Էներգետիկ քաղաքականության միտումները վկայում են, որ մենք առավելապես փորձում ենք դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա ներկրող պետություն
Lragir.am-ի զրուցակիցն է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը
Պարոն Դավթյան, փետրվարի 1-ից Հայաստանում անցում է կատարվում էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին։ Պաշտոնապես հիմնավորվում է, որ դրա նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում։
Տեսականորեն սա շատ լավ մոդել է, բայց պետք է հաշվի առնել մի շարք առաձնահատկություններ՝ կապված Հայաստանի էներգետիկ համակարգի հետ։ Նախ և առաջ փաստենք, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգն ավելցուկային է, կտրվածքային հզորությունները գերազանցում են այն հզորություններին, որոնք մենք այսօր օգտագործում ենք։ Սա նախ և առաջ նշանակում է արտահանման շատ մեծ հնարավորություններ, մի բան, որի վրա ի սկզբանե խարխսված է մեր ամբողջ էներգետիկ ռազմավարությունը դեռևս 1980-ականներից ի վեր, երբ շահագործման հանձնվեց հայկական ԱԷԿ-ը։ Ազատականացումը ենթադրում է մի մոդել, որի շրջանակներում գործի են դրվելու, այսպես կոչված, էլեկտրաէներգիայի թրեյդերային ինստիտուտները, որոնք հենց այս մրցակցային սկզբունքներով պետք է արտադրողից էլեկտրաէներգիա գնեն և վաճառեն ազատ շուկայում։ Բայց խնդիրն այստեղ այն է, որ նույն այդ թրեյդերային ընկերությունները կարող են և ազատ են նաև էլեկտրաէներգիա ձեռք բերել դրսից, տվյալ դեպքում կարող ենք խոսել Վրաստանի մասին։ Եվ փաստորեն ստացվում է, որ Հայաստանը, որն ունի էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ և պետք է զարգացնի արտահանման ռազմավարությունը, չի բացառվում, որ դառնա էլեկտրաէներգիա ներկրող պետություն։ Ինչո՞ւ, որովհետև ակնհայտ է, որ նույն Վրաստանից եկող էլեկտրաէներգիան ինքնարժեքով ավելի ցածր է, քան Հայաստանում արտադրվողը, և սա կարող է շատ լուրջ հարված հասնել մեր էներգետիկ անվտանգության համակարգին։
Այնպես որ, երբ մենք խոսում ենք ազատականացման մասին, պետք է շատ հստակ փորձենք տարանջատել արտահանումը և ներքին էլեկտրաէներգետիկ կոմունիկացիները։ Իմ տպավորությամբ, այս բաղադրիչն առանձնացված չէ, դրան առանձնահատուկ ուշադրություն դարձված չէ։ Եվ առհասարակ վերջին երկու-երեք տարիների էներգետիկ քաղաքականության միտումները վկայում են այն մասին, որ մենք առավելապես փորձում ենք դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա ներկրող պետություն։
Արտահանման հնարավորությունների մասին ի՞նչ կասեք, մասնավորապես, դեպի Իրան, Վրաստան։
Իրանի մասով մենք այս պահի դրությամբ ունենք ձախողում։ Կա 2016 թվականին կնքված միջազգային պայմանագիր, համաձայն որի՝ պետք է կյանքի կոչվի հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը պետք է միավորի Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերը։ Դրա շրջանակներում Իրանի և Հայաստանի միջև պետք է կառուցվի երրորդ բարձրավոլտ օդային գիծը, որը պետք է ավելացնի մեր փոխադարձ էլեկտրաէներգետիկ հոսքերը Իրանի հետ մինչև 1200 մեգավատ՝ էապես ավելացնելով արտահանումը դեպի Իրան։ Այդ նախագիծը պետք է ավարտին հասցված լիներ դեռևս 2019-ի ձմռանը, բայց առ այսօր այն պատրաստ չէ։ Կարելի է ասել, որ դրա աշխատանքների նույնիսկ կեսն իրականացված չէ։ Պարզապես հիշեցնեմ, որ ընդամենն այս տարվա ամռանը ՏԿԵ նախարարության՝ էներգետիկայի գծով պատասխանատու փոխնախարարը հայտարարել էր, որ 2021 թվականի ավարտին նախագիծն արդեն հանձնված է լինելու։ Բայց դեկտեմբերի վերջին նույն նախարարության նույն պաշտոնատար անձը հայտարարեց 2022 թվականին հանձնելու մասին։ Սա իրականում ռիսկոգեն է Հայաստանի արտահանման ռազմավարության համար այն առումով, որ մենք տեսնում ենք, որ Իրանում էապես ակտիվանում են արտաքին խաղացողները, մասնավորապես, Ադրբեջանը, որի հետ ընդամենը վերջերս Իրանը պայմանագիր կնքեց էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացնելու և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգետիկ փոխադարձ հոսքեր իրականացնելու մասին։ Սա ըստ էության Հայաստանը դուրս է մղում հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքից։ Եվ այն, մեծ հավանականությամբ, ինչպես և տրանսպորտային ոլորտում, անցնելու է արդեն Ադրբեջանի տարածքով։
Այսինքն՝ այն ամենը, ինչը մեզ ներկայացվում է որպես ապաշրջափակում, իրականում տանում է ավելի իզոլյացիայի, տվյալ դեպքում էլեկտրաէներգետիկ համակարգում։ Ես էլ չեմ խոսում Իրանում թուրքմենական էլեկտրաէներգիայի արտահանման ակտիվացման մասին և այլն։ Ինչ վերաբերում է վրացական ուղղությանը, ապա այստեղ ևս նույն հյուսիս-հարավի շրջանակներում ունենք նախագիծ, որը պետք է ավելացներ փոխադարձ հոսքերը համապատասխան ենթակառուցվածքների կառուցմամբ, բայց գիտենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից ի վեր հայտարարվեց, որ Հայաստան-Վրաստան վարձրավոլտ օդային գծի նախագիծը պետք է վերանայվի։ Այսօր այդ նախագիծը դեռևս գտնվում է թղթաբանական փուլում։
Lragir.am