Մեր պետությունը գահավիժում է 30 տարի, պարզապես վերջին 3 տարին ավելի վտանգավոր է
Gallup International Association-ը մի քանի հարցումներ էր կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ներկայիս ազգային սպառնալիքների, գործող իշխանությունների գործունեության վերաբերյալ, քանի որ նոր կառավարության 100 օրն է լրացել, եւ այլ թեմաներով։ «Գելլափ ինթերնեյշնլի» հարցմանը, թե ինչպես են գնահատում Նիկոլ Փաշինյանի ձեւավորած նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը, մասնակիցների միայն 6.2%-ն է գնահատել լիովին դրական, 35.4%-ի մոտ պատասխանն ընդհանրապես բացասական է, իսկ 24.5%-ի կարծիքով՝ ավելի շուտ դրական է։
Համեմատելով նույն թեմայի վերաբերյալ արված հարցման 2018 թվականի տվյալների հետ՝ ակներեւ է դառնում, որ հեղափոխական շունչն ու էյֆորիկ զգացողությունները նկատելիորեն նվազել են։ 2018 թ. սեպտեմբեր ամսվա հարցումների տվյալներով՝ 33.0%-ի համար լիովին դրական է եղել տրամադրվածությունը, իսկ 51.0%-ի մոտ ավելի շուտ դրական տպավորություն է եղել, քան բացասական, եւ միայն 4.6%-ի մոտ է, որ կարծիքը բացասական է եղել։ Կարծիքի դինամիկան դրական իմաստով նվազել եւ բացասական իմաստով սկսել է աճել արդեն 2019 թվականին: Սույն թվականի մայիսին անցկացված հարցման տվյալներով, լիովին դրական տրամադրվածություն ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 20.3%, իսկ ավելի շատ դրական տրամադրվածություն ունեցող քաղաքացիների թիվն աճել է՝ կազմելով 53.8%, ավելացել է նաեւ ընդհանրապես բացասական գնահատող քաղաքացիների թիվը՝ 7.8%:
Փորձեցինք նաեւ մասնագիտական կարծիք լսել քաղաքագետներից։ Կառավարման ոլորտի մասնագետ Հարություն Մեսրոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառավարության 100 օրվա հետ կապված որեւէ բան ասելու համար պետք է համեմատություն անել, բայց տարակուսեց՝ ինչի՞ հետ համեմատել, որ իմանա՝ հաջողե՞լ են, թե՞ տապալվել։ «Իմիջիայլոց, այս խնդիրը 30 տարվա մեր անկախության խնդիրն է։ Ես մենակ մի բան կարող եմ ասել՝ Հայաստանը շարունակում է գահավիժել»։
- Այնուամենայնիվ, կա՞ որեւէ մեկը, որին կարելի է առանձնացնել այս կառավարությունից։
- Ոչ թե այս կառավարությունը, այլ՝ մեր կառավարությունը։ Եթե անձերով գնանք՝ տարբեր խորությամբ անհաջողություններ են տարել, որեւէ ոլորտ կամ համակարգային հաջողություններ չկան, որոշ չափով կարելի է առանձնացնել ճանապարհաշինարարությունը։
- Իսկ Սուրեն Պապիկյանի օրո՞ք, թե՞ Գնել Սանոսյանի։
- Ես ո՛չ մեկին եմ հիշում, ո՛չ էլ մյուսին, երեւույթն եմ նշում։ Երբ գրանտալափները գալիս են իշխանության ու ուզում են դուր գալ մարդկանց, իրենք պետք է ձեւական, շոշափելի փոփոխություն անեն, ամենալավ երեւացող գործը ճանապարհների շինարարությունն է։ Խոսքը չի գնում, որ ճանապարհները պետք չեն։
Այստեղ ես մի երկու «քաղցր խոսք» պետք է ասեմ, այսպես կոչված, նախկիններին․ ո՞ւր է հյուսիս-հարավ ճանապարհը։ երբ 10 տարի առաջ այդ ճանապարհը սկսվեց կառուցվել, եւ հիմա՝ դրա գինը, ինչքան գիտեմ, մի քանի անգամ ավելացավ, ո՞ւր են նախորդները, չե՞ն ուզում պատասխան տալ։ Որտե՞ղ է ռազմավարական հյուսիս-հարավ ճանապարհը։ Ես դրա համար եմ ասում՝ մեր գահավիժումը 30 տարի է, պարզապես վերջին 3 տարին յուրահատուկ գահավիժում է՝ ավելի վտանգավոր։
Hraparak.am