Կորտիզոլն անվանում են սթրեսի հորմոն, քանի որ դրա մակարդակի բարձրացումը հուշում է, որ օրգանիզմը սթրեսի մեջ է։ Ըստ ներզատաբան Էլվիրա Յաուշևայի, կորտիզոլը ստերոիդային հորմոն է, որն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է կատարում։ Այն միանգամից մեծ չափաբաժնով կարող է արտազատվել ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ, քանի որ հարկավոր է օրգանիզմին սթրեսին դիմակայելու համար։

Կորտիզոլը հիմնականում պատասխանատու է բարդ իրավիճակներում օրգանիզմին բավարար քանակությամբ էներգիա ապահովելու համար, քանի որ նման դեպքերում այն պարզապես «անջատում» է էներգիա խլող այն համակարգերը, որոնք տվյալ պահին կենսական նշանակություն չեն ունենում։

Սակայն եթե օրգանիզմը չափազանց մեծ քանակությամբ կորտիզոլ է արտազատում, ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ։ Նման վիճակը մասնագետներն անվանում են հիպերկորտիցիզմ, որը ոչ միայն տհաճ զգացողություններ է առաջացնում, այլև բավական երկար ժամանակով վատթարացնում է ինքնազգացողությունը։

Նման խնդիրներից խուսփելու համար medikforum.ru կայքը ներկայացրել է այն հիմնական ախտանշանները, որոնք հուշում են օրգանիզմում կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման մասին։

Հյուծվածություն

Կորտիզոլը բարձրացնում է օրգանիզմի աշխատունակությունը, ինչպես նաև տոնուս է հաղորդում սթրեսի ժամանակ։ Եթե այս հորմոնն ակտիվ արտադրվում է միայն կարճ ժամանակով, ապա այն դրական ազդեցություն է ունենում, սակայն երկարատև հեռանկարում այն լուրջ բեռ է դառնում։ Օրգանիզմը պարզապես հոգնում է մշտական լարվածությունից և ի հայտ է գալիս մշտական ֆիզիկական հյուծվածության զգացում ու մկանային թուլություն։

Զարկերակային բարձր ճնշում

Կորտիզոլի մակարդակի բարձրացումն ստիպում է մարմնին գոյատևել մշտական զգոնության պայմաններում և մեծացնում է սրտի կծկումների հաճախականությունը։ Այս ամենի հետևանքով էլ բարձրանում է նաև զարկերակային ճնշումը։

Ընկճախտ ու տրամադրության անկում

Սթրեսի հորմոնի բարձր մակարդակն անկասկած ազդում է նաև մարդու հոգեհուզական առողջության վրա։ Հիպերկորտիցիզմը կարող է հանգեցնել անհանգստության, տամադրության տատանումների, լարվածության, վախի զգացողության ու անգամ ընկճախտի զարգացման։

Քաշի ավելացում

Սթրեսային իրավիճակներում մարդիկ կարող են գիրանալ անգամ քիչ սնվելու դեպքում, քանի որ նրանց օրգանիում սթրեսի հորմոններն ազդակներ են ուղարկում գլխուղեղին այն մասին, որ օրգանիզմը պետք է նախապատրաստվի վատ ժամանակաշրջանին։ Այս ամենի հետևանքով օրգանիզմը փորձում է էներգիան հնարավորինս խնայել, ինչն էլ հանգեցնում է նյութափոխանակության գործընթացների դանդաղման։

Մաշկային խնդիրներ

Օրգանիզմում կորտիզոլի մակարդակի բարձրացման դեպքում տուժում են այս հորմոնի նկատմամբ զգայուն հորմոնները։ Դրանց սպազմների, լարվածության ու վնասվածքների հետևանքով կարող են ի հայտ գալ կապտուկներ, իսկ վնասվածքները կարող են ավելի վատ ապաքինվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն