Ամբողջ լրատվական դաշտը՝ սերժսարգսյանական և ռոբերտքոչարյանական, լծված է Գյումրիում ՔՊ կուսակցության դեմ հակաքարոզչություն անելուն. Վահագն Ալեքսանյան
Ինչպես գիտեք, այսօր ՏԻՄ ընտրություններ են Փարաքարում և Գյումրիում, ու ես ուզում եմ խոսել բազմակի ընտրախախտումների մասին խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին աջակցող կամ նրանց քաղաքական թևին պատկանող լրատվամիջոցների կողմից, այն է՝ ընտրության և դրան նախորդող օրը քարոզչության ու հակաքարոզչության արգելքը խախտելու մասին:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
«Այն ծավալի մեդիատեռոր, այն ծավալի փաստացի ընտրախախտումներ, որ տեղի են ունենում հիմա լրատվական դաշտում այս ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից, ես ոչ մի ընտրության ժամանակ, անկեղծ ասած, չեմ հիշում, որովհետև սա ուղղակի խայտառակ պատկեր է:
Ամբողջ լրատվական դաշտը՝ սերժսարգսյանական և ռոբերտքոչարյանական, այս պահին լծված է Գյումրիում ՔՊ կուսակցության դեմ հակաքարոզչություն անելու՝ հօգուտ, ըստ երևույթին, սերժսարգսյանական և ռոբերտքոչարյանական թեկնածուների: Ու սա ես կարծում եմ, այս ընտրախախտումները առավել քան աչքի զարնող են: Կարծում եմ՝ չի կարելի այսպես թքած ունենալ Ընտրական օրենսգրքի վրա:
Այդ ժամանակները վաղուց անցել են, ու կարծում եմ՝ լրատվական այսպիսի մեդիատեռորը, բազմակի ընտրախախտումները ու նման ինֆորմացիոն դիվերսիան ևս անթույլատրելի են»,- ասաց Ալեքսանյանը:
Նա ԿԸՀ-ին կոչ արեց ըստ օրենքի, համապատասխան արձագանք տալ այս ընտրախախտումներին:
Ալեքսանյանի խոսքով՝ իրենք կփորձեն բոլոր դեպքերով առանձին-առանձին դիմումներ ներկայացնել ԿԸՀ, անհրաժեշտության դեպքում՝ նաև դատարան՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար: