101 տարի առաջ՝ դեկտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 02-03-ին, պատերազմում պարտված Հայաստանի ու հաղթանակած Թուրքիայի միջեւ ստորագրվեց խաղաղության պայմանագիր: Այդ պայմանագրի հիմնական դրույթները ներկայացրել եմ «Հրապարակի» հոդվածներից մեկում: Հայաստանի տարածքը, պայմանագրի համաձայն, կազմելու էր 10-12 հազար քառակուսի կիլոմետր՝ արեւելքից, հարավից եւ արեւմուտքից շրջապատված թուրքերով: Նորմալ բանակի փոխարեն Հայաստանին թույլատրված էր ունենալ 1500 ձիավոր զինվորական եւ կարծեմ՝ մեկուկես տասնյակ թեթեւ թնդանոթ: Թուրքիային իրավունք էր վերապահված միջամտել Հայաստանի ներքին գործերին: Ահա այսպիսի տեսք ուներ Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիրը: Ուղղակի տեղեկացնեմ, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո այն չեղյալ էր հայտարարվել:

Իսկ ինչպիսի՞ տեսք կունենա Նիկոլի օրոք կնքվելիք պայմանագիրը: Հայաստանն ամբողջությամբ կհրաժարվի Արցախից (1992 թվականի Լ. Տեր-Պետրոսյանի ականջը կանչի) եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից (Լ. Տեր-Պետրոսյանի ականջը կանչի՝ առանց թվականի սահմանափակման): Միաժամանակ, տեղի կունենա Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանի իրավական ճանաչում: Պատերազմում խայտառակ պարտությունից հետո Թուրքիան ավելացրեց եւս մեկ նախապայման, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում Ադրբեջանին։ Այս ամենը, ըստ Նիկոլի իշխանության, կոչվելու է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում: Ինքն ու իր ուսապարկերը, իհարկե, «մոռացել» են, որ իր գլխավոր հրամանատարությամբ թուրքական նախապայմաններից մեկն արդեն կյանքի է կոչվել. մենք համարյա թե կորցրել ենք Արցախը: Իսկ Իլհամի ասելով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված է», եւ կարգավիճակի հարցն էլ փակված՝ իրենք այժմ ձգտում են խաղաղության հաստատմանը: 

Հիշեցնեմ․ խաղաղության հաստատմանն է ձգտում նաեւ Նիկոլը, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չի համարում եւ կարգավիճակի խնդիրն էլ փակված: Նիկոլի դիրքորոշումը, իհարկե, ակնահաճո է, սակայն Իլհամը խոսում է հաղթողի դիրքից, Նիկոլը՝ պարտվածի: Ինչը նշանակում է, որ այս հարցում էլ է Նիկոլը պարտված՝ ուղղակի դեռ չի գիտակցում կամ ձեւ է անում: Այնուհետեւ հերթը կհասնի նաեւ Իլհամի մատնանշած «Արեւմտյան Զանգեզուրին»՝ էլ չասած Երեւանի ու Սեւանի մասին: Ու այդ ժամանակ Նիկոլը կա՛մ կգիտակցի եւ կա՛մ ուզած-չուզած՝ կդադարի ձեւ անելուց: Իսկ որպեսզի դա արագ տեղի ունենա, Իլհամն արդեն երկրորդ թե երրորդ անգամն է հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին Լաչինի միջանցքինն է։ Քանի որ Լաչինի միջանցքում չկան մաքսային ուղեկալներ, ապա Զանգեզուրի միջանցքում էլ այդպիսիք պետք է չլինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել մարդկանց ու բեռները, ապա մենք կբացենք մաքսակետ Լաչինի միջանցքում»: Իսկ Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ բացելը կնշանակի Արցախի ամբողջական հայաթափում: Դա հենց այն է, ինչին ձգտել է Նիկոլը, եւ 2018-ի գարնանը վերջինս վարչապետ կարգվեց, որպեսզի կյանքի կոչվի այն: Վստահ չեմ՝ Նիկոլի ուսապարկերը գիտակցում են դա, թե ոչ: Բայց հաստատ թքած ունեն այդ երեւույթի վրա: 

Նիկոլի եւ իր ուսապարկերի համար հիմա կարեւորը թուրքերի հետ թշնամություն չանելն է: Հիշում եք, չէ՞, թե ինչպես էր հունիսի 20-ի ընտրության շեմին իր սիրելի ժողովրդին նրա լեզվով ինքը բացատրում, որ պետք է կտրել թշնամության շղթան: Ասեմ, որ անձամբ ես այդ շղթան կտրելուն դեմ չեմ, սակայն ոչ թե պարտվածի, այլ հաղթանակածի դիրքերից: Բայց, դժբախտաբար, պետության ղեկավարը ոչ թե ես եմ կամ ինձ նման մտածող մեկ այլ անձ, այլ պարտությամբ հպարտացող Նիկոլը: Պարտվածի դիրքերից թշնամության շղթան կտրելու թեզի հեղինակներից Ժիրայր Լիպարիտյանն ԱՄՆ-ից որպես զբոսաշրջիկ եկել է Հայաստան եւ ելույթներ է ունենում նշված թեմայով: Հիշեցնեմ, որ վերջինս ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդական էր։ Եվ Թուրքիայում ականջալուր են եղել այդ ելույթներին ու հայտարարել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ են նշանակելու: Բնականաբար, այստեղից անմիջապես պատասխանել են համաձայնությամբ՝ հատուկ բանագնաց կլինի նաեւ մեր երկրից: 

Իսկ երբ գործընթացն ընդունի այն ազգակործան ուղղությունը, որն ինձ նմաններն են կանխատեսում, ապա Նիկոլը հերթական անգամ հռետորական հարց է ուղղելու թուրքերին, թե չե՞ն ցանկանում, արդյոք, կրկին եւ այս անգամ արդեն վերջնականապես ցեղասպանել հայությանը՝ վտարելով մեզ մեր հայրենիքի այս անկյունից: Այդ դեպքում Նիկոլին չի օգնի Ժիրայր Լիպարիտյանի անդրադարձն Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին, թե Հայաստանում ապրող Արծվիկ Մինասյանը մորթվել է արդյոք: ԱՄՆ-ում բնակվող Լիպարիտյանը Հայաստանի համար Թուրքիայից եւ Ադրբեջանից վտանգ չի տեսնում:

Ենթադրաբար, ադրբեջանական հարձակումները մեր սահմանային դիրքերի ուղղությամբ, մեր զինվորներին գերեվարելն ու սպանելը մեր երկրին ուղղված վտանգի դրսեւորումներ չեն: Ի տարբերություն Լիպարիտյանի՝ Նիկոլը ոնց որ թե տեսնում է այդ վտանգը, սակայն գտել է վտանգը չեզոքացնելու ամենից ոչ ադեկվատ եւ ամենավտանգավոր ճանապարհը: Իսկ Հայաստանում չկա որեւէ պետական ինստիտուտ, որը գիտակցեր դա ու կանգնեցներ Նիկոլին: 

Երբ անհատ անձը դեմ առ դեմ վտանգի է բախվում, ապա նա ունի երկու ակտիվ եւ մեկ պասիվ պատասխան: Ակտիվներից մեկը փախչելն է, երկրորդը՝ դիմագրավելը: Պասիվը ոչինչ չանելն է՝ քարանալը: Դա, բնականաբար, ամենավատ տարբերակն է: Այսօր մենք բախվել ենք մեր պետության գոյությունը կասկածի տակ դնող վտանգի, եւ մեր ընտրությունը կանգ է առել պասիվ տարբերակի վրա: Ուղղակի զարմանալի է՝ հաշվի առնելով հարյուրամյա պետական ինստիտուտների առկայությունը եւ 1988-ին «Միացում» պահանջող բազմահազար զանգվածների ակտիվությունը: Ու «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կանչող անձի ու իր շրջապատի կողմից ՀՀ իշխանություն ձեւավորելն ու պարտվողական հոգեբանություն ձեռք բերելը:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն