Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի մասն անհայտ պայմաններում կառավարությանը փոխանցելուց հետո այնտեղ կադրային «հեղափոխություն» է իրականացվում։ Բաժնետերերի փոփոխությունից եւ կառավարության՝ ԶՊՄԿ-ի բաժնետեր դառնալուց հետո սկսվել է կոմբինատի ղեկավար հաստիքները սեփական թեկնածուներով համալրելու պրոցես, որը նույնքան մութ ու անհասկանալի է, որքան բաժնեմասի փոխանցման գործընթացը։

Բանն այն է, որ իշխանությունները շատ են ուզում փոխել ԶՊՄԿ-ի ղեկավար կազմն ու այն իրենց մարդկանցով համալրել։ Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ իր բաժնեմասի կառավարումը կառավարությունը հանձնեց Հայաստանի հետաքրքրությունների հիմնադրամին՝ ԱՆԻՖ-ին, որի նախագահը Տիգրան Ավինյանն է։ Մեր տեղեկություններով, արդեն իսկ ԶՊՄԿ ենթակայության տակ գտնվող մի քանի ընկերությունների տնօրեն է նշանակվել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նախկին վարչական տնօրեն Արթուր Նիկողոսյանը, որին վստահվել են ընկերություններ, որոնք ղեկավարելու փորձ նախկինում նա չի ունեցել: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ԶՊՄԿ-ում պատրաստվում են պատասխանատու դեր վստահել կամ արդեն նշանակել են ՏԿԵ նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանին, որը համակարգում էր ընդերքի ոլորտը։ Նա, ինչպես հասկանում ենք, համակարգելու է պետություն-հանքարդյունաբերական ընկերություն հարաբերությունները:

Լիլիա Շուշանյանի հետ մենք փորձեցինք կապ հաստատել, սակայն նա չարձագանքեց մեր զանգերին։ Մեզ ասացին՝ Շուշանյանը պատրաստվում է տեղափոխվել ԶՊՄԿ, եթե արդեն չի տեղափոխվել։ Ընդհանուր առմամբ, ԶՊՄԿ կադրային նոր քաղաքականությունը, ըստ մեր աղբյուրների, աչքի է ընկնում նոր ուշագրավ գործելաոճով. մեզ հասած տեղեկություններով՝ այստեղ աշխատանքի ընդունման նոր պայմաններից են համարվում ՔՊ անդամակցությունը, իշխանամետ հայացքներ ունենալը, իշխանության քարոզով զբաղվելը: Եվ այն անձինք, ովքեր ունեն ընդգծված հակաիշխանական տրամադրություններ, շինծու պատճառներով ազատվում են աշխատանքից: Ըստ էության, իրականացնում են Սյունիքում Նիկոլ Փաշինյանի նախընտրական «խոստումը»՝ մաքրել, պինցետով բռնել, դուրս շպրտել անհարազատ տարրերին։

Հիշեցնենք, որ սյունյաց ողջույններին Փաշինյանն արժանացավ հենց Ագարակում, Մեղրիում եւ Քաջարանում մարդիկ նրան սուլում էին եւ արտահայտում իրենց դժգոհությունը։ Այս ամենի ֆոնին սյունեցիների մոտ հասունանում է բողոքի ալիք, եւ գուցե մոտ ապագայում ականատես լինենք բողոքի ակցիաների` այս անգամ արդեն հայաստանյան ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերության հարցում ՀՀ իշխանությունների որդեգրած նոր քաղաքականության դեմ:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն