրջանակում սպասվում էր հնգակողմ հանդիպում, որի հետ մեծ հույսեր էր կապում վարչապետ Փաշինյանը:
«Ես շատ կուզենայի ձեզ ասել, որ Գրանադայում պատրաստվում է ստորագրվել փաստաթուղթ: Բայց, ցավոք սրտի, ոչ: Որովհետև եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին և մենք պատրաստ ենք ստորագրել: Մենք ասել ենք՝ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը, և մենք ուզում ենք հնարավորինս արագ, ասենք, օրինակ, մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր»:
Հնգակողմ հայտարարության փոխարեն Գրանադայում ընդունվեց քառակողմ հայտարարություն խաղաղության սկզբունքների մասին: Այն ստորագրեցին Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը: Ադրբեջանի հրաժարումը հանդիպումներից վերլուծաբաններից շատերը դժգոհություններից խուսափելու փորձ գնահատեցին:
2023-ի ընթացքում ՌԴ տարածքում տեղի ունեցավ երկու հանդիպում։ Տարվա ընթացքում հայկական կողմը բազմաթիվ հարցեր ուղղեց Մոսկվային՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած երաշխավորի իր պարտականությունները չկատարելու, ՀԱՊԿ անգործության և ոչ գործընկերային այլ քայլերի առնչությամբ: Հայկական կողմի դժգոհությունները տարվա ընթացքում բազմիցս ներկայացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են: Ինձ թվում է նկատել եք»:
Բանակցային բարդությունները, սակայն, չխանգարեցին կողմերին համաձայնեցնել «Խաղաղության պայմանագրի» 70 տոկոսը: Տարվա ընթացքում հնչեց այդ թիվը՝ հստակեցումով, որ չհամաձայնեցված հարցերը ամենաբարդն են:
Տարվա ընթացում կողմերի միջև առաջարկությունների փոխանակումը հասավ 7-րդ շրջափուլին։ Դեկտեմբերի 25-ին պաշտոնական Երևանը հաստատեց՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները: Փաստաթղթի մշակման առցանց աշխատանքը սկսվել էր նախորդ տարվանից՝ Ադրբեջանի 5 կետանոց առաջարկների հիման վրա: Եթե գործընթացը հաշվարկենք «ստացված առաջարկ-ուղարկած պատասխան» սկզբունքով, ապա առնվազն 7 անգամ փաստաթուղթն արդեն տեղափոխվել է Երևանից Բաքու և հակատակ ուղղությամբ: Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը բացատրում է՝ բարձր մակարդակով հանդիպումների դադարին զուգահեռ գործընթացը շարունակվում է այլ ձևաչափերով:
«Միջնորդների կողմից առաջարկվում են տարբեր հնարավորություններ, չեմ կարող մանրամասնել ավելին: Դա է նշանակում, որ գործընթացը շարունակվում է: Չէ՞ որ միայն բարձրաստիճան հանդիպումներից չի կազմված այդ գործընթացը, այլ նաև՝ նախապատրաստում, փորձագիտական մակարդակով քննարկումներ, այդ առումով ջանքերը մի շարք կողմերից շարունակվում են»:
Հայաստանի ներքաղաքական դաշտում սպասումները պայմանագրից տարբեր են: Գործընթացը ընդդիմությանը լավատեսություն չի ներշնչում: Խորհրդարանական ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերապահումներ ունեն ոչ միայն ստորագրման ժամկետի, այլև փաստաթղթի բովանդակության առնչությամբ:
Արթուր Խաչատրյան. «Ես գաղտնիության դոպուսկ, թույլտվություն ունեմ, բայց ինքս այդ փաստաթուղթը չեմ տեսել: Այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները համադրելով, կարծում եմ, հստակ է՝ այդ փաստաթղթի մեջ ինչ է գրած: Ես անկեղծ ասած, կարծում եմ, որ այս մնացած օրվա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: Կամ գոնե, հույս ունեմ»:
Թագուհի Թովմասյան. «Ես որպես սահմանամերձ շրջանի բնակիչ այս մոլորակի վրա ամենաշատն եմ ուզում, որ մենք հաստատենք խաղաղություն և ապրենք իրապես խաղաղության մթնոլորտում: Բայց իշխանությունը, որքան շատ է խոսում խաղաղության մասին, այնքան մենք ավելի շատ ենք ստանում ագրեսիա թշնամու կողմից»:
Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու փորձերը ավելի վաղուց են սկսվել: 1992 թվականին հենց այդ նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի գործունեության ակտիվ շրջանում Հայաստանում նախագահներ փոխվեցին, առաջարկների տարբեր փաթեթներ քննարկվեցին ու փոփոխվեցին, սակայն, չփոխվեց իրավիճակը: Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակեց կրակել, իսկ 2020-ին խախտեց ամրագրված 3 սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման պահանջը։