Թուրքիայում, ինչպես հայտնի է, հաջորդ տարվա հունիսին ընտրություններ են կայանալու, եւ այդ ընտրություններին ընդառաջ, երկրում եռում է քաղաքական կյանքը։ 

Քաղաքական վերլուծաբաններն այդ ընտրությունները համարում են բախտորոշ եւ արձանագրում, որ եթե իշխանափոխություն տեղի չունենա, այդ ընտրությունները լինեն առհասարակ վերջինը թուրքական պետության համար, քանի որ եթե հաղթի գործող վարչակարգը՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ, ապա Թուրքիան հրաժեշտ կտա դեմոկրատիայի մնացորդներին եւ շատ կարճ ժամանակում կվերածվի միահեծան կրոնապետության։ Սակայն ամեն բան չէ, որ այդքան միանշանակ է մեր արեւմտյան  հարեւանի՝ Թուրքիայի մոտ, եւ կան լուրջ կասկածներ, որ Էրդողանը կարող է հաղթել այդ ընտրություններում, որովհետեւ թուրքական տնտեսությունը, մեղմ ասած, բարդ ժամանակներ է ապրում։ Նախ՝ սղաճը պահպանվում է բարձր մակարդակի վրա հարատեւորեն, եւ ապա՝ թուրքական արժույթ լիրան պարբերաբար արձանագրում է փոխարժեքային հակառեկորդներ՝ տնտեսական ցնցումներ առաջացնելով այդ երկրում։

Իշխանության ղեկին Էրդողանն է՝ իր կրտսեր գործընկեր ազգայնականների հետ կքնած դաշինքով։ Ընդդիմադիր կուսակցություններն էլ՝ վեց կուսակցություն, երկրորդ դաշինքն են կազմել։ Ու կարելի էր կարծել, որ առաջիկա ընտրապայքարում հիմնականում այս երկու դաշինքների միջեւ պետք է ծավալվեր քաղաքական պայքար՝ հանուն իշխանության։ 

Սակայն նախորդ շաբաթ, ինչպես գրում է պոլսահայ «ԱԿՕՍ»-ը, թուրքական քաղաքական երկնակամարում երեւաց երրորդ դաշինքը, որի առանցքում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է։ Թուրքական քաղաքական դաշտում հայտնված նոր դաշինքը կոչվում է Աշխատանքի եւ ազատության դաշինք եւ իր մեջ միավորում է մի շարք կուսակցություններ՝ Թուրքիայի աշխատանքի կուսակցությունը, Աշխատող ժողովրդի կուսակցությունը, Բանվորական կուսակցությունը, Համայնավար խորհուրդների դաշնակցությունը, Հանրային ազատությունների կուսակցությունը։ Այս երրորդ դաշինքն ավելի գաղափարական միավորում է, ըստ թուրք վերլուծաբանների, եւ ներկայացնում է Թուրքիայի քաղաքական դաշտի ձախակողմյան հատվածը։

Եվ հիմա, ըստ էության, քաղաքական պայքարն այս երեքի մեջ է ծավալվելու, կամ այս երեք միավորներն են պայքարելու, որպեսզի, Էրդողանի դաշինքի դեպքում, պահպանեն իշխանությունը, իսկ ոչ իշխանական երկու դաշինքների դեպքում հնարավոր ամեն բան անեն, որ Էրդողանին «տուն ճանապարհեն» ու փրկեն թուրքական դեմոկրատիայի վերջին մնացորդները։ Թուրքիայում կան նաեւ որոշ մտավախություններ, որ իշխանությունները կարող են, հասկանալով, որ վերարտադրվելու հնարավորությունները քիչ են, անցնել կոշտ մեթոդների, նույնիսկ գործի դնել պետական ահաբեկչական մեքենան, որպեսզի կարողանան պահպանել իշխանությունը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն