Արցախի Հանրապետության, երկրի բնակչության և հայ ազգի դեմ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մարդկության դեմ հանցագործություն է, այս հանցակազմի բոլոր տարրերն առկա են` «Ռադիոլուր-ի հետ զրույցում ասում է Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն Նյուրնբերգի համալսարանի իրավաբանական գիտությունների դոցենտ, հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։

Ճանապարհ փակելով, ռազմագերիներին խոշտանգելով, քաղաքացիական անձանց սպանելով մարդկության դեմ հանցագործության հանցակազմն արդեն առկա է, և հենց այս հիմքով էլ, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի միջազգային քրեական դատարան։ Քաղաքական տեսանկյունից այս հարցը հնարավոր է դիտարկել նաև ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում, սակայն դրա համար պետք է հավուր պատշաճի հավաքագրել անհրաժեշտ ապացույցները, որոնց վերաբերյալ փաստական տվյալներ կան սկսած 2020 թվականի 44-օրյա պատերազմից, նույնիսկ դրանց առաջ էլ։

Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահը նշում է, որ  միջազգային իրավունքի գործիքակազմը բավարար է, միջազգային դատարանին դիմումներով հեղեղելը հայկական կողմի համար ռազմավարական նշանակության կարևորություն պետք է ունենա։

«Երբ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որը ստիպում է ժողովրդին կամ պաշտպանվող խմբին հյուծվել կամ նրանց գոյությանը վտանգ է սպառնում, ապա սա նույնպես կարելի է դիտարկել որպես ցեղասպանություն, այստեղ անհրաժեշտ է ապացույցների միջոցով դիտավորության աստիճանը գնահատել, այսինքն, թե ինչպիսի այլ հանգամանքներ կան, որոնք ենթադրում են առանձնակի տեսակի դիտավորություն։ Գազամատակարարման դադարեցումը, սննդից զրկելը, շրջափակումը գոյության սպառնալիք է, սա ևս մեկ ապացույց է, որը կարող է հայկական կողմն օգտագործել ցեղասպանության դիտավորությունն առաջ տանելու համար։ «Ցեղասպանության» եզրույթը բավականին բարդ հանցակազմ է, դրա համար հարկավոր է որպեսզի ռասսայական, էթնիկական կրոնական կամ ազգային խմբի նկատմամբ մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացնելու հատուկ դիտավորության մտադրության հանցակազմ լինի»,- ասում է Գուրգեն Պետրոսյանը։ 

Իրավաբանական գիտությունների դոցենտը իրավական գործիքակազմը օգտագործելու հարցում հայկական կողմի քայլերը ուշացած է համարում, նշում է, որ առայժմ գործում ենք «պոստ-ֆակտում» ձևաչափում, եղելությունից հետո ենք նոր միայն կանխարգելիչ գործողություններ ձեռնարկում, մինչդեռ ադրբեջանական կողմի քայլերը կանխատեսելի են, դրանց իրագործման միջոցների առաջ հայկական կողմը պետք է բոլոր ճանապարհները փակի` առանց հապաղելու միջազգային մեխանիզմները գործի դնելով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն