«Հայաստանում արտահերթ ընտրությունները չդարձան խորքային ճգնաժամից երկիրը դուրս բերելու ելք, մտանք դժոխքի նոր շրջան ադրբեջանական շարունակվող ագրեսիայով այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում»: Սա հատված է ՀՀԿ նախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որն ունեցել է «Եդինայա Ռոսիա» ՌԴ իշխող կուսակցության 20-ամյակի առիթով կազմակերպված միջկուսակցական միջազգային ֆորումում:

Սերժ Սարգսյանի ելույթը պարունակում է մի շարք ուշադրության արժանի հանգամանքներ, որոնց թե անդրադարձել եմ նախկինում, թե կլինեն անդրադարձի առիթներ ապագայում: Դառնալով վերևում մեջբերմանը, անհրաժեշտ է նկատել մի հանգամանք, որ Սարգսյանը փաստորեն «Եդինայա Ռոսիայի» կազմակերպած միջոցառմանն արձանագրում է Երևանի պաշտոնական դիրքորոշումը, ինչը անուղղակիորեն նշանակում է Ռուսաստանի պատասխանատվության շեշտադրում՝ որպես Հայաստանի անվտանգային հարցերում իրավա-քաղաքական պարտավորություններ ունեցող կողմի: Այդ համատեքստում ուշադրության է արժանի այն, որ Սերժ  Սարգսյանի «Եդինայա Ռոսիայի» ներկայիս կուսակցապետ, ՌԴ ԱԽ փոխնախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևին հիշեցնում է 2010 թվականի երևանյան այցն ու դրա ընթացքում ՌԴ ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի լրացումները, որոնց համաձայն երկարաձգվեց ռազմակայանի առկայության ժամկետը, ինչպես նաև Հայաստանի անվտանգության հարցերում իրավասությունների ու լիազորությունների շրջանակը, ինչը ենթադրում է ռազմակայանի դաշնակցային պատասխանատվություն-պարտավորություն ոչ միայն Թուրքիայից, այլև Ադրբեջանից եկող վտանգների պարագայում:

Այդպիսով, «Եդինայա Ռոսիայի» ֆորումում արձանագրելով  Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ ոտնձգությունը, նաև ելույթի շրջանակում անդրադառնալով 2010-ի պայմանագրին և շեշտելով, որ դա ճիշտ քայլ էր, Սերժ Սարգսյանը Մեդվեդևին հիշեցնում է թերևս հենց դա, պարզապես տողատակում, ոչ բաց տեքստով, սակայն բավականին թափանցիկ շարադրությամբ և ակնարկով: Սրան զուգահեռ, հունիսի 20-ի խորհրդարանի ընտրությանն անդրադարձն ու գնահատականը խիստ հատկանշական է, եթե հաշվի առնենք այն, որ 20-ի ընտրությամբ Հայաստանում ձևավորվել է ոչ միայն իշխանություն, այլ ըստ էության առնվազն խորհրդարանական ընդդիմություն, որտեղ երկրորդ դիրքում ամրապնդվել է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը՝ որը միայն 2015-ի սահմանադրական փոփոխությամբ ապահովված բոնուսային սկզբունքի շնորհիվ անցավ խորհրդարան, այլ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը: Ուժ, որի ընդդիմադիր գործունեության ակնառու մարտավարական հենքը հայաստանյան իրավիճակը հնարավորինս դժոխային դարձնելն ու այդ կերպ Փաշինյանի վարկանիշի «քոքին» հասնելն է: Ռոբերտ Քոչարյանն այդ մասին խոսել է բաց: Եվ ինչպես է հնարավոր հասցնել Փաշինյանի վարկանիշը «քոքին», եթե ոչ իրավիճակը դժոխային դարձնելու ջանքով: Սերժ Սարգսյանը ռուսական ամբիոնում բավականին թափանցիկ տողատակով ելույթում փաստացի բարձրացնում է նաև այդ հարցը և դրանում էլ թերևս ակնարկում Ռուսաստանի պատասխանատվության մասին, ընդ որում բավականին նուրբ շերտերով, որոնց գուցե կլինեն անդրադառնալու առիթներ:

Ի դեպ, ուշադրության է արժանի թերևս մի բան ևս: Իհարկե ելույթում Նիկոլ Փաշինյյանի և նրա իշխանության հասցեին հերթական կոշտ և անգամ կոպիտ գնահատականի հանգամանքը միանգամայն հասկանալի է առնվազն «ժանրի կանոնի» տրամաբանությամբ, ի վերջո Սերժ Սարգսյանի կարգավիճակից ելնելով ավելի տարօրինակ կլիներ հակառակը: Սակայն ուշագրավ է այն քաղաքական շեշտադրումները, որ նա անում է ելույթում Արցախի հարցի վերաբերյալ, որ հարցը կարգավորված չէ և որ կարգավորման հարթակը պետք է լինի Մինսկի խմբի համանախագահությունը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն