Օկուպացիոն ռեժիմի փաստաթղթերը չեն կարող իրավական հիմք լինել
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը
Պարոն Հայրիկյան, Հայաստանը մասնակցեց «3+2» ձևաչափով հանդիպմանը, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
Այդ ձևաչափը նշանակում է մերժել միջազգային հանրության դերակատարությունը մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Մինսկի խմբի։ Դա վտանգավոր և ազգավնաս դիրքորոշում է։
Վերջին օրերին սոցիալական ցանցում դուք բարձրացնում եք այն հարցը, որ 1921-1991 թթ.-ին Հայաստանը բռնազավթվել է, և բռնազավթածների ընդունած բոլոր որոշումները պետք է վերանայվեն միջազգային իրավունքի հիման վրա։ Այսօր, երբ խոսք է գնում սահմանազատման մասին, իշխանությունները հղում են անում ԽՍՀՄ քարտեզներին։ Ի՞նչ պետք է անել։
Ես նոր չէ, որ այս հարցը բարձրացնում եմ։ Եվ ոչ միայն ես եմ դա ասում, այլ ամբողջ աշխարհն է ասել սովետի տարիներին։ Ի վերջո, եթե երկիրդ անկախանում է ինչ-որ մեկից, նշանակում է մինչ այդ ինքն անկախություն չի ունեցել, հետևաբար, եղել է բռնազավթված։ Այստեղ գրագիտության հարց է, շատ հանրապետություններ, որոնք սովետի կազմում են եղել, նույնիսկ ունեն բռանզավթման՝ օկուպացիայի թանգարաններ։ Հայաստանն անգամ պարզ անկախության թանգարան չունի։ Երբ այսօր դու խոսում ես հարևաններիդ հետ հարաբերություններ կարգավորելու մասին և հղում ես կատարում բռնազավթման ժամանակաշրջանի փաստաթղթերին, դա իրավական արժեք ներկայացնել չի կարող։ Այսինքն՝ եթե մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, առաջնորդվում ենք ճշմարտությամբ, ասում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը եղել են անկախ պետություններ, միջազգային շրջանակներում ինչ-որ չափով ճանաչվել են իրենց սահմաններով ՝ Ազգերի լիգայի կողմից, և հետո բռնազավթվել են։
Բռնազավթված ժամանակաշրջանում, այսինքն՝ ոչ իրավական կարգավիճակի պայմաններում, ապօրինի, միջազգային իրավունքին հակասող պայմաններում ինչ-որ քաղաքական լակոտներ, հանցագործներ ինչ-որ բաներ են որոշել։ Հիմա առնվազն պետք է քաղաքագիտությունից զրո լինել, որ դու համարես, որ ոչ իրավական համակարգում քո հանդեպ ընդունված ոչ իրավական որոշումները կարող են քեզ համար ելակետային լինել։ Սա ավելի քան հասարակ ու պարզ բան է և բխում է միջազգային իրավունքի նվազագույն գիտելիքներից։
Իշխանությունները հիմա ասում են, որ պետք է հիմք ընդունվեն ԽՍՀՄ այն քարտեզները, որոնք իրավական բազա ունեն։
Այստեղ մի հասարակ բան կա՝ չեն կարող օկուպացիոն ռեժիմի փաստաթղթերը իրավական հիմք լինել։ Ժողովուրդն այդ օկուպացիոն ռեժիմից մեծ դժվարությամբ, պայքարի գնով ու հանրաքվեի ճանապարհով ձերբազատվեց ու ազատագրվեց։ Չի կարող այդ պետության ժամանակ ընդունված որևէ փաստաթուղթ համարվել իրավական հիմք։ Ավելի մեծ իրավական հիմք կարող են ունենալ այսօր Նիկոլի և Ալիևի պայմանավորվածությունները՝ որպես անկախ պետությունների ղեկավարների պայմանավորվածություններ՝ փոխադարձ շահերի հաշվառումով, քան Հայաստանը և Ադրբեջանը բռնազավթած Սովետական միություն կոչվող կոմունիստական բռնապետության ընդունած որոշումները՝ սկսած 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրից։
Ճիշտը մինչև վերջ միջազգային իրավունքի մասին խոսելն է։ Իսկ միջազգային իրավունքից բխող միջազգային պայմանավորվածություններ ու փաստաթղթեր կան։
Lragir.am