Եթե սահմանագծում է արվելու 1970-ականների քարտեզներով, նշանակում է ՌԴ գլխավոր շտաբն արդեն գծել է այդ սահմանները՝ առանց մեզ հարցնելու
Lragir.am-ի զրուցակիցն է քարտեզագիր Ռուբեն Գալչյանը
Պարոն Գալչյան, Տավուշում շրջանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքներ են նախաձեռնվել՝ կապված սահմանազատման հետ։ Նիկոլ Փաշինյանը երեկ ասաց, որ ուսումնասիրում են ԽՍՀՄ տարիների տարբեր քարտեզներ, և շեշտադրումն արեց հենց 1970-ականների քարտեզներին։ Ավելի վաղ նա ասել էր, որ ՌԴ-ն առաջարկել է հիմք ընդունել հենց 1970-ականների քարտեզները։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
1970-ական թվականների քարտեզներն այն քարտեզներն են, որոնցով Սովետական միությունը շուրջ 1500 քառակուսի կիլոմետր հայկական տարածքներ նվիրել է Ադրբեջանին։ Այդ քարտեզների մեջ կան նաև անկլավները, որ երեք անկլավներ իբր ադրբեջանական են, մեկը հայկական։ Եթե մենք ուզում ենք քարտեզներով առաջնորդվել, պետք է հիմնվենք մեր հանրապետության այն քարտեզների վրա, որոնք ԽՍՀՄ առաջին տարիներին են եղել, նախքան այդ հողերը Ադրբեջանին նվիրելու շրջանի քարտեզները պետք է հիմք ընդունվեն։ Ըստ այդ քարտեզների՝ Արծվաշենն իր ամբողջ շրջակայքով Հայաստանի տարածքում է, Տավուշում այդ խնդիրները գոյություն չունեն, քանի որ Ադրբեջանի վարչական սահմանը հեռու է հայկական գյուղերից, Ալ լճերը Հայաստանի տարածքի մեջ են, Շուռնուխի շրջանի շատ տարածքներ մերն են, սահմանը Շուռնուխի տարածքով չի անցնում։
Այդ բոլորը 1926 թվականին հրապարակված սովետական քարտեզներով Հայաստանի տարածքում են։ Դրանք այն քարտեզներն են, որոնց մասին պարոն Պուտինը հայտարարեց, որ միայն Մոսկվայի գենշտաբն ունի այդ քարտեզները։ Ես դեռ անցյալ տարի եմ նամակ գրել ու ասել, որ պետք է ռուսներից պահանջենք այդ քարտեզները, ոչ մի արձագանք չի եղել։ Իսկ այն քարտեզները, որոնք 1975 թվականի են, դրանք էլ գենշտաբի քարտեզներ են, բայց արդեն այդ ժամանակ հայկական հողամասերը նվիրվել էին Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ անկլավների գոյության որևէ իրավական հիմք չեն գտնում։ Սա ի՞նչ է նշանակում։
Իրավական հիմք չեն գտել, դա նշանակում է, որ այդ անկլավները ԽՍՀՄ կարգադրությամբ բանավոր հանձնվել են Ադրբեջանին։ Բայց եթե 1970-ական թվականների քարտեզները հիմք ընդունեն, այդ քարտեզներում անկլավները կան։ Ինչ վերաբերում է Տավուշին, պետք է ասեմ, որ այո, այսօր Ոսկեպարի երկու կողմում ունենք անկլավներ։ Այդ անկլավները նստած են Հայաստանի ճանապարհների վրա։ Դրանցից մեկը նստած է ուղղակի ճանապարհի վրա։ Բայց 1926 թվականի քարտեզի վրա այդ բոլոր տարածքները հայկական են։
Ի՞նչ պետք է անել՝ նպաստավոր լուծումներ ունենալու համար։
Եթե սահմանագծում ենք անում, եթե վերադառնալու ենք ԽՍՀՄ քարտեզներին, 1970-ական թվականների քարտեզներին, ի՞նչ է նշանակում սահմանագծում, նշանակում է, որ սահմանները գծված են, ՌԴ գլխավոր շտաբը գծել է այդ սահմանները՝ առանց մեզ հարցնելու։ Իսկ եթե քարտեզագծում ենք անելու, ուրեմն քարտեզների գծերի խնդիր կա, պետք է վերանայել այդ քարտեզները։
Lragir.am