Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դատական նիստերին, որպես կանոն, բավականին մեծ թվով մարդիկ են մասնակցում՝ նրա ընկերները, քաղաքական թիմի անդամներ, հարազատները։ Երեկվա նիստին ներկա են եղել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, որը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Առուշանյանի հետ, Քաջարանի քաղաքապետ, օրեր առաջ կալանքից ազատված Մանվել Փարամազյանը՝ մի խումբ ընկերների հետ, Գորիսի փոխքաղաքապետները, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աղվան Վարդանյանը եւ Արթուր Սարգսյանը՝ Սիսիանի նախկին քաղաքապետը։ 

Առուշանյանի երեք պաշտպանները մեծ հույսեր ունեին, որ դատարանը կառաջնորդվի օրենքով եւ կբավարարի իրենց միջնորդությունը՝ Գորիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխելով եւ Ամանորի շեմին մարդուն բաց թողնելով։ Սակայն ակնհայտ է, որ իշխանական ճնշումն ավելի մեծ է եւ, փաստորեն, օրենքի ճնշմանը գերազանցում է՝ Առուշանյանին կալանքի տակ պահելն այս պահին ոչ միայն անօրինական է, այլեւ անմարդկային եւ ոչ մի բացատրություն չունի։

Նախ, որովհետեւ հուլիսի 16-ից կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքն առնվազն ծիծաղելի է ու անբարոյական։ Նրան, հիշեցնենք, մեղադրում են «Հայաստան» դաշինքի օգտին, ընտրությունների նախօրեին, սոցիալական աջակցություն բաժանելու եւ թաքնված ընտրակաշառք տալու համար, իսկ վերջին ՏԻՄ ընտրություններին իշխանությունը նման աջակցություններ բաժանել է համատարած բոլոր համայնքներում եւ եթե Առուշին մեղադրում են դրանում, ապա առնվազն եւս մի 100 հոգի պետք է հիմա կալանավորված լինեին։ 

Բացի այդ՝ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, որի ցուցմունքի վրա էր կառուցված այդ մեղադրանքը, դատարանում հրաժարվել է իր ցուցմունքից եւ հայտարարել, որ կալանքից ազատվելու համար էր այդպիսի ցուցմունք տվել, իր խիղճը հիմա տանջում է, որ անմեղ մարդու է զրպարտել եւ հրաժարվում է նախաքննական ցուցմունքից։ Մեղադրողներն, իհարկե, պնդել են, որ մի հատիկ նախաքննական ցուցմունքն այժմ հակասության մեջ է մեկ հատիկ դատաքննական ցուցմունքի հետ եւ դատարանը պետք է որոշի, թե՝ որ ցուցմունքն է ճշմարտացի, նաեւ չի բացառվում, որ Ավետյանը երրորդ անգամ կրկնի նախաքննական ցուցմունքում ասվածը, սակայն Ավետյանը հերքել է դա՝ ասելով, որ դատարանում տված ցուցմունքը վերջնական է։

Որ Առուշ Առուշանյանին կալանքի տակ պահելու իրավական հիմքերը նվազել են, ապացուցվում է նաեւ նրանով, որ բոլոր վկաների ցուցմունքները տրված են եւ նա չի կարող, ինչպես օրենքն է սահմանում կալանքի անհրաժեշտությունը՝ «ազդեցություն գործել վկաների վրա»։ Այլ փաստարկներ էլ են բերվել փաստաբանների միջնորդության մեջ, սակայն Սյունիքի մարզի դատավոր Գնել Գասպարյանը գտել է, որ «միջնորդությունը հիմնավոր չէ» եւ մերժել է խափանման միջոցը փոխելու եւ դատաքննությունը՝ Առուշի ազատության պայմաններում շարունակելու միջնորդությունը։ 

Սա այն դեպքերից է, որ պետք է «փառաբանել» Գագիկ Ջհանգիրյանին, որը միշտ չի, որ կարողանում է կատարել իր վերադասի՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգները, բայց այս մեկը՝ կարողացել է։

Թե ինչքան կմնա Առուշ Առուշանյանը կալանքի տակ, երբ կազատվի եւ երբ Գորիսը հետ կստանա իր քաղաքապետին, իսկ Առուշի մերձավորներն՝ իրենց ընկերոջն ու հարազատին, դժվար է ասել։ Դժվար է ասել նաեւ, թե նրան կալանքի տակ պահելու իմաստը որն է՝ Սյունիքում թուրք-ադրբեջանական ներկայության խոչընդոտելու պոտենցիալ հնարավորություն ունեցողներին մեկուսացնե՞լը, Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկած անձանց պատժե՞լը, թե՞ ընդդիմության համար պայքարի մի քանի ֆրոնտ ապահովելը, որպեսզի ժամանակ չունենան կենտրոնանալ մեր պետության, Արցախի, եւ արտաքին լրջագույն խնդիրների վրա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն