Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե ինչ քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլին արձագանքելու ուղղությամբ:

Սաղաթելյանը տեղեկացրել է, որ երեկվանից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները լծված են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:

«Իրավիճակի առնչությամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ և հանդես եկել համայն հայությանն ուղղված կոչով, որտեղ հորդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնել արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների:

Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները.

1. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:

2. Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։

3. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։

Այս երեք ուղղություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդես կգանք լրացուցիչ տեղեկություններով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սաղաթելյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն