Մեղրիի հատվածում նախկին երկաթգծի վերականգնումը մեծ ներդրում է պահանջում․ Վահան Քերոբյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ վարչապետի հայտարարությանը, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին գործարկվելու է։ Հարցին, թե կա՞ն հաշվարկներ, տնտեսական ի՞նչ օգուտներ է ստանալու Հայաստանը դրանից, նախարարը պատասխանեց․ «Շատ կարևոր է մանրուքները, կարևոր է հասկանալ, թե ինչ ժամանակացույց է, որովհետև որոշ երկաթգծերի վերանորոգումը կամ նորից սարքելը շատ երկար են տևելու, քան մյուսները։ Եվ կարևոր է հասկանալ՝ արդյոք երկաթգծերը կմտնեն շահագործման հենց պատրաստ լինելու հիմքով, թե՞ միաժամանակ։ Եթե միաժամանակ, ապա առջևում դեռ մի քանի տարի կա»։
Ըստ Վահան Քերոբյանի՝ Մեղրիի հատվածում նախկին երկաթգծի վերականգնումը մեծ ներդրում է պահանջում։ «Գիտեք, որ նախկին երկաթգիծն ամբոջությամբ ապամոնտաժվել է, ճանապարհն արդեն դարձել է ավտոմեքենայի ճանապարհ։ Այստեղ կարող է նոր ճանապարհի անհրաժեշտություն լինել։ Այդտեղ, կարծում եմ, այս պահին մենք հստակ նախագիծ չունենք և չունենք նաև մոտավոր գնահատական։ Բայց, կարծում եմ, խնդիրը կարող է մոտ 200 մլն դոլարի սահմաններում ներդրում պահանջել։ Իսկ ավելի խոշոր ներդրումը դա արդեն սահմանից մինչև Հորադիզ՝ արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցումն է, և այդտեղ ներդրումներն արդեն բավական խոշոր են, իմ հիշելով՝ 1մլրդ դոլարից ավելի ներդրում է անհրաժեշտ, որպեսզի այդ հատվածը վերագործարկվի»,- ասաց նա։
Ըստ Քերոբյանի՝ կախված նրանից, թե ինչ ժամանակացույցով շահագործման կհանձնվեն երկաթգծերը, ճանապարհը Թուրքիայի հետ և այլն, այդ ամբողջը հաշվի առնելով միայն հնարավոր կլինի ճշգրիտ հաշվարկներ ունենալ ապաշրջափակման տնտեսական էֆեկտների մասին։
Lragir.am