Նիկոլ Փաշինյանն իր պողպատե մանդատով այնքան է տարվել, որ այլեւս օրենքով պահանջվող ընթացակարգերը պահելու հավես չունի, միանձնյա որոշում` հանձնում է, փոփոխում է երկրի սահմանները` առանց Ազգային ժողովի վավերացման, Սահմանադրական դատարանի հետ ճշտվելու ու երբեմն՝ անգամ առանց իր ստորագրության։ Ասում է, որ իրեն տեղյակ են պահել, հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է հանրությանը տեղյակ պահում, եւ վերջ։

Մենք փորձեցինք հասկանալ, թե երկրի սահմանների, տարածքային ամբողջականության փոփոխության հետ կապված հարցերը միջազգային իրավունքի տեսանկյունից ինչ իրավական կարգավորումներով ու ակտերով են տեղի ունենում։ Այս գործընթացը միջազգայնորեն հայտնի պրոցեսի` դեմարկացիա-դելիմիտացիայի բաղկացուցիչ մա՞ս է, թե՞ ոչ, կամ, գուցե, կրկին վարչատարածքային բաժանման մասին օրենքո՞վ է իրականացվում։

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն ասաց, որ վարչատարածքային բաժանման մասին օրենքը ներքին օրենսդրություն է, իսկ միջազգային օրենքի տեսանկյունից սահմանազատումը երկու երկրների միջեւ փոխադարձ համաձայնություն է։ «Այսինքն՝ ժամանակին պետք է կատարված լինեին սահմանազատում, սահմանագծում։ Ես չգիտեմ՝ դա ժամանակին արվել է, թե ոչ, ամեն դեպքում, ասում են, որ 20-30-ականների քարտեզները համաձայնեցված են։ Բայց, անկեղծ, ես այդ քարտեզները հնարավորություն չեմ ունեցել տեսնելու եւ ոչինչ ասել չեմ կարող»։ Բայց սկզբում մաքսակետ, հետո՞ դելիմիտացիա-դեմարկացիա։ «Գիտեք ինչ` այս ամբողջ ընթացքում ոչինչ իրավունքի տեսանկյունից չի կարգավորվել, եթե կարգավորվեր, առաջինը պետք է մարդու իրավունքը հաշվի առնվեր։ Ես այդ իմաստով ոչինչ ասել չեմ կարող։ Այսինքն՝ միջազգային բոլոր հարաբերություններում առաջնայինը մարդու իրավունքն է, ուժի չկիրառման սկզբունքը։ Հիմա եթե ուժի կիրառման սպառնալիքի տակ ամեն ինչի համաձայնում ենք, ի՞նչ ասեմ»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։

Հարցն ուղղեցինք նաեւ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոսներ Վարդան Այվազյանին եւ Սամվել Դիլբանդյանին։ Վերջինս ասաց, որ այդ թեմայով չի ուզում խոսել` նյարդայնանում է, Այվազյանն էլ ասաց, որ տեւական ժամանակ է՝ հարցազրույցներով, մեկնաբանություններով հանդես չի գալիս։ 

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը եւս կրկնեց՝ պետական սահմանները որոշվում են միջպետական համաձայնագրերով, իսկ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ միջպետական համաձայնագիր ոչ միայն գոյություն չունի, այլեւ պատմության ընթացքում երբեւէ չի ունեցել։ Մեր սահմանների վերաբերյալ. «Ուղղակի, մեր հայրենիքը, Սահմանադրությամբ ամրագրված մեր տարածքները մի խումբ պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները… միանձնյա որոշում են կայացնում․ չունենալով Սահմանադրությամբ դրա համար որեւէ լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնում են այլ պետությունների։ Այսինքն՝ դրա համար որեւէ պայմանագրաիրավական բազա գոյություն չունի», եւ ավելացրեց․ «Իրենք ասում են, որ դա ադրբեջանական տարածք է։ Ասելով հո՞ չէ։ Պատկերացնո՞ւմ եք` մի հատ պաշտոնյա՝ նախարար կամ վարչապետ, ի՞նչ տարբերություն... հայտարարում է՝ սա մեր երկրի տարածքն է, նա Ադրբեջանի տարածք ա։ Ու տենց տարածքնե՞ր են որոշվում»։

Այսինքն՝ եթե մի բան էլ լիներ, ապա պետք է լիներ, ըստ Ղազարյանի, դեմարկացիա-դելիմիտացիայով, քանի որ դրանցով որոշվում են պետական սահմանները, նոր, ըստ այդմ, կազմակերպվում ու կնքվում են միջպետական համաձայնագրերը։

«Հիմա եթե իրենք նոր են սկսում խոսել դեմարկացիա-դելիմիտացիայի մասին, տրամաբանական հարց է առաջանում՝ բա եթե դա մինչեւ հիմա չեք իրականացրել, ադրբեջանցիներն ի՞նչ գործ ունեն այնտեղ։ Իրենք այնտեղ պետք է գային դեմարկացիայի արդյունքում, եթե պարզ լիներ, համաձայնեցված լիներ»։ Հիշեցնենք․ ԱԺ-ում Փաշինյանը խոստովանեց, որ զորքերի հետքաշման հրամանն ինքն է տվել։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հիշեցնում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ զորքերը կանգնում են իրենց գտնվելու վայրում։ Մի հարց՝ «քո ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրից հետո բանավոր ինչո՞ւ ես հրաման տվել, որ զորքերը հետ քաշվեն այնտեղ, որը քո երկրի սահմանն է, ոչ թե անվտանգության գոտին»։ Էդգար Ղազարյանը հիշեցնում է, որ սա Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհն է, որը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել։ «Ադրբեջանական ոչ մի բնակավայր այդ ճանապարհն իրար հետ չի կապում։  Այդ ճանապարհը կառուցվել է Հայկական ԽՍՀՄ Մինիստրների սովետի որոշմամբ։ ՀԽՍՀ Մինիստրների սովետը չէր կարող Ադրբեջանի տարածքում ճանապարհ կառուցել։ Դա իրենք են ասում՝ Ադրբեջան է։ Նույն հաջողությամբ կարող են ասել, որ Ադրբեջան է Վայք քաղաքը։ Նույն այդ եռակողմը միջազգային փաստաթղթի իմաստ ու բովանդակություն չունի։ Դա ընդամենը պետությունների ղեկավարների հայտարարություն է»։ Ավելին՝ արվում են գործողություններ, որոնք անգամ այդ հայտարարության մեջ չկան, Ղազարյանի կարծիքով՝ նույնիսկ հակասում են այդ հայտարարությանը։ «Հլա նայեք էդ հայտարարության տեքստը եւ կողմերի քայլերը։ Հայաստանն ամեն ինչ կատարել է եւ մի բան էլ ավելին, Ադրբեջանն իր միակ կետը չի կատարել»։ 

Ղազարյանը տարակուսում է․ «Դուք հասկանո՞ւմ եք, փակվել է Հայաստան-Իրան սահմանը, որովհետեւ սահմանապահ անցակետ՝ նշանակում է, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն իրականացնելու է անձնագրային ստուգում։ Իսկ քանի որ ՀՀ քաղաքացիներն Ադրբեջան մուտք գործելու իրավունք չունեն, վիզա չունեն, էդ տարածք չեն կարող մտնել։ Ու եթե մինչեւ հիմա ժամը մեկ «կալոննաներ» էին կազմվում, ռուսների ուղեկցությամբ անցնում, ապա հիմա դա էլ չի լինի»։ Ինչ վերաբերում է հարցին, որ ասում են՝ «քարտեզ»։ Իրավաբանի խոսքով՝ քարտեզն աշխարհագրական հասկացություն է, իրավական փաստաթուղթ չէ։ «Հիմա բացես, ենթադրենք, 8-րդ դասարանի աշխարհագրության դասագիրքն ու ասես՝ քարտեզ ա, կամ ինչ-որ մի զինվորականի սեյֆում գտնվող քարտեզ»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն