ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին՝ Սոթք-Խոզնավար հատվածներում դիտարկումներ անելու արգելքին։

Ըստ նրա, իրենք Տիգրան Աբրահամյանի հետ մշտապես կապի մեջ են։

«Մենք ևս այցելություն ենք ունեցել դեռևս հոկտեմբեր ամսին Սյունիքի սահմանային հատվածներ, և, այո, հատվածներ կային, որ մենք չենք կարողացել գնալ՝ բազմաթիվ խնդիրներից ելնելով։ Անգամ մեր հանձնաժողովը տեղեր կար, որ չի մտել, նախ՝ եղանակային պայմաններից ելնելով, դրա համար գնացել ենք այն վայրեր, որոնք անհրաժեշտ ու բավարար էին, որպեսզի իրավիճակը պատկերացնենք։ Կարծում եմ՝ հնարավոր է՝ անգամ մինչև Նոր տարի ևս այցելություն լինի։ Այս այցելությունների մեծ մասը չի լուսաբանվում, որովհետև ծառայողական ու պետական գաղտնիք կա, բայց այցելությունները լինում են, արձանագրվում են այնտեղ բոլոր խնդիրները, դրանք ներկայացվում ենք գործադիրին, և հետևում ենք, որպեսզի դրանք լուծում ստանան։ Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, որ դիրքերում խնդիրները 100 տոկոսանոց լուծված են։ Սակայն մեկ բան 100 տոկոսով կարող եմ ասել, որ խնդրի լուծման ուղղությամբ շատ ակտիվ ու ինտենսիվ աշխատանքներ են տարվում։ Հավատացեք, եթե տեղանքում չծանոթանաք իրավիճակին, պատկերացնելը, թե ինչ է կատարվում՝ բավականին դժվար է»,- նշեց իշխանական պատգամավորը։

Նա տեղեկացրեց, որ ինտենսիվորեն հատուկ տնակներով կահավորում են առաջնագիծը, այդ գործընթացը շարունակվում է, և շատ տեղեր կան, որտեղ այդ տնակները պետք է տեղադրվեն։ Դրանք հատուկ կառուցվածքով տնակներ են, որոնք պաշտպանում են ցրտից և բարձր ջերմաստիճանից։

Ըստ նրա, թե ինչպիսին պետք է լինի դիրքերի կահավորումը՝ ռազմական ու տակտիկական խնդիր է։

Արմեն Խաչատրյանն անդրադարձավ նաև սահմանադրական հնարավոր փոփոխություններին՝ ընդգծելով, որ միանշանակ է, որ պետք է Սահմանադրության փոփոխություն տեղի ունենա, որովհետև ցանկացած իրավական նորմ ժամանակի ընթացքում ցույց է տալիս իր արդյունավետությունը։

«Այսինքն՝ արդյունավետության ցուցանիշը գնահատվում է պրակտիկայով։ Հասարակական ու պետական պրակտիկայում է երևում, թե այս նորմն արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ Նախքան այդ փոփոխություններն անելը, պետք է լրջագույն մոնիտորինգ արվի պետական համակարգում, հասկանալ, թե որտեղ են բացերը, ինչը կարող է կարգավորվել սովորական օրենքներով, այդ տեսլականը լինի, այնուհետև անցնել սահմանադրական փոփոխությունների։ Եթե սահմանադրական փոփոխություններ կատարվեն, գուցե պետական կառավարումն ավելի արդյունավետ լինի։ Կարող են լուրջ քննադատություններ հնչել, թե իշխանությունը փորձում է իր հագով կարել Սահմանադրությունը, դա պետք է բացառվի, միանշանակ պնդում եմ, որ դա բացառվում է»,- հավելեց նա։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն