Այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նշեց իր 131-րդ ամյակը: Միջոցառման  ընթացքում կուսակցությունը ներկայացրեց մեծ  հաշվետվություն իր տարիների աշխատանքից:

«Պետականաքանդ գործունեությունն ի վերջո պետք է կանգնեցվի, ու դա մենք անելու ենք, հաստատ: Հայաստանի պետականությունն ամրապնդելու համար ծրագիր ենք ունենալու, որտեղ մեր առաջնային նպատակը լինելու է  երկիրը  թրքացումից ազատելը, կանխելը՝  Արցախի հայաթափումը։ Մենք պետք է ուժ հավաքենք և զարգացնենք մեր երկիրը, առանց դրա չենք կարող ունենալ Հայաստան: «Համազգային դիմադրության» շարժման առանցքում է Դաշնակցությունը և  լինելու է առաջամարտիկը, առանձին անդամը, առանձին մասնակիցը, քանի դեռ մենք մեր երկիրն այս մարտահրավերներից չենք ազատել, այս կործանման ճանապարհը չենք կանգնեցրել»- «Հրապարակի» հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը:                                                                                                                                                                                                                                         «Հրապարակի» այն հարցին, թե Դաշնակցությունը՝ մեկ Նիկոլ Փաշինյանին կողմ է, մեկ՝ դեմ, պատգամավորը նշեց, որ իրենք չեն կարող լինել պետականաքանդ, անհատ մարդու կողքին, ով երկիրը դեպի կործանում է տանում: 

«Մենք բազմաթիվ փորձեր արել ենք աջակցել իշխանություններին։ Հայաստանում, երբ կովիդը նոր էր սկսվել, 49 կետից բաղկացած  առաջարկներ ներկայացրեցինք, հետո՝ 44-օրյա պատերազմի ժամանակ փորձեցինք ամեն ինչ մի կողմ դնել  և ասացինք՝ այո՛, մենք պատրաստ ենք Հայաստանի և Սփյուռքի դաշնակցության ուժը ներդնել հայոց պետականության, երկրի շահերը պաշտպանելու գործում։ Սակայն իշխանություններին ձեռք չէր տալիս, նրանք ականջալուր չեղան մեր բոլոր առաջարկներին: Ինչու՞, որովհետև իրենք եկել էին հստակ ծրագրով՝ պետությունը քանդելու: 

Այսօր մեր խնդիրը երկիրը փրկելն է այս կործանումից  և այդ նպատակին հասնելու համար առաջին հարցը, որ պիտի լուծվի, նիկոլիզիմից, նիկոլական իշխանությունից ազատվելն է:

Եվ ոչ թե դեմ, այլ հանունի համար է այս ամենը պետք:         

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը մենք արդեն ունենք, և փաստ է, որ արդեն ունենք, մենք չենք ընդունում որպես դատավճիռ, մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը, պայմանագրերը ապրում են, քանի դեռ այդ պայմանագրերի ստեղծման պայմանները առկա են:Կփոխենք այդ պայմանները, կփոխվի նաև իրավիճակը: Այդ սպիտակ թղթով ներկայիս իշխանությունները, այդ ապիկարներն ավելի շատ տարածքներ հանձնեցին, քան 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում»: 

«Հրապարակը» հետաքրքրվեց նաև, թե ինչու՞ է բարկացած Սփյուռքը։

«Սփյուռքի  մեր գրասենյակները, Հայ դատի գրասենյակը, ամեն ինչ անում են Ցեղասպանության ճանաչման գործընթացը ավելի խորացնելու,ավելի ընդլայնելու, այսինքն՝ տարածության և ժամանակի մեջ առաջ տանելու: Իսկ այս մարդիկ այսօր հայտարարում են, որ այդ գործընթացը թողնում են սփյուռքին, այսինքն՝ իրենք հրաժարվում են,որ դա պետական քաղաքականության մի ուղղություն պետք է լինի: Պարզ է, որ սփյուռքում էլ պետք է բարկացած լինեն:

«Հրապարակի» այն հարցին, թե ինչո՞ւ է հայտարարված, որ Զարեհ Սինանյանին չեն հանդիպելու Ֆրանսիայում, պատգամավորն ասաց.

«Հանդիպեն ու՞մ հետ, այն մարդկանց, ովքեր այսօր խոսում են հայ-թուրքական հաշտեցման մասին: Ընդ որում, չմոռանանք, որ Ադրբեջանի Թուրքիան իր երեք նախապայմաններն արդեն իրականացրել է, հիմա էլ  4-րդ նախապայմանն է դրել՝ Զանգեզուրի միջանցքի հաստատման: Այսինքն, խոսում են առանց նախապայմանների, բայց փաստացի նրանց բոլոր չորս նախապայմաններն էլ իրականացրել են: Հայ դատի գրասենյակի գործունեության ուղղությունները որոնք են, իսկ այս մարդիկ լրիվ հակառակն են անում: Ինչպես կարելի է նրանց հետ հանդիպել, հանդիպումներ կազմակերպել:

Նարինե Ղուկասյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն