Այս պահին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա․ Աղաջանյանը՝ Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի՝ Անթալիա կատարելիք այցի մասին
Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլսիսին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցելու են Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ուրախ կլինեն, Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցի, և հարցին՝ հաստատու՞մ է, որ նրանք մասնակցելու են։
Հարցին՝ ինչո՞ւ այս լուրերի մասին առաջինը չենք լսում հայկական կողմից, Աղաջանյանն արձագանքեց՝ Թուրքիայի ներկայացուցչի կողմից առաջինը ինֆորմացիայի ստացումը գործնականում ինչ եղանակ է փոխում հայ հանրության համար՝ հաշվի առնելով հարցի բովանդակությունը։
«Մենք ընդամենը քննարկում ենք Անթալիայում տեղի ունեցող մի միջոցառում, որին այս պահին քննարկվում է ՀՀ-ի համապատասխան ներկայացուցիչների մասնակցելու կամ չմասնակցելու հարցը։ Ես չեմ հասկանում՝ այս հարցի հիմքում ինչ տրամաբանություն է։ ՀՀ-ն այս մասին տրամաբանորեն պետք է հայտներ այն ժամանակ, երբ կոնկրետ որոշում կայացրած կլիներ, հետևաբար որևէ ինֆորմացիա թաքցնելու միտում կամ ոչ թափանցիկ գործունեության դրսևորում այստեղ բացարձակապես չկա, ես չեմ տեսնում, և, վստահաբար, հանրությունը ևս չի տեսնում»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու հարցին՝ արդեն որոշվա՞ծ է՝ երբ և որտեղ կկայանա ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, Աղաջանյանը պատասխանեց, որ այս պահին այդ հարցի վերաբերյալ հստակություն չկա։
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ այսուհետ հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կկայանա ոչ թե երրորդ կողմում, այլ երկրներից որևէ մեկում, Աղաջանյանն ասաց, թե այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում չկա։
«Ընթացիկ քննարկումների արդյունքում այդ խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշում կհայտնեն թե՛ ՀՀ-ն, թե՛ թուրքական կողմը։ Կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որի շուրջ հնարավոր չէ գալ կոնսենսուսի»,-ասաց նա։
Tert.am