Սյունիքում մարդիկ ապրում են անորոշության մեջ, թիվ մեկ մարտահրավերը անվտանգության միջավայրի ապահովումն է. Գրիգորյանը` 2021-ին Սյունիքում տեղի ունեցած փոփոխությունների և առաջացած մարտահրավերների մասին
44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ, Գորիս-Կապան ավոտճանապարհի մի հատվածը ադրբեջանցիներին անցնելուց հետո Սյունիքի մարզը կանգնել է բազմաթիվ մարտահրավերների առաջ։ 2021 թվականին Սյունիքում տեղի ունեցած փոփոխությունների, մարտահրավերների և սյունեցիների առջև ծառացած խնդիրների մասին Tert.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։
-Տիկի՛ն Գրիգորյան, ամփոփելով 2021 թվականը` ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Սյունիքի կյանքում, և որքանո՞վ էին այդ փոփոխությունները կանխատեսելի պատերազմի ավարտից հետո:
-Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դժվար էր պատկերացնել, որ Սյունիքը կհայտնվի այս վիճակում: Բայց այս իշխանությունը գաղտնի, բոլորիս թիկունքում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների մակարդակով ստորագրեց առանձին փաստաթուղթ, ինչը մինչև այսօր չեն ուզում խոստովանել, և դրա արդյունքում Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքներն ու ճանապարհներն անցան ադրբեջանական վերահսկողության ներքո` վտանգելով մեր հայրենակիցների կենսական և էքզիստենցիալ շահերը: Ստեղծված իրավիճակի պատասխանատուն միայն այսօրվա իշխանությունն է, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տեսանք, որ նրանք միայն չարիք են բերում, պատուհաս են դարձել հայ ժողովրդի համար ու գիտակցված գնում են ցանկացած զիջումների, միայն թե պահեն իրենց աթոռները:
-Ի՞նչ խնդիրներ ունի այսօր սյունեցին` անվտանգայինից մինչև կենցաղային, և այդ խնդիրների ո՞ր մասն է հաջողվել լուծել:
-Թիվ մեկ մարտահրավերը, իհարկե, անվտանգային միջավայրի ապահովումն է: Բայց սյունեցին այսօր բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել: Ադրբեջանական զինված ուժերի հետ շփման հատվածներում վտանգվում, շատ հաճախ խախտվում է բնակիչների խաղաղ ու անվտանգ ապրելու, ինչպես նաև`ազատ տեղաշարժի իրավունքը: Կապան-Ճակատեն ճանապարհի`ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո մեր հայրենակիցները Ճակատենում, Ծավում, Սրաշենում, Ներքին Հանդում, Շիկահողում և Շիշկերտում 6 կմ անցնելու փոխարեն ստիպված են անցնել 150 կմ` Կապան հասնելու համար` հաշվի առնելով, որ այլընտրանքային ճանապարհը դեռ կառուցման փուլում է:
Ոչ պակաս ծանր իրավիճակ է նաև Շուռնուխ, Որոտան, Բարձրավան բնակավայրերում, որտեղ այլընտրանքային ճանապարհները գտնվում են վատ վիճակում, և օրինակ ուսուցիչը, որ Գորիսից պետք է հասներ Որոտան՝ դասավանդելու, ստիպված է 2 ժամից ավել ճանապարհ անցնել, այն էլ այն դեպքում, երբ կարողանում է այդ օրը ամենագնաց գտնել: Ճանապարհների նման վիճակով պայմանավորված` վտանգված է մեր երեխանների կրթություն ստանալու իրավունքը: Մարդիկ ապրում են անորոշության մեջ:
-Ի՞նչ կարող է անել ընդդիմությունը հետագա վատ զարգացումները կանխելու համար:
-Որպես ընդդիմություն հետամուտ ենք լինելու` ապահովելու մեր հայրենակիցների կյանքի, խաղաղ ու անվտանգ ապրելու, ազատ տեղաշարժի, կրթության իրավունքի իրացմանը: Մեր լիազորությունների շրջանակում մենք տարբեր գործիքակազմերի կիրառմամբ բացահայտելու ենք և իրազեկենք մեր հայրենակիցներին, թե այս իշխանությունը ժողովրդի թիկունքում ինչպիսի որոշումներ է ցանկանում կայացնել, և հանրային լայն աջակցությամբ թույլ չենք տալու, որ վերջիններս առնվազն նոր զիջումների տանեն մեր երկիրը, հատկապես մի իրավիճակում, երբ բռնապետ Ալիևը շարունակաբար հոխորտում է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին:
-2022 թվականին Սյունիքում ի՞նչ հիմնական առաջնահերթություններ կան, որոնց ուղղությամբ պետք է կենտրոնացնել ողջ ուշադրությունը:
-Թվարկածս բոլոր մարտահրավերները` անվտանգայինից մինչև կրթության իրավունքի իրացում, առաջնային են: Հուսով եմ, որ 2022 թվականին համահայկական լայն կոնսոլիդացիայի արդյունքում կկարողանանք հեռացնել այս իշխանություններին, կկոտրենք պարտությունների այս շղթան, կուղղենք խոցված ողնաշարը, և Սյունիքն, ինչպես նաև ամբողջ Հայաստանը կդառնա ավելի անվտանգ:
Tert.am