Վանաձորում, Թալինում, Վարդենիսում իշխանությունները ճնշումներ են բանեցնում, որպեսզի ՏԻՄ ընտրություններում ժողովրդի քվեն անտեսեն եւ իրենց թեկնածուներին կարգեն քաղաքապետ, եւ դրա համար ոստիկանական ուժեր են կենտրոնացրել նույն Թալինում, Վարդենիսում, ձերբակալել են Վանաձորի նախկին ու հաղթած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։ Միեւնույն ժամանակ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, որ կարող էր գնալ մարզեր ու կանգնել մարզային բնակչության, իրենց ընտրողների ու ընտրված թեկնածուների կողքին, որոշել էր երեկ բողոքի ակցիա անել ԲԴԽ-ի դիմաց՝ ընդդեմ բռնաճնշումների։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը մեր այս տեսակետին ի պատասխան՝ ասաց, թե իրենց թիմակիցներից ոմանք նաեւ մարզեր են մեկնել, այնպես չէ՝ միայն Երեւանում են կենտրոնացել։ «Մեր ֆրակցիայի անդամներից Արթուր Սարգսյանը հիմա, օրինակ, Սյունիքում է, որտեղ Մանվել Փարամազյանի դատն է ընթանում։ Թալինում էլ մերոնցից կան, ավագանու նիստում էլ են հիմա՝ կռիվ են տալիս։ Վարդենիսում էլ են մերոնք՝ դաշնակցականների մասնակցությամբ բողոքի ցույց է»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ նշելով, թե չի բացառվում, որ վաղն իրենք լինեն նաեւ Վարդենիսում, Վանաձորում եւ այլ տեղ։ Իսկ ՏԻՄ ընտրություններում այս ճնշումները կարո՞ղ են առիթ հանդիսանալ ավելի լայնածավալ գործողությունների գնալու համար։

«Իշխանության բռնատիրական գործողությունները, կարծում եմ, բավականին ազդեցություն են ունենալու  քաղաքացիների վրա, որովհետեւ մարդիկ սկսելու են հասկանալ, որ բռնությամբ իրենց ձայնը գողանում են»,- ասաց Մանուկյանը։

Նույն դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Աննա Գրիգորյանն էլ նախ հիշեցրեց, որ իրենց ակցիան միայն ՏԻՄ ընտրությունների թեմայով չէ, այլ, առհասարակ, բռնաճնշումների, այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության պատճառով են դուրս եկել փողոց։ «Որովհետեւ մի քանի օր առաջ էլ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ, որոնք չեն սատարում այս իշխանություններին եւ հանդես են գալիս որպես ընդդիմադիր հայացքներ կրող անձինք, ենթարկվում են բռնաճնշումների։ Օրինակ՝ այսօր Գորիսում Մանվել Փարամազյանի դատն է, եւ էլի էս նույն տրամաբանության մեջ ենք այնտեղ հավաքվել»,- ասաց Աննա Գրիգորյանը։ Դիտարկմանը, թե ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, որ այստեղ հավաքված պատգամավորները գնային, օրինակ, Թալինում, Վարդենիսում կանգնեին տեղի բնակչության կողքին եւ քաղաքացու շահը պաշտպանեին, Գրիգորյանն ասաց․ «Կարելի էր տարբեր ուղղություններով ակցիաներ մտածել։ Այս պահին մենք նախաձեռնել ենք ԲԴԽ-ի դիմաց իրականացվող ակցիան, այսինքն՝ սա մի տարբերակ է, որ Դուք առաջարկում եք, կարելի էր նաեւ այլ տրամաբանությամբ առաջնորդվել, բայց մենք այս պահին հարմար գտանք հենց ԲԴԽ-ի դիմաց ակցիա անել, որովհետեւ այստեղից եկող հրամաններն են, որ դատավորները հիմնականում իրականացնում են, եւ հենց սրա դեմ է, այսինքն՝ կենտրոնի նկատմամբ ենք մենք ըմբոստություն այս պահին դրսեւորում»։

Հիշեցրինք, որ երբ Երեւանի կենտրոնում հանրահավաք են անում, միշտ հարթակից կոչ են անում, որ մարդիկ մարզերից գան միանան իրենց։ Գուցե հիմա ժամանակն է, որ իրե՞նք դուրս գան իրենց տաքուկ տներից ու գնան մարզեր՝ կանգնեն մարզերի բնակիչների կողքին, որ վաղն էլ նրանցից աջակցություն ակնկալեն։ «Ես կարծում եմ, որ ըստ անհրաժեշտության՝ մենք դա եւս կանենք»,- ասաց պատգամավորը, ապա ավելացրեց․ «ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ մենք ինչքան հնարավոր է՝ բարձրաձայնել ենք խնդիրները։ Այս պահին հենց այստեղ ենք որոշել ակցիա անել։ Գուցեեւ շարունակենք էնտեղ էլ անել՝ ըստ անհրաժեշտության։ Այսինքն՝ պետք է իրավիճակը տիրապետենք, հաշվի առնենք, թե համայնքներում ինչպիսի տրամադրվածություն կա, եւ ըստ այդմ՝ մեր քայլերը ձեռնարկենք»։

Խոսեցինք նաեւ ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանի հետ։ Նա ասաց, որ այս պահին գործընթացները փորձում են համակարգել երկու տրամաբանությամբ։ «Առաջինը՝ դատաիրավական համակարգի կամայականությունների տիրույթն է, երկրորդը՝ ՏԻՄ, մունիցիպալ խնդիրների լուծման հետ կապված տիրույթն է։ Ուստի տրամաբանական է, որ նաեւ ակցիաներ են տեղի ունենում տեղում, դրանց մեծ մասը, իմիջիայլոց, ինքնաբուխ է․․․ Ես չեմ համարում, որ մեր հայրենազրկման, մեր պետության, մեր հայրենիքի կորստի հետ կապված ազգաբնակչության մոբիլիզացիայի համար անհրաժեշտ է փնտրել այս կամ այն առիթը։ Ես չեմ ուզում հավատալ, որ հայրենիքի կորստի հետ կապված ոտքի կանգնելու համար մեր հասարակության համար պետք է լինեն առիթներ, պատրվակներ կամ ինչ-որ կայծեր»։

Մամիջանյանը վստահ է, որն այն վայրկյանին, երբ քաղաքացիները գիտակցեն, թե մենք ինչ կորուստ ենք ունեցել, ընդվզումն անխուսափելի կլինի։

- Բայց կորստի ցավը որքան հեռանում է, մեղմանում է։ Դուք կարծում եք, թե ժամանակի ընթացքում կմեծանա՞ շանսը, որ մարդկանց մեջ Ձեր նշած գիտակցությունն արթնանա։

- Ես համարում եմ, որ ընդդիմադիր դաշտի գործիչները պարտավոր են մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն պատճառներով դեռեւս մոլորության մեջ են ու չեն գիտակցել այս կամ այն գործընթացը, պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի դա բացառեն։

- Չե՞ք կարծում, որ սա ընդամենը արդարացում է կոնկրետ պրոցեսներ չսկսելու համար, որովհետեւ նոյեմբերի 9-ից հետո, երբ իսկապես ցասում կար ժողովրդի շրջանում, դուք չկարողացաք մարդկանց լիարժեք մոբիլիզացնել, հիմա, երբ մարդիկ խաղաղ կյանքի են վերադարձել, ինչպե՞ս եք դա անելու։

- Չեմ կարծում՝ հետեւյալ տրամաբանությամբ, որովհետեւ ես եւ իմ ընկերներն իրավունք ունենք դա ասելու․ մենք մեր ուժերի ներածի չափով, մի քիչ էլ՝ ավելի, ամեն ինչ արել ենք՝ նոյեմբերի 10-ի առավոտվանից սկսած։ Ուստի, պատրվակներ, պատճառներ ման գալու խնդիր մենք չունենք։ Արդյունքը եղավ ընտրությունների միջոցով սրանց վերարտադրումը, իսկ ընտրություններին մեր քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն, ի սկզբանե դեմ էր եւ շարունակում է պնդել էն կարծիքը, որ ընտրությունները չարիք էին էս պայքարի տրամաբանության մեջ։

- Դե, կարող էիք չգնալ Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի պարտադրած օրակարգով եւ չմասնակցել ընտրություններին։

- Ես ձեւակերպման հետ համաձայն չեմ՝ պարտադրած օրակարգով, էդ կեղծ օրակարգը պարտադրվել էր Նիկոլ Փաշինյանի եւ իր կապիտուլյանտների թիմի կողմից, բայց Հանրապետականը ցանկացավ, որ եթե գոնե 1 տոկոս հավանականություն կար, նաեւ այդկերպ աջակցել իշխանափոխության գործընթացին։

- Ի դեպ, շատ է խոսվում մանդատները վայր դնելու մասին՝ ինչ-որ փուլում որպես պայքարի մի գործիք։

- Մեզ մոտ մանդատը գործիք է, ռուպըռի պես մի բան, հենց որ ռուպըռի զարյադկան նստի, այսինքն՝ տեսնենք, որ որեւէ տարբերություն մանդատը՝ որպես գործիք, չի տալիս, մենք որեւէ խնդիր չունենք՝ ցանկացած պահի մանդատները վայր դնելու։ Բայց ավելին ասեմ՝ մեզ համար փողոցային պայքարն ու Ազգային ժողովում պայքարն իրար բացառող գործընթացներ չեն։

- Լավ, չե՞ք կարծում, որ կարող էիք գնալ Թալին, Վարդենիս եւ միանալ այնտեղ իրականացվող ակցիաներին։

- Ոչ միայն կարծում ենք, այլեւ պարտադիր ընդդիմադիր մի շարք պատգամավորներ՝ ըստ իրենց ծննդավայրերի, ազդեցությունների շրջանակների, մոտ ապագայում հայտնվելու են  մարզերում։ Ես Ձեզ դա վստահեցնում եմ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն