Մեր զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում հանգամանքը, որ Բաքուն ԵԱՏՄ-ում դիտորդի  կարգավիճակ է ստանալու: Տեսակետներ են հնչում, որ չի բացառվում ոչ միայն դիտորդ դառնա, այլ ԵԱՏՄ անդամ:

Իհարկե, խոսքն այն մասին է, որ Ադրբեջանն իր հարաբերությունները գալիք տարվա ընթացքում միջազգային հանրության հետ 44-օրյա պատերազմի պատճառով երևի աստիճանաբար կխզի, քանի որ Եվրոպայի խորհրդում պետք է գնահատական տրվի այդ հարցին ուղղված բանաձևի կետերից մեկին, թե ով է պատասխանատուն ուժի չկիրառման սկզբունքի խախտման համար: Ըստ էության, դա ագրեսիայի ճանաչումն է: Գիտեք, որ Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջեց դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը, խտրականության ցուցաբերումը, ապահովել հայ ռազմագերիների անվտանգությունը: Այս ամենը, իհարկե, բերելու է նրան, որ Ադրբեջանը իր համար գտնելու է պաշտպանության Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանը սրում է իր հարաբերություններն Արևմուտքի հետ:

Հայաստանն ինչպե՞ս պետք է արձագանքի Ռուսաստանի այս գործողություններին: Մենք տեսնում ենք, որ երբ մենք գերի ենք վերցնում, մեկ օր էլ չի անցնում, Ռուսաստանը նրանց վերադարձնում է Ադրբեջանին, մինչդեռ մենք ամիսներով մեր գերիներին թողնում ենք Ադրբեջանում:

Ռուսաստանն ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, և դա ոչ մեկի համար նորություն չէ: Չեմ կարծում, թե որևէ մեկի համար դա նորություն է:

Ռուսաստանի և Արևմուտքի միջև այդ լարվածությունն ինչի՞ կարող է հանգեցնել:

Դժվար է կանխատեսել, բայց դա շատ նման է երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի: ՌԴ ղեկավարությունն այդ առիթով հայտարարել է, որ իրենք կորցնելու բան չունեն և պատրաստ են այդպիսի զարգացումների: Ըստ էության, հիմա, պատկերավոր ասած, 5 է պակաս բախումներից, հատկապես Ուկրաինայում:

Փաստորեն գնում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի՞:

Ըստ էության, այո: Եթե Ուկրաինայում ռազմական գործողություններ ձեռնարկվեն, մեծ է վտանգը, որ այն կարող է վերածվել ռեգիոնալ պատերազմի:

Հայաստանի իշխանությունը չի՞ գիտակցում, որ օղակը գնալող սեղմվում է:

Ոչ, առհասարակ չկա: Եթե լիներ, Հայաստանի կառավարությունը այլ կերպ իրեն կպահեր անցյալ տարի, և մենք չէինք ունենա 44-օրյա պատերազմ: Հայաստանի իշխանությունները ցուցաբերում են հստակ անպատասխանատվություն, և մեր երկիրը տանում են ՌԴ-ի հետ ոչնչացման ճանապարհով:

Հայաստանն ինչպե՞ս պետք է դիրքավորվի, Բրյուսելի հանդիպումից հետո ինչպե՞ս է դիրքավորվում Հայաստանն առհասարակ:

Թե ինչպես է դիրքավորում Հայաստանը և թե ինչպես է դիրքավորվում այսօրվա կառավարությունը, դրանք տարբեր բաներ են: Հայաստանը, իհարկե, պետք է ձգտեր այս կոնֆլիկտից դուրս գալ, և դժվար չէր կանխատեսել, որ զարգացումները գնում են այս ուղղությամբ, և հունիսի 20-ն այն օրն էր, երբ հայ ժողովուրդը ողջ պատասխանատվությամբ պետք է իր ընտրությունը կատարեր, ուներ հնարավորություն այդ ընտրությունը կատարելու, սակայն որոշեց, որ պետք է մանդատը տալ այս կառավարությանը, որը իրականացնում է այն քաղաքականությունը, ինչը Ռուսաստանն է ցանկանում: Եվ այդ քաղաքականությունը Հայաստանին որևէ լավ արդյունքի չի կարող բերել:

Պարոն Ղուկասյան, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Բավականին քննադատության արժանացավ այս հանգամանքը, Դուք ինչպե՞ս եք գնահատում:

Ես չեմ կարծում, որ այդ թիմը որևէ այլ հարմար թեկնածու կարող էր ունենալ, քան Ռուբինյանը: Առհասարակ, պետք է հասկանալ՝ ինչ օրակարգ է այս իշխանությունն ընտրել: Այն օրակարգը, որը Նիկոլ Փաշինյանն է տանում, ըստ էության, Ռուբեն Ռուբինյանն ամենահարմար թեկնածուն է, ավելի հարմար թեկնածու Փաշինյանը չունի: Այդ մարդիկ որոշել են պատմության մեջ մտնել որպես հայ ժողովիդի ազգային շահերը տապալող, հայ ժողովրդին լրջագույն ողբերգության առջեւ կանգնեցնելու օրակարգով, և նրանք քայլ առ քայլ գնում են այդ ճանապարհով: Եվ նրանք համապատասխանում են ՌԴ ընտրած արտաքին քաղաքականությանը, համարում են, որ դրանում է կայանում իրենց գլխավոր անելիքը:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն