15–20 տարի՝ այս պահից սկսած․ որքա՞ն ժամանակ է պետք Սևանա լիճը մաքրելու համար
Մասնագետները հաշվել են, որ Գեղարքունիքի մարզում գործող ջրի մաքրման երեք կայանները տարեկան 600 տոննա աղբ են հեռացնում։ Մեխանիկական մաքրումը կեղտաջրերից խոշոր աղբի, ավազի ու որոշակի օրգանական նյութերի հեռացումն է։ Բայց միայն սա բավարար չէ Սևանա լիճ թափվող ջրերի որակը վերահսկելու և լիճը մաքուր պահելու համար։ Սևանա լճի էֆտրոպացման երևույթը, այսինքն՝ կապտականաչ ջրիմուռներով պատվելն ու դրա պատճառները Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետները մանրամասն հետազոտել են Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով»՝ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում։ Նույն ծրագրով նաև հետազոտել են անտառածածկ տարածքների փոփոխություններն ու գնահատել դրանք։
Այս պահից սկսած մեկից երկու տասնամյակ կպահանջվի Սևանա լճի ջուրը մաքելու համար։ ՀԱՀ ասիստենտ– հետազոտող, լճագետ Կարապետ Գազանճեանը դա բացատրում է նրանով, որ լճի ինքնամաքրման պրոցեսը տարբեր գործոններով է պայմանավորված․
«Կախված է ծրագրից, գլոբալ տաքացումից։ Գիտենք, որ գլոբալ փոփոխությունները ազդում են նաև հայաստանի ու Սևանա լճի վրա։ Վատագույն սցենարի դեպքում տեղումները կարող են մինչև 30 տոկոսով նվազել։ Հստակ չենք կարող ասել, թե քանի տարի, բայց նվազագույնը՝ 15–20 տարի»։
Սևանա լիճը կապտականաչ ջրիմուռներով ավելի շատ սկսեց պատվել 2018 թվականից։ Մասնագետներն այդ երևույթը էֆտրոպացում են կոչում։ Էֆտրոպացիան ու դրա պատճառները ՀԱՀ մասնագետները մանրամասն հետազոտել են Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում։ Կարապետ Գազանճեանն էֆտրոպացման երեք հիմնական պատճառ է առանձնացնում ․
«Ազոտը, ֆոսֆորը և տաք ջերմաստիճանը։ Ազոտն ու ֆոսֆորը լիճ են ներթափանցում գետերի միջոցով, նաև կոյուղաջրերն են, որոնք թափվումե ն լիճ՝ առանց մաքրվելու»։
Սևանա լիճ լցվող գետերի վրա գործում է կեղտաջրերի մաքրման 3 մեխանիկական կայան՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ ու Մարտունի քաղաքներում։ Դրանք մաքրում են հարակից մոտ 2 տասնյակ բնակավայրերի կեղտաջրերը, որոնք դեպի Սևանա լիճը հոսող գետերն են լցվում։ Լճագետն ասում է, որ մաքրման կայանները միայն մեխանիկական մաքրում են իրականացնում, մինչդեռ կենսաբանական մաքրման կայանները անհրաժեշտություն են։ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է, որ նախատեսում են մաքրման կայաններ կառուցել նաև Ծովինար ու Վարդենիկ համայնքների համար։ Նա ևս փաստում է՝ գործող կայաններն ամբողջությամբ չեն մաքրում ջուրը ․
«Այդ մաքրման կայաններում ջուրը վարակազերծման ու կենսաբանական մաքրման չի ենթարկվում։ Կենսաբանական մաքրման կայան նախատեսված է կառուցել Սևան քաղաքի համար, որի նախագծային փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Կարծում եմ՝ շուտով մրցույթ կհայտարարվի աշխատանքները մեկնարկելու համար»։
Բայց միայն կառուցման ծախսերով հարցը չի լուծվում․ կենսաբանական մաքրման կայանի միայն շահագործումը տարեկան 650–700 մլն դրամ կարժենա։ Դեռ պարզ չէ՝ համայնքային բյուջեն կկարողանա՞ այդքան գումար տրամադրել, թե ոչ։
Նույն՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ» Կոպերնիկուս համակարգի միջոցով ծրագրի շրջանակում մասնագետները հետազոտել ու գնահատել են նաև անտառածածկ տարածքների փոփոխությունները։
Եվա Դանիելյանը ծրագրի մասնակիցներից է։ Հետազոտությունը կատարել են՝ կիրառելով արբանյակային պատկերներ ու համակարգեր։ Պիլոտային ծրագրի շրջանակում ուսումնասիրել են Սևանա լճի ջրի մակարդակի նվազումից հետո տնկված արհեստական անտառների վիճակը․
«Այն հիմնական մեծ տարածքները, որոնք փոփոխվել են, հիմնականում համընկել են Սևանա լճի բարձրացման համար մաքրված անտառ–կղզյակների հետ։ Մոտավորապես 500 հա –փոփոխություն է գրանցվել՝ ըստ իրականացված հետազոտությունների ու հիմնականում դրանք համընկել են մաքրված տարածքների հետ»։
Հետազոտությունները կատարվել են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ծրագրում ներգրավված են նաև պետական կառույցների աշխատակիցներ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն արձանագրում է՝ նոր մեթոդներով՝ ՏՏ գործիքների կիրառմամբ իրենց աշխատակիցները զարգացնում են մասնագիտական հմտությունները։
«Մենք նախատեսում ենք, որ առնվազն եկող տարվանից հնարավորություն ենք ունենալու ընդերքի վերահսկողության ոլորտում օգտագործել ԱՍԹ–ներ։ Սա տասնյակ անգամ կբարձրացնի վերահսկողության արդյունավետությունը։ Այն տեխնիկական միջոցները, որոնք ընդերքի վերահսկողության ոլորտում մենք այսօր կիրառում ենք, կարելի է ասել, որ դարն ապրած են։ Մեր աշխատակիցները, երբ որ սկսել են գործիքները աշխատացնել, այդ հիմքի վրա հնարավորություն ենք ստացել մեր կարողությունները զարգացնել։ Ձեռք բերել ԱԹՍ ու տեխնիկական ծրագրային ապահովում։ Մմեր աշխատակիցները հնարավորություն ունեն դրանք կիրառելու»։
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանն արձանագրում է՝ շրջակա միջավայրի հետ կապված բոլոր երկրները ունեն մարտահրավերներ։ Դրանց հաղթահարման համար կոնսորցիում մոտեցում է պետք։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի գտնել լուծման ուղիները։



















