Այս հարցն ունի մեկ պատասխան՝ որովհետեւ Նիկոլի իշխանությունը ձեռք է տալիս եվրոպացիներին: Եթե ձեռք չտար, ապա մեր երկիրը Նիկոլի օրոք ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգի կողմից տարածաշրջանում «ժողովրդավարության փայլող աստղ» չէր բնութագրվի: Դրան հետեւում է երկրորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ է ձեռք տալիս: Սա արդեն ունի ոչ թե մեկ, այլ մի քանի պատասխան: Փորձենք գտնել դրանցից հիմնականները:

Հարավային Կովկասում եւ դրան կից տարածաշրջանում թզաչափ հետաքրքրություն ունեցող երեւի բոլոր (թե՞ հենց բոլոր) երկրները կողմ էին խաղաղ կարգավորմանը, որը ենթադրում էր տարածքների վերադարձ Ադրբեջանին: Դա նաեւ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքական գիծն էր, ինչը լսված բան չէ մարդկային պատմության մեջ: Նրա գծի շարունակող՝ ժողովրդի մեղքով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի պատասխանատվությամբ եւ մեղավորությամբ Հայաստանը պարտվեց Ադրբեջանի հետ պատերազմում: Ինչը նշանակում է Հայաստան պետության ղեկավարի թույլ լինելն արտաքին հարաբերություններում: Այսինքն՝ որպես թույլ երկիր, Փաշինյան Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը գլխացավանք չի լինի այս տարածաշրջանում շահեր ունեցող երկրների համար: Միաժամանակ, իրավապահ համակարգով ցեմենտված է նրա իշխանությունը պետությունում: Որպեսզի թույլ չտրվի Հայաստանում Նիկոլի միանձնյա իշխանության տապալումը եւ չխոչընդոտվի նրա պլանների իրագործումը: Դա՝ մեկ: 

Երկրորդ․ Փաշինյան Նիկոլի ղեկավարությամբ պատերազմում պարտված եւ թուլացած Հայաստանը կրկին վերջինիս ղեկավարությամբ ձգտում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այդ երկուսի կողմից բարձրաձայնվել է խաղաղություն հաստատելու պահանջը՝ Արցախից հրաժարում՝ սահմանների փոխադարձ ճանաչման միջոցով (գումարած այդ սահմանների իբրեւ թե ճշգրտումը) եւ Սյունիքով միջանցքի հատկացում: Բայց վերջին մի քանի շաբաթում միջանցքի տրամադրման հարցի սրությունը կարծես թե ընկել է: Համենայնդեպս, չկան նախկին անընդհատ սպառնալիքն Իլհամի կողմից եւ դրան աջակցելն Էրդողանի կողմից: Սակայն դրա փոխարեն Իլհամի կողմից առաջ է մղվում սահմանագծման եւ սահմանազատման պահանջը: Իսկ դա նշանակում է տարածաշրջանի անվտանգության համակարգի ձեւավորում ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ աստիճանաբար Ռուսաստանի դուրսմղում Հարավային Կովկասից: 

Զարմանալի է, սակայն սահմանների փոխադարձ ճանաչման հարցի լուծմամբ հետաքրքրված է նաեւ Ռուսաստանը: Ենթադրում եմ, որ ՌԴ նախագահը դեմ չէ մեր որոշակի տարածքների դիմաց այդ հարցի լուծմանը, քանի որ անընդհատ ծագում է ՀԱՊԿ-ի դերակատարման խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Վերջերս էլ ծագեց ձեւավորման ակտիվ փուլ ստացած՝ Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի ենթադրյալ միացման գաղափարը: Իսկ այդ տարբերակի դեպքում ՌԴ-ին անհրաժեշտ է Ադրբեջանի հետ հարցերն ամբողջությամբ կարգավորած Հայաստան:

Երրորդ․ Փաշինյան Նիկոլի ղեկավարությամբ թույլ Հայաստանի առկայությունն ապահովում է պարտության ռեւանշի գաղափարից: Իսկ վերջինս, ի վերջո, նշանակում է նոր պատերազմ Ադրբեջանի դեմ: Այդ դեպքում, թեկուզ հիփոթետիկ, կարող են հրթիռային հարվածի տակ ընկնել ադրբեջանական գազատարներն ու նավթատարները, որոնցով վառելիք է հոսում դեպի Արեւմուտք: Անցյալ տարի այդ հարցը թեթեւակի քննարկվեց համացանցում, սակայն գործը դրանից այն կողմ չանցավ: Ժողովրդի իրական վրեժի (հիշենք մեկ տարի առաջ Նիկոլի՝ խելագար տեսքով ելույթը թաքստոցից) դրսեւորման դեպքում հարվածի գաղափարը շատ ավելի առարկայական կարող է դառնալ: Ինչը, բնականաբար, բացարձակ շահեկան չէ արեւմտյան պետությունների համար, սակայն խիստ շահեկան է Ռուսաստանի համար:

Վերը նշված խնդիրների մի մասի լուծման եւ մյուս մասից խուսափելու համար Եվրոպան կարող է աչք փակել թե՛ մամուլի ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնության, թե՛ դատավորների մակագրումը ձեռքով կատարելու, թե՛ ընտրությունների գործընթացում ու նաեւ դրան չառնչվող դեպքերում ոստիկանական բռնաճնշումների առկայության, թե՛ բուհական համակարգի կառավարումը ՔՊԿ-ացնելու եւ հանրակրթական համակարգը ճնշելու, թե՛ երկու կալանավորված ընդդիմադիր պատգամավորների ճակատագրի, թե՛ Ազգային ժողովի շենքում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման վրա եւ այլն, եւ այլն:

Կարեւորն այն է, որ նախորդ պարբերության մեջ թվարկված խնդիրները դեռեւս որեւէ բացասական ազդեցություն չեն թողնում արեւմտյան շահերի վրա, եւ, ըստ այդմ, դրանք այնքան էլ հետաքրքրություն չեն ներկայացնում Արեւմուտքի աչքում: Ի վերջո, անցյալ տարվա պատերազմի ընթացքում մենք համոզվեցինք, որ եվրոպական ժողովրդավարական պետությունները կարող են աչք փակել Ստեփանակերտի, Շուշիի եւ Արցախի այլ բնակավայրերի ռմբակոծման վրա եւ աղմուկ բարձրացնել Գյանջայի մեկ թաղամասի հրթիռակոծման կապակցությամբ: Ինչը եվրոպական արժեքների արմատավորման համար մեր երկրում պայքարողներիս համար երկրորդ շոկային իրավիճակն էր խայտառակ պարտությունից հետո: 

Մենք ուղղակի չէինք գիտակցում, որ Եվրամիության տարածքից դուրս գտնվող պետությունների համար Եվրախորհրդի անդամ լինելը չի երաշխավորում ժողովրդավարական նորմերի գերակայություն դիվանագիտական գործընթացներում:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն