Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը դիմեր ՀԱՊԿ-ին, մենք ինչպե՞ս դրան կնայեինք
Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը
Հայաստանը ՀԱՊԿ կազմում խաղաղապահ ուժեր գործուղեց Ղազախստան, ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։
Նոր տարին սկսում ենք խայտառակ նորություններով։ Ղազախստանում ղազախ ժողովուրդն ըմբոստացել է սեփական իշխանությունների դեմ, սա բնական է, բոլոր երկրներում է այդպես լինում, որտեղ ավտորիտար կառավարման համակարգեր են գործում։ Ղազախստանն ավտորիտար երկրների շարքն է դասվում, այնտեղ տարիներ շարունակ Նուրսուլթան Նազարբաևը սուլթանի կարգավիճակով իշխում է։ Սա բացառապես ղազախ ժողովրդի ներքին հարցն է, և ղազախ ժողովուրդն ինքը պիտի որոշի իր ճակատագիրը։ Իսկ երեկ մենք ականատես եղանք դեպքի, երբ Ղազախստանի՝ դեռևս գործող իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին՝ չգիտես ինչու, չգիտես որ կետի համաձայն, և սրան շատ արագ արձագանքեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իբրև ՀԱՊԿ ԱԽ-ում նախագահող, և սկսեց կոնսուլտացիաներ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների առաջնորդների հետ։ Եվ արդեն այսօր առավոտյան մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերը կիրականացնեն խաղաղապահ առաքելություն Ղազախստանի տարածքում։
Փաստացի մենք ժողովարդավար պետության համբավ ունենալով՝ մասնակից ենք լինելու բռնապետի աթոռի պաշտպանության խայտառակ գործին։ Վաղը-մյուս օրը, եթե ղազախ ժողովուրդն այլ աչքով նայի հայերին, որևէ մեկը թող չասի, թե ինչու այսպես եղավ։ Դա բնական է։ Եկեք պատկերացնենք, եթե 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ Սերժ Սարգսյանը դիմեր ՀԱՊԿ-ին, որպեսզի նրանք խաղաղապահ զորքեր ուղարկեին ՀՀ, մենք ինչպե՞ս դրան կնայեինք։ Հայաստանի իշխանությունների այս վարքագիծն ինձ համար առնվազն անհասկանալի է, սա հերթական ճնշումն է Կրեմլի կողմից։ Հերթական անգամ Կրեմլը ՀՀ իշխանություններին ստիպեց գնալ այնպիսի քայլերի, որոնք որևէ կերպ չեն տեղավորվում բանական մարդու ուղեղում։
Ինչպե՞ս ստացվեց, որ Ղազասխատանի դիմումին ՀԱՊԿ-ը արագ արձագանքեց և զորք ուղարկեց այդ երկիր, իսկ այն դեպքում, երբ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, այդ կառույցի կողմից ոչ մի գործողություն չձեռնարկվեց և չի ձեռնարկվում։
Այդ հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե ինչպե՞ս է ստացվում, որ երբ թուրք-ադրբեջանական տանդեմը 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ, դրանից հետո շարունակաբար Սիրիայից ահաբեկիչներ էր տեղափոխում տարածաշրջան, ահաբեկիչներով էր լցնում տարածաշրջանը, և մենք դիմում էինք ՀԱՊԿ-ին, ոչ մի արձագանք չկար։ 44-օրյա պատերազմից հետո Ղազախստանն առաջիններից էր, որ շնորհավորեց Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» կապակցությամբ։ Այս հարցերի պատասխանը պետք է տա Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ես որևէ ապահանջ չունեմ Վլադիմիր Պուտինից, բռնապետ Նազարբաևից կամ Լուկաշենկոյից։ Իմ պահանջը ՀՀ վարչապետից է, թե որ բարոյական իրավունքով է նման որոշում կայացվում։
Ես շարունակում եմ բարձրացնել այն հարցը, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ անելիք չունի ՀԱՊԿ-ում, եթե իհարկե, ՀՀ իշխանություններն ազնիվ են ՀՀ քաղաքացիների հետ։ Այս հարցը դեռ պետք է պարզել, իրեն ժողովրդավար հռչակած իշխանությունը գնում է պաշտպանելու բռնապետ Նազարբաևի իշխանությունը, մենք բոլորս առհասարակ պետք է մտածենք ու հետևություններ անենք՝ ժողովրդավար պետությո՞ւն ենք, մեր իշխանություններըբ ժողովրդավար են, թե՞ շարունակում են բռնապետի կոստյումը կրել, բռնապետների աթոռները պահպանել մեր զինվորների հաշվին։
Ռուսաստանում ի՞նչ արձագանք ունեն Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, և ՀԱՊԿ այս արագ արձագանքը ի՞նչ է ցույց տալիս։
Ղազախստանույմ այս պահին ինտերնետը հիմնականում արգելափակված է, ժողովուրդը բլոկադայի մեջ է, այնտեղից ինֆորմացիա ստանալը շատ դժվար է։ Ռուսական մամուլին հետևելով՝ մենք տեսնում ենք, որ այստեղ հիմնականում տեղ են գտնում այն լուրերը, ըստ որոնց՝ Ղազախստանում այսօր տեղի ունեցող գործողություններն ուղղորդվում են արտերկրից։ Եվ սլաքներն ուղղվում են դեպի Թուրքիա ու Արևմուտք։ Տոկաևի երեկվա այդ հուսահատ հայտարարությունը, փրփուրներից կախվելը, ՀԱՊԿ-ին օգնության կանչելն ու աղերսերը վառ վկայությունն են այն բանի, որ Կրեմլն իր գործակալական ցանցով փորձում է վերահսկողության տակ վերցնել ամբողջ Ղազախստանը։
Ես ցավով պետք է մեկ բան արձանագրեմ՝ կարող են կրկնվել դեպքերը, երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում որոշում կայացրեց, և Հայաստանի Հայանրապետությունը քարշ տրվեց ԵԱՏՄ կոչված այդ ճահճի մեջ։ Ես մտավախություն ունեմ, որ մի օր էլ կարող ենք արթնանալ ու տեսնել, որ Նիկոլ Փաշինյանը նույն ջանասիրությամբ, ինչպես զորք է ուղարկում Ղազախաստան ու Նազարբաևի աթոռն է պահում, նույն ջանասիրությամբ մեկ գիշերվա ընթացքում կարող է որոշում կայացնել և բավարարել Վլադիմիր Պուտինի իղձերն ու ցանկությունները՝ մտնելու միութենական պետության կազմի մեջ։ Մենք այս ռիսկերը պետք է ևս հաշվի առնենք։ Մենք ՀՀ իշխանություններին պետք է ուղղակի հաշվետվության կանչենք, բացատրություն պահանջենք, թե ինչո՞ւ ընդունվեց այս որոշումը։ Այն պարագայում, երբ, կրկնում եմ, 44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկիչներով էր լցվել մեր տարածաշրջանը, որտե՞ղ էր նույն Ղազախստանը, որտե՞ղ էր ռազմավարական գործընկեր կոչված Ռուսաստանի Դաշնությունը, որտե՞ղ էր ՀԱՊԿ-ը առհասարակ։
Lragir.am