Մեր զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի հետ կապված ասում է, որ վերջին իրադարձությունները փոխել են պատկերը տարածաշրջանում, և մենք պետք է ինչ–որ կերպ հարմարվենք նոր իրականությանը։ Սա օբյեկտիվ իրականություն է, այն պետք է ընկալել այնպես, ինչպես կա, ասել է նա։ Որքանո՞վ է սա օբյեկտիվ իրականություն և ինչու է ռւոսաստանցի պաշտոնյան կոչ անում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։

Ռուսաստանի տեսանկյունից միանգամայն ճիշտ է Ռուդենկոն. իրենք թուրքերի հետ ստեղծեցին այս իրավիճակը, որպեսզի արգելակեն Արևմուտքի մուտքը Հարավային Կովկաս: Հիմա մեզ կոչ է անում համակերպվել նոր իրողությանը: Ռուդենկոն լավ կաներ ասեր, թե ի՞նչ նոր աղետ են պատրաստ բերել մեր ժողովրդի գլխին, եթե չհամակերպվենք՝ արդյոք նոր պատերազմ կամ ցեղասպանություն: Նրա այդ խոսքը դիվանագետի խոսք չէ, այլ ահաբեկչի, որի ձեռքին պատանդ է մի ողջ պետականություն և հինավուրց ժողովուրդ:

Առաջիկայում սպասվում է հանդիպում Բրյուսելում, ի՞նչ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից։

Ակնկալիքը կախված է միայն պետությունը ներկայացնողի անհատական որակներից: Եթե նրա խիզախությունը բավարարի, ապա Հայաստան կհրավիրի քաղաքակրթական մեր եղբայրնեին՝ հակակշռելու համար ռուս-թուրքական խեղդող օղակը:

Սոչիում խոսք գնաց ՌԴ–ի միջնորդությամբ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին։

Ռուսական կնքահայրությամբ սահմանային խնդրի լուծումը ոչ միայն չի բխում մեր շահերից, այլև դեմ է լինելու մեր շահերին: Մենք դա տեսել ենք անկախ Հայաստանի տարածք 1920 թվականի ռուսական բանակի ներխուժման օրից. դրա հետևանքն է եղել 70 տարի անընդմեջ փոքրացող Խորհրդային Հայաստանի տարածքը: Հիմա էլ Ռուսաստանը կա՛մ թողնում է տարածաշրջանը՝ այն մեր հաշվին և թանկ վաճառելով թուրքերին, կա՛մ սեփական անզորությունից ելնելով՝ մեր երկրի ստրատեգիական բարձունքներն ու ստրատեգիական ճանապարհները քարտեզագրման անվան տակ վաճառելով Ադրբեջանին, որ նույնն է, թե՝ Թուրքիային (Նախիջևանը վկա): Վտանգը հենց ստրատեգիական դիրքերի հանձնումն է ու վաղվա մարտահրավերների ժամանակ այսօրվանից արդեն իսկ մեզ օղակի մեջ գցելը:

Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները որքանով է հնարավոր կյանքի կոչել։

Ոչ մի բան էլ Սոչիում ձեռք չի բերվել: Մեր գերիները նույնությամբ մնալու են ռուս-ադրբեջանական պատանդության մեջ, իսկ պատանդ միայն ահաբեկիչներն են պահում: Այդ ողորմելի հանձնաժողովը չի կարողանալու արագ գործել, այլապես մեր երկիրը կհայտնվի դժոխքի դռների առջև:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն