Հարված, որ կարող է շատ ավելի մոտ լինել Հայաստանին, քան թվում է
Օրակարգը, որ առկա է Հայաստանի ներսում և շուրջը, անշուշտ բավականին կենտրոնացնում է բոլորիս հայացքը հենց այդ շրջանակի վրա, հաճախ դրանից դուրս թողնելով ավելի լայն շրջանակում կատարվողը, որն իրականում միայն թվում է հեռու: Հայաստանում շատ չքննարկվեց կամ չդիտարկվեց նոյեմբերի 6-ին Իրաքի վարչապետ Մուսթաֆա Ալ Քազիմիի նստավայրի հանդեպ անօդաչուների գրոհը: Մահափորձի հետևանքով Իրաքի վարչապետը չի տուժել, սակայն սպանվել են անվտանգության տասը աշխատակից: Այդ իրադարձությունը Հայաստանում կարող է շատ «հեռու» թվալ բառի բուն և պատկերավոր իմաստով, սակայն, Իրաքի վարչապետի հանդեպ տեղի ունեցածը իրականում կարող է մեզ լինել շատ ավելի մոտ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ առումով կա ցավագին խորհրդանշանակություն, որ Իրաքում տեղի ունեցածը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ Հայաստանում հանրությունը ապրում է արցախյան երկրորդ պատերազմի տարելիցը, սգում հազարավոր զոհերի հիշատակն ու ցավում տարածքային կորուստների համար, փորձելով վերստին հասկանալ ինչ տեղի ունեցավ և ինչու, ընդ որում թե ներքին, թե ավելի լայն իմաստով:
Բնական է առաջանում է հարց, թե ինչով է արտահայտվում ցավագին խորհրդանշականությունը 44-օրյա տարելիցի և Իրաքում տեղի ունեցածի միջև: Հարկ է հիշել, թե ինչպես սկսվեց աշխարհաքաղաքական թոհուբոհի և բազմաբնույթ փոթորիկների հանգուցային 2020 թվականը: Այո, այն սկսեց դարձյալ Իրաքում անօդաչուների հարվածից: Պարզապես, այդ դեպքում Իրաքում սպանվեց ոչ թե այդ երկրի բարձրաստիճան որևէ պաշտոնյա, այլ հարևան՝ Իրանի բարձրաստիճան գեներալ և առանցքային մերձավորարևելյան ֆիգուր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Նա սպանվեց ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով: Այդ հանգամանքը մերձավորարևելյան ռեգիոնում և ընդհանրապես միջազգային իրադրությունում ստեղծեց աննախադեպ վիճակ, երբ մի պետության նախագահի հրամանով սպանվում է մեկ այլ պետության բարձրաստիճան զինվորական:
Խոշոր հաշվով, 2020-ի հունվարի 3-ին Բաղդադում տեղի ունեցածը դրեց աշխարհաքաղաքական փոթորկի սկիզբ, որը բարձրացավ Սիրիայով և հասավ մինչև Կովկաս: Այդ ընթացքում անշուշտ իր ավերիչ դերն ունեցավ նաև Չինաստանից բռնկված կորոնավիրուսային համաճարակը, որը մարտին արդեն ըստ էության կանգնեցրել էր ամբողջ աշխարհը, սառեցրել միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ըստ էության ամբողջ համակարգը: Միով բանիվ, այն, ինչ ծավալվում է Մերձավոր Արևելքում, ոչ միայն չի կարող հեռու լինել Հայաստանից, այլ կարող է ուղղակի ազդեցություն ունենալ կովկասյան իրողությունների վրա: Իհարկե այս պարագայում անօդաչուների հարվածի հետևում ԱՄՆ չէ, և ավելին՝ ԱՄՆ-ը դատապարտել է Քազեմիի դեմ մահափորձը, բայց բոլոր դեպքերում տեղի ունեցածը վկայում է մեծ խաղադրույքներով խնդրի մասին: Առավել ևս, որ ընդամենը երկու-երեք ամիս առաջ Իրաքի վարչապետի նախաձեռնությամբ Բաղդադում գումարվեց ռեգիոնալ անվտանգային Վեհաժողով, որին տարբեր մակարդակով մասնակցեցին Սաուդյան Արաբիայի, Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի, Իրանի, Կատարի պատվիրակությունները, և մասնակցեց նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Իրաքի այդ ռեգիոնալ անվտանգային բնույթի նախաձեռնության հետևում փորձագետները տեսնում էին Նահանգներին, հաշվի առնելով այն, որ այդ նախաձեռնության մասին վարչապետ Քազեմին հայտարարել էր Նահանգներ կատարած այցից կարճ ժամանակ հետո: Այդօրինակ նախաձեռնությունը կամ գաղափարը կարծես թե միանգամայն տեղավորվում էր ռեգիոնալ լոկալ անվտանգային միջավայրեր ձևավորելու Նահանգների քաղաքականությանը, որ կարծես թե ծավալվում է ներկայումս: Եվ այդ իմաստով հարց է առաջանում, թե Քազեմիի դեմ մահափորձը արդյո՞ք փորձ էր կասեցնել անվտանգային ռեգիոնալ միջավայրի ձևավորման հնարավոր ծավալումը: Մինչդեռ Կովկասի անմիջապես հարակից ռեգիոնում միջավայրային կայունության երաշխիքները անշուշտ իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև Կովկասի վրա, և իհարկե հակառակը՝ ազդեցություն կարող է ունենալ անկայունությունը: Միաժամանակ, գուցե ուշադրության է արժանի այն, որ Իրաքի վարչապետի թիրախավորումը տեղի է ունենում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման մասին հստակ հայտարարությունից հետո:
1in.am