Ըստ Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ամենայն հավանականությամբ կնքվելու է 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Ի՞նչ սահմանների մասին է խոսքը տվյալ դեպքում։ Աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանն ասում է, որ տվյալ դեպքում խոսքը Խորհրդային Միության Գլխավոր շտաբի գծած քարտեզների մասին է։ Դրանք երկկողմ վավերացվել են 1969-70 թվականներին։ Այդուհանդերձ, ըստ Գալչյանի, իրավական տեսակետից կան խնդիրներ, որոնք պետք է շտկել։

Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստանի ու Ադրբեջանի անկախացումը տեղի ունեցավ հենց այն սահմաններոով, որոնք քարտեզագրվել էին Խորհրդային Միության Զինված ՈՒժերի Գլխավոր շտաբի կողմից։ Այդ քարտեզներով են ամրագրվել ու վավերացվել ոչ միայն Հյաստանի և Ադրբեջանի, այլև խորհրդային մյուս հանրապետությունների սահմանները։ Այդուհանդերձ, ըստ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի, դրանցում կան խնդիրներ, որոնք սահմանազատման ընթացքում պետք է քննարկվեն։ 

«Ժամանակին մեր տարածքներից տրվել են Ադրբեջանին, երբ պետք է ստեղծվեր «Կարմիր քրդստան» գավառը։ Այն գտնվելու էր Քաշաթաղի շրջանում՝ Լաչինից մինչև գրեթե Պարսկաստանի սահմանը»։

Անցած դարի 20-ական թվականների այդ նախաձեռնության հիմնավորումն այն է եղել, որ Ադրբեջանում բնակվող բոլոր քրդերը պետք է տեղափոխվեին այդ գավառ։ Այդտեղ բավարար արոտավայրեր չկային, քանի որ տարածքը լեռնային է, հետեւաբար, որոշվում է Հայաստանից որոշ տարածքներ կտրել և տալ այդ գավառին։

1932 թվականին Ադրբեջանը չեղարկել է «Կարմիր քուրդիստանի» ստեղծումը, սակայն այն տարածքները, որոնք վերցվել էին հենց այդ պատրվակով՝ հետ չեն վերադարձվել Հայաստանին։

Ռուբեն Գալչյանն ընդգծում է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Հայաստանին, քանի որ  Հայաստանից հողեր վերցնելու պատճառը չկա։ Երկրորդ իրավական խնդիրն, ըստ Գալչյանի, այն է, որ Հայաստանում նաև ապօրինի անկլավներ են ստեղծվել։ Խորհրդային Միությունը դրանք Հայաստանից կտրել ու տվել է Ադրբեջանին՝ առանց որևէ իրավական փաստաթղթի ու առանց որևէ վավերացված որոշման։ Այս ամենը հակասում է նույնիսկ Ադրբեջանի սահմանադրությանը, քանի որ այնտեղ շեշտվում է, որ Ադրբեջանը 1918-20 թթ սահմաններով է հիմնադրվում և իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։   

«Եթե խորհրդայինը չեն ընդունում, ապա այն բոլոր տարածքները, որոնք խորհրդային տարիներին իրենց են տրվել, չպիտի ընդունեն և պիտի վերադարձնեն։ Խորհրդային հին քարտեզներում էլ՝ մինչեւ 1936 թվականը, որևէ անկլավ գոյություն չի ունեցել Հայաստանի մեջ, որը պատկանի Ադրբեջանին»։

Սակայն, Ադրբեջանը միշտ խոսում է այն մասին, ինչն իրեն ձեռնտու է։ Խորհրդային քարտեզների մասին էլ խոսում է այն ժամանակ, երբ իրեն է ձեռնտու։ Այն դեպքերում, երբ ձեռնտու չէ՝ խոսակցության թեման տեղափոխում են 18-20 թվականներ։ Այսինքն՝ քարտեզագետը նկատում է, որ այդ երկրի համար որևէ փաստ, վավերացված քարտեզ գոյություն չունի։

 «Պաշտոնական քարտեզը, որն այդ շրջանից հետո ստեղծվել է, դա 1921-23 թթ.-ի՝ կրկին ռուսական շտաբի քարտեզներն են, որոնք որևէ մեկը չի տեսել՝ Մոսկվան գաղտնի է պահել, մինչև այսօր էլ գաղտնի են։ Սակայն, դրա  հիման վրա՝ 1926-ին Էն-Կա-Վե-Դեն հրատարակել է Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները խորհրդային մեծ հանրագիտարանում։ Այդ քարտեզների մեջ նույնպես նշածս բոլոր այդ տարածքները Հայաստանի մեջ են և անկլավներ գոյություն չունեն։ Այդ քարտեզների վրա Հայաստանն ունի ավելի քան 31 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Բայց, սկիզբը՝ սկսելու համար, այդ 29.800  քկմ-ը Ադրբեջանը պիտի ընդունի և իր զորքերը դուրս հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից, ուր այսօր ներխուժել է տարբեր տեղերից՝ Սև լիճն է, Իշխանասարն է, Շորժան է, Ջերմուկն է և այլն»։

Ռուբեն Գալչյանը համոզված է, որ եթեԱդրբեջանն իր զինված ուժերը հետ չքաշի այդ տարածքներից,  կնշանակի, որ խաղաղության շուրջ բանակցությունները զուր են։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն