ԲՈԿ-ը գրագողության խնդրի լուծման գործում աստիճանազրկման հնարավորության անհրաժեշտություն է տեսնում
Գիտական պաշտպանություններում գրագողությունների խնդրի լուծման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավական դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը նշեց, որ պետք է սահմանվի աստիճանազրկման կարգ:
«Այդ կարգը հնարավորություն կտա պաշտպանությունից հետո, նույնիսկ տարիներ անց, եթե հայտնաբերվի գրագողությունը, անձին զրկել գիտական աստիճանից: Ինչպես վարորդական իրավունքից վարորդին հնարավոր է զրկել, այդպես էլ այս պարագայում պետք է լինի այդ հնարավորությունը: Պետք է աշխատանք տանել այդ կարգն ունենալու համար: Այս առաջարկն ընդգրկված է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում»,-ասաց Կարեն Քեռյանը:
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի խոսքով, դա չի նշանակում, որ այդ կարգը պետք է գիշեր-ցերեկ օգտագործվի ու աստիճանազրկման հարյուրավոր դեպքեր լինեն: Այն ավելի շատ զսպող ու կանխարգելիչ գործիք է:
«Հայցորդը կհասկանա, որ նույնիսկ եթե հիմա հաջողացնի պաշտպանել, ապա միևնույն է, թեկուզ տարիներ անց, այդ գրագողությունը կբացահայտվի ու նա կզրկվի իր գիտական աստիճանից»,-ասաց Կարեն Քեռյանը:
Աստիճանազրկման կարգից բացի, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի կարծիքով անհրաժեշտ է նաև արդիականացնել գրագողությունը բացահայտող ծրագրի արդիականացումը ու այն հասանելի դարձնել ավելի լայն շերտի, մասնավորապես, գիտական հոդվածներ հրապարակող պարբերականներին:
168.am