Եթե հիմա Ադրբեջանի ԳԱԱ-ում վերջերս տպագրված քարտեզով գան՝ ասեն, որ սահմանազատումը պետք է Երևանով անցնի, մենք պետք է այդքան կառուցողական լինենք, որ դրան էլ համաձայնե՞նք․ ադրբեջանագետ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։
«Համապատասխանաբար, հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։
Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն այս քայլերով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա, ու դա շարունակվում է՝ հաշվի առնելով այն, որ համապատասխան դիմադրություն չեն տեսնում։
«Չգիտեմ՝ ով ու որտեղից հայկական կողմին հրաման տվեց, որ նրանք ադրբեջանցիներին դիմադրություն ցույց չտան, ու նրանք առաջ գան։ Սրացում նաև արցախյան դաշտում կա։ Տեսնում ենք սադրանքներ՝ Բերձորի միջանցքում, հայ գյուղացիների հանդեպ։ Ադրբեջանում կրկին հակահայկական ալիք է բարձրանում։ Մենք ունե՞նք բանակ, թե՞ չէ։ Բանակին ի՞նչ հրաման է արձակված։ Զորքի առաջին նպատակն ի՞նչն է․ տեսնելով, որ թշնամին փորձում է առաջ գալ՝ դիմահար կրակով պետք է ոչնչացնի կամ գերեվարի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը։
Նա հիշեցրեց՝ թշնամին իր ռազմական շքերթի ժամանակ հայկական դրոշը ոտքերի տակ էր գցել ու պահանջում էին Սյունիքն ու հայկական այլ տարածքներ։
«Դա կառուցողական ու խաղաղության դարաշրջանի նշա՞ն էր։ Մեզ նետված մարտահրավերներին պետք է համարժեք պատասխան տանք, ոչ թե խոսենք քարտեզների մասին։ Լավ, որ խոսում են 1920-ական թթ․ քարտեզների մասին, նրանք դա տեսե՞լ են։ Վարչական սահմանները դրանք պետական չեն, հերի՛ք է ժողովրդին մոլորեցնեն։ Ով ունի այդ քարտեզը, ուղղակի անզեն աչքով անցկացրեք Նախիջևանի տարածքը, Վայոց ձորի տարածքը։ Ու եթե այդ քարտեզներով շարժվենք, ապա էլ ի՞նչ տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Վայոց ձորի հյուսիսից ինչքա՞ն տարածք պետք է անցնի Ադրբեջանին։ Դրա մասին պետք է մտածել, քննարկումներ անցկացնել մասնագետների հետ, որ ունքը սարքելու տեղ՝ աչքն էլ չհանեն»,- նշեց Գրիգորի Այվազյանը։
Անդրադառնալով Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշմանը՝ ադրբեջանագետը նկատեց․
«Ադրբեջանի կողմից գործադրվող բռնաճնշումների արդյունքում մենք ինչքա՞ն Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարար ենք փոխել։ Իսկ Ազգային ժողովում ի՞նչ է կատարվում։ Տեսնում եք, չէ՞, թե օրակարգն ինչի մասին է։ Ոնց որ ՀՀ Ազգային ժողովը Ֆրանսիայի ԱԺ-ն լինի։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարին ու նոր նշանակմանը, ապա գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում։ Մենք խաղաղության դարաշրջանի մասին ենք հայտարարում, Ալիևը՝ նոր արշավանքի։ Հիմա եթե Ադրբեջանի ԳԱԱ-ում վերջերս տպագրված քարտեզով գան՝ ասեն, որ սահմանազատումը պետք է Երևանով անցնի, մենք այդքան կառուցողական պետք է լինենք, որ դրան էլ համաձայնե՞նք։ Այս հարցին լուրջ, համակողմանի ու կշռադատված պետք է անդրադառնալ։
Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո նոր ինչ-որ քայլեր կատարել։ Շատ հաճախ ասում են՝ մեզ մանդատ են տվել․ այդ մանդատը տվել են, որ երկրի վիճակը կայունացվի, տնտեսությունը զարգանա, բայց ոչ՝ մեր արժանապատվության և պետական շահերի հաշվին։ Դրա մանդատը ոչ ոք ոչ ոքի չի տվել։
Տեսեք, մենք ունենք ընդդիմություն ու իշխանություն ու, ցավոք, պետական, ազգային շահը վեր չէ անձնական շահից։ Հիմա նույն նավակում ենք ու կարո՞ղ է այնքան ճոճենք, որ խորտակվենք։ Այ, սրա մասին թող մտածեն, քանի որ Ադրբեջանը քնած չէ, ու ադրբեջանական ռեժիմի համար Հայաստանը՝ որպես թշնամի, ու Արցախը իրեն բռնակցելու ճանապարհից բացի, ուրիշը չկա՝ իշխանությունը պահպանելու համար, որովհետև զուգահեռաբար այնտեղ էլ դժգոհություններ են հասունանում գործող ռեժիմի դեմ, ու նրանք ժողովրդի զայրույթը շեղելու մեկ ճանապարհ են տեսնում․ դա արտաքին թշնամին է»։
168.am