Գործ ունենք տրանսպորտի քաղաքակիրթ համակարգի դեմ համակարգված պայքարի, հին մեթոդները վերադարձնելու համար պայքարի հետ
Lragir.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը
Տիկին Աբգարյան, մի կողմից Երևանում նոր տրանսպորտային միջոցներ են դուրս բերվում երթուղի, մյուս կողմից ականատես ենք լինում վարորդների բողոքի ակցիաներին, դժգոհում են նաև ուղևորները։ Այսինքն՝ գլոբալ առումով տրանսպորտի հարցը լուծված չէ, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
Ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ Երևանում ամեն ինչ արվում է՝ ուղղված տրանսպորտի խնդրի լուծմանը։ Եվ մինչ մենք ավելացնում ենք շարժակազմը ու փորձում անցնել ավելի քաղաքակիրթ վճարման ձևի ու մեր քաղաքացիների համար ավելի անվտանգ համակարգ ստեղծելուն, վարորդները, սովոր լինելով հին բարքերին, ցավոտ են ընդունում այս փոփոխությունները։ Նրանք ուզում են հին ոճով իրենց եկամուտն ապահովել։ Սա արդեն վերջին շրջանի երկրորդ գործադուլն է վարորդների կողմից։ Առաջին գործադուլը նրանք իրականացրեցին հենց տեսախցիկների դեմ, չեն ուզում, որ տրանսպորտում տեսախցիկ լինի։ Այս ամենը խոսում է այն մասին, որ գործ ունենք տրանսպորտի քաղաքակիրթ համակարգի դեմ համակարգված պայքարի, հին մեթոդները վերադարձնելու համար պայքարի հետ։ Այստեղ է, որ քաղաքային իշխանությունը որևէ կերպ չպետք է նահանջի և չպետք է զիջի, որովհետև սա փաստորեն խոստովանություն է, որ վճարվող գումարների մեծ մասը մինչ այժմ ստվերային են եղել ու գրպանվել են։ Եթե վարորդները գոհ էին նախկին ձևից, ուրեմն ուղիղ գրպանվել են այդ գումարները։
Հասարակական տրանսպորտի ոլորտում ներդրված նոր վճարային համակարգը մի շատ կարևոր հարց է լուծում, խոսքս ֆիքսված աշխատավարձի մասին է։ Վարորդներն այլևս չպետք է մեկը մյուսի նկատմամբ վազանց իրականացնեն, ուղևոր փախցնեն։ Դա ստեղծում էր նաև ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակ։ Սա նաև մյուս վարորդների նյարդերը խնայելու համար է։ Ես կարծում եմ, որ այս աղմուկն իզուր է, նման բողոքի ձևերը չպետք է որևէ արդյունք ունենան։ Իրականում վարորդները սնվում են համայնքային բյուջեից, բայց նրանք միակ աշխատողները չեն, որ սնվում են համայնքային բյուջեից։ Մենք ունենք դաստիարակներ, դայակներ, որոնք ամսական մոտ 90 հազար դրամ են ստանում և օրը 30-40 երեխա են կրթում։ Եվ նաև այդ վարորդների երեխաների ու թոռների մասին է խոսքը։ Եթե այս ձևն ընդունելի լինի, կարող են համայնքային բոլոր աշխատողներն էլ գործադուլ անել։
Ես հիշում եմ, որ հենց այս նույն մարդկանց գործադուլը նաև տեսախցիկների դեմ էր։ Բնականաբար, վարորդը վատ է զգում, որ չի կարողանալու ծխել կամ ուզում է գումարը ոչ թե գցեն դրամարկղը, այլ իրեն տան։ Ցավոք, մենք նաև նման ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ նույնիսկ նոր տրանսպորտային միջոցներում 100 դրամների վճարման եղանակի դեպքում կան վարորդներ, որոնք գումարն առձեռն են վերցնում։ Այսինքն՝ մենք պետք է դրա դեմ պայքարենք։
Այսինքն՝ քաղաքապետարանի քաղաքականությունն այն է, որ ստվերային գումարները բերվեն օրինական դա՞շտ, նախկին բարքե՞րն են արմատախիլ արվում։
Այո, այդ բարքերն են արմատախիլ արվում և ստվերն է վերանում։ Եթե հիշում եք նույն 150 դրամի դեմ պայքարը, ես ինքս մասնակցել եմ դրան ու նշում էի, թե ինչու առաջին հերթին պատրաստ չեմ 150 դրամ վճարելու, որովհետև պարզ չէր՝ ո՞ւր են գնում այդ գումարները։ Չկար ոչ տոմս, ոչ վճարման քաղաքակիրթ միջոց։ Եվ բոլորս էլ հասկանում էինք, թե ուր էին գնում այդ գումարները։ Դրանք չէին ուղղվում մեքենաների պարկի թարմացմանը, ներդրումներ չէին արվում, ինչի հետևանքով Երևանը կանգնեց աղետի առաջ, երբ մեքենաների շարժակազմը հնացել էր ու անպետք էր, իսկ նորերը չէին բերել։ Հենց նույն գծատերերն այդ գումարները ծախսել էին։ Վերջիվերջո մայրաքաղաքի մասին է խոսքը, մենք վաղ թե ուշ պետք է ունենայինք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ, ամոթ էր այն, ինչ մինչ օրս կար։ Ես կարծում եմ՝ քաղաքապետարանում պետք է մտածեն B կարգի վարորդներ պատրաստելու ուղղությամբ։ Գուցե մեր սոցիալական բլոկն այստեղ միանա, մենք ունենք անապահով ընտանիքներ, այդ երիտասարդներին տալով համապատասխան կրթություն՝ մենք կաճեցնենք նոր սերունդը, որը կունենա նոր մտածելակերպ, որը սովոր չէ գրպանելու համայնքի փողերը։
Մինչ դուք այս խնդիրների լուծման մասին եք խոսում, երևանցիներն ամեն օր դժգոհում են տրանսպորտի խնդրից, այսինքն՝ այդ խնդիրը լուծված չէ։ Ի՞նչ անեն ուղևորները։
Ես ինքս երևանցի եմ, տրանսպորտից եմ օգտվում և այսօր վարորդների գործադուլի պատճառով չէի կարողանում դասի գնալ։ Ես ամենաառաջին շահագրգիռ մարդն եմ, որ այդ հարցն արագ լուծվի, իմ ընտանիքի ու իմ մաշկի վրա եմ զգում տրանսպորտի բացակայությունը։ Ես կարծում եմ՝ օր առաջ պետք է լրացվի բացակայող շարժակազմը, բայց ես նաև հասկանում եմ, որ շարժակազմի ավելացումն էլ տրանսպորտի ուշ-ուշ գալու հարցը չի լուծելու։ Մենք Երևանում ունենք սարսափելի խցանումների խնդիր, և դու կարող ես 60 ավտոբուս հանել նույն գծի վրա, 60-ն էլ մնան խցանման մեջ։ Այսինքն՝ այստեղ պետք են որոշակի լուծումներ, որոնք կնպաստեն քաղաքը խցանումներից ազատելուն։ Կամ գուցե երթևեկության առաջին գիծը միայն տրանսպորտի համար պետք է նախատեսված լինի, որպեսզի տրանսպորտը չուշանա։