Մոսկվայում նոյեմբերի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ։ Ենթադրվում է, որ կշոշափվեն Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում, ինչպես նաև Վրաստանում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ-ի աջակցությանն առնչվող հարցեր։

Ավելի վաղ Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Կոչ եմ արել շարունակել դեէսկալացիան: Վերահաստատել եմ աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի միջնորդությամբ գործընթացին», հայտնել է Լինդեն։

Արդեն մեկ տարի է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու միակ մանդատը, չի կարողանում մուտք գործել տարածաշրջան։ Այսպիսով, ԵԱՀԿ-ն զրկված է ՄԱԿ-ի մանդատը իրագործելու հնարավորությունից, և դրան խոչընդոտում են Մոսկվան և Բաքուն։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը չի կարող մոնիտորինգ իրականացնել և նույնիսկ այցելել իր «աշխատանքի» վայր։ Վերջերս հայտարարվեց, որ դա պայմանավորված է Ղարաբաղում շփման գծում «ռուս խաղաղապահների» առկայությամբ։

Մոսկվան հայտարարում է, որ Մինսկի խումբը պետք է զբաղվի բացառապես «մարդասիրական» խնդիրներով, Բաքուն նույնպես ասում է, որ հակամարտությունը «կարգավորվել է», և Մինսկի խումբն անելիք չունի։ Բայց ոչ ոք չի չեղարկել ՄԱԿ-ի մանդատը, և ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հաշվետվություն տա իր աշխատանքի համար։

Հայաստանը, հավատարմություն հայտնելով եռակողմ համաձայնագրերին և հայտարարելով  ՌԴ ՊՆ առաջարկով «խորհրդային քարտեզներով» սահմանազատման մասին, նույնպես խոչընդոտներ է դնում ԵԱՀԿ և ՄԱԿ մանդատի ճանապարհին։ Արարատ Միրզոյանի հայտարարությունները, թե հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, գրոշի արժեք չունեն, քանի դեռ Հայաստանը չի ասում, որ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունն իրեն սպառել է։ Իսկ խաղաղապահների կազմը չպետք է որոշվի Մոսկվայում։

Երեկ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ կոլեգիայում՝ Պուտինն ասել է. «Մեկ տարի առաջ Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդական ջանքերով դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Սակայն վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ ամբողջությամբ չի հանդարտվել։ Կայունություն ապահովելու համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»։

Այլ կերպ, Պուտինն ասում է, որ ռուս «խաղաղապահները» թույլ չեն տա ԵԱՀԿ-ին միջամտել «Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման» գործընթացին, որով փակվում է Արցախի խնդիրը։ Պուտինն ասել է, որ «ռուսական դիվանագիտության դերը մեծանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծմանն ուղղված ջանքերը շարունակելու, Անդրկովկասում տնտեսական կապերի վերականգնման և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործում»։ Այսինքն, ռազմական կոնտինգենտին զուգահեռ, ռուսական դիվանագիտությունը պետք է փակի միջազգային մանդատով կարգավորման հարցը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն