Մեր զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին պատասխանատու խմբագիր Արիս Նալջին

Պարոն Նալջի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք: Մասնավորապես, Թուրքիայի կողմից կա այդպիսի առաջարկ, Հայաստանն էլ դիմել է Ռուսաստանին այդ հարաբերություններում միջնորդ լինելու համար:

Էրդողանի իշխանությունը քայլ է անում պոլսահայ համայնքի հետ, և միաժամանակ ցույց է տալիս Եվրոպային, որ իր երկրի փոքրամասնությունների հետ լավ է վարվում, նաև ցույց է տալիս Հայաստանին, որ տեսեք, ես այստեղի հայերին վատ չեմ վերաբերվում: Բայց մենք պետք է խոսքերից բացի իրական քայլեր տեսնենք: Ինչ ենք մենք տեսնում մինչև այսօր, տեսնում ենք, որ Թուրքիան նախապայմաններ էր առաջ քաշում կապված Ղարաբաղի հարցի հետ, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ: Եվ ես ռեալ չեմ համարում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված այս քայլերը: Բայց ես կարծում եմ, որ ամենափոքր առիթ է օգտագործելու Հայաստանի հետ նոր կոնֆլիկտի մեջ մտնելու, որպեսզի նոր պատ առաջանա: Եվ սրա վրա է խաղում Թուրքիան: Տեսեք, թե ինչ արեց Էրդողանի կառավարությունը քրդերի հետ, քրդերի հետ խաղաղության պայմանագիր կնքեց տարիներ առաջ, բայց հիմա տեսնում ենք, որ այդ պայմանագիրը օգտագործելով, քրդերի վրա է հարձակվում: Եվ այս օրինակը նկատի ունենալով, պետք է խելացի գտնվել, հասկանալ, թե որ քայլը ինչի համար է անում Թուրքիան, արդյոք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, թե Ռուսաստանին ինչ-որ բան տալու համար է։ Մյուս կողմից Թուրքիան հիմա գտնվում է տնտեսական ծանր ճգնաժամի մեջ, և դժվար է ասել, թե մինչև հաջորդ ընտրություններ ինչ կլինի Թուրքիայում:

Պոլսահայ համայնքի մի շարք գործիչներ Անատոլիական գործակալության հետ զրույցում իրենց համակրանքը Էրդողանին չէին թաքցնում: Նրանք ներկայացնո՞ւմ են թուրքահայ համայնքը:

Կարծում եմ՝ թուրքահայ համայնքի կարծիքը հստակ ներկայացնում է «Ակօս» թերթը և կամ «Մարմարան»: Իսկ «Անադոլու» լրատվամիջոցը պետության պրոպագանդան, իրենց մանիպուլացիան իրականացնելու տեղ է: Պետրոս Շիրինօղլուն, որ Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետն է, ամենամեծ հայկական հիմնադրամի նախագահ և «Կարագյոզյան տուն» որբանոցի ատենապետ Տիգրան Գյուլմեզգիլը կառավարության հետ սերտ հարաբերություններ ունեցող անձինք են: Նրանց շատ անգամ են տեսել Էրդողանի և կառավարության անդամների հետ: Հետևաբար, հասկանալի է, որ «Անադուլուն» հենց իրենց է ներկայացնում, և այն, ինչ հրապարակվում է, դա նախօրոք քննարկված, նոր հրապարակված նյութ է, ոչ թե իրենք կարող են քննադատել պետությանը, կամ ոչ: Մենք պետք է հասկանանք, որ պետության հետ ամենաբարձր կերպով հարաբերություն ունեցողներն ամեն տեղ պետության տեսակետը տարածողներն են: Ես չեմ կարծում, որ Շիրինօղլուն կամ  Տիգրան Գյուլմեզգիլը Արցախի հարցի կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցի լուծումը Էրդողանից տարբերվող կերպ են տեսնում: Բնականաբար, չեմ կարող ասել, որ հայ համայնքի կարծիքը համընկնում է այս երկու անձանց կարծիքի հետ: Հայաստանցիներն ավելի լավ գիտեն, որ վերջին մի քանի տարվա ընթացքում որքան շատ մարդ Թուրքիայից է եկել Հայաստան և դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որովհետև Թուրքիայում իշխող տոտալիտար ռեժիմը ճնշում էր իրենց: Դրա համար մարդիկ Թուրքիայից փախան Հայաստան, ոչ թե Հայաստանից՝ Թուրքիա: Խոսքը հազարավոր մարդկանց մասին է: Ոստիկանության տվյալներով, վերջին 5 տարիներին 3 հազարից ավելի մարդ է դիմել Թուրքիայից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Պետք է խորհել, որ այդ ճնշումները Թուրքիայում կան, և իրականությունն այն չէ, ինչը ներկայացնում են Էրդողանը, Շիրինօղլուն և Տիգրան Գյուլմեզգիլը: Հետևաբար, պետք է մեր ներքին աղբյուրներին նայելով՝ «Մարմարա», «Ժամանակ» թերթերին նայելով, խորագրերը կարդալով կարող ենք հասկանալ, թե իրավիճակն ինչպիսին է: Ես այդ թերթերում խորը մտահոգություններ կարդացի պետության այդ քայլերի հետ կապված: Բայց, ի վերջո, եթե պետությունն ասում է, որ ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները լավացնել, այդ հարցի շուրջ պետք է ամեն մարդ մի քիչ ավելի ուժեղացնի ճնշումը, ասի՝ ասել ես, դե արա: Այսինքն պետք է դիմումներ, նամակներ հղել և դրանով գործընթացի մասնակից դառնալ, հարկադրել, որ պրոցեսն առաջ գնա:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն